Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՃԱՐԻ ԹՌԻՉՔԸ» ԴԵՊԻ «ԴԺՈԽՔԻ ՃԱՄՓԱ»

Սեպտեմբեր 02,2010 00:00

Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տան դահլիճի վատթար վիճակի մասին արդեն գրել ենք («Առավոտ», 08.20.2010՝ «Մշակութային օջախը՝ կիսավեր»): Հիշեցնեմ, որ մի քանի տարի առաջ Իջեւանի «ԻՇԿ» ընկերությունը մշակութային այս օջախի նորոգումը կիսատ-պռատ է կատարել եւ բազում թերություններով:
Նորոգումից հետո պատերին եւ հատակին բազմաթիվ ճեղքերով, սակայն հանդիսատեսներով լի դահլիճում օգոստոսի 26-ին ներկայացվեց Ալեքսանդր Հովսեփյանի «Հանճարի թռիչքը» երկու գործողությամբ կատակերգությունը: Էպիզոդներից մեկում գլխավոր հերոս, բանաստեղծ Արեն Չարյանի դերակատար Մհեր Գիշյանը ցատկեց-ընկավ դահլիճ: Այստեղ նա հայացք գցելով արհեստական գորգով պատված հատակի գլխավոր անցուղու երկար, խոր ճեղքերին՝ հռետորական հարց տվեց. «Որտե՞ղ եմ ես, արդյոք սա դժոխքի ճամփա՞ն չէ»:
Դերասաններ Մհեր եւ Մխիթար Գիշյանների, Նաիրա Աբրահամյանի, Հրանտ Մարգարյանի խաղը համոզիչ էր, բնական ու ներկայացման ավարտին թատերասերները ծափահարություններով ողջունեցին թատերախմբին: Արդեն կուլիսներում Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը շնորհավորեց նրանց: Նոյեմբերյանի ժողթատրոնի բեմադրությունը կայացել էր քաղաքապետարանի աջակցությամբ: Քաղաքապետարանի կողմից աջակցություն է նաեւ այն, որ թատրոնի ռեժիսորը եւ մեկ դերասան ընդգրկված են քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող մշակույթի տան աշխատակազմում: Ռեժիսոր Սամվել Բեգլարյանն ավելին էր ակնկալում՝ որ դերասաններից եւս մի քանիսը հաստիք կունենան՝ կվարձատրվեն: Քաղաքապետի խոսքով, սակայն, համայնքապետարանի ֆինանսական հնարավորությունները սուղ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել