Սեւ ծովի վրացական ափ հանգստանալու մեկնած ՀՀ քաղաքացիները վճարում են որակի եւ մատչելիության համար, ստանում՝ անորակություն եւ հոգսեր:
Տարբեր ուղղություններով հանգստի ուղեգրեր առաջարկող տուրիստական գործակալություններն ամեն ինչ անում են՝ ամառվա երեք ամիսների ընթացքում որքան հնարավոր է շատ գումար վաստակելու համար: Իսկ շատ փող վաստակելու ամենալավ տարբերակը առաջարկվող ուղեգրում նախատեսվող հանգստի պայմանները իդեալական ներկայացնելն է. սկսած հյուրանոցային համարներից մինչեւ սնունդն ու էքսկուրսիաները: Մի խոսքով, անմոռանալի ու շատ հաճելի հանգստյան օրեր ապահովելու խոստումներ, որոնք, սակայն, անմիջապես հօդս են ցնդում՝ տեղ հասնելուն պես:
Տիկին Անուշն իր ընտանիքով LaRose տուրիստական գործակալության ուղեգրով յոթ օր հանգստանալու էր մեկնել Սեւ ծովի վրացական ափ՝ Քոբուլեթի: Նախապես լյուքս համարներ էր պատվիրել, որպեսզի ամեն հարմարություն լինի հանգիստը լիարժեք կազմակերպելու եւ վայելելու համար: Սակայն Քոբուլեթի ժամանելու առաջին իսկ օրվանից հասկացել են, որ նման պայմաններում պետք է մոռանալ իրենց պատկերացրած-երազած հանգստի մասին: «Նախ` լյուքս կոչվող համարը միայն անունով էր լյուքս: Նույնիսկ սովորական հասարակ սենյակի հարմարություն չկար: Շոգ եղանակին անգամ կոնդիցիոներ չկար: Անմիջապես պատուհանի տակ գոմ կար, կով էին պահում, ամբողջ օրը էդ հոտն էինք շնչում, սննդի մասին չեմ էլ ուզում խոսել»-, ասում է զրուցակիցս:
Հյուրանոցային պայմաններից դժգոհ էին գրեթե բոլոր զբոսաշրջիկները: Նեղ ու փոքր սենյակում միանգամից երեք զբոսաշրջիկ-հանգստացող են տեղավորել: Շատերի համար էլ դժգոհության ամենամեծ առիթը հյուրանոցի ճաշարանում մատուցվող սնունդն էր, որը նույնպես ընդգրկված էր ուղեգրում: Հյուրընկալվածներից ոմանք օրական երեք անգամվա սննդի համար վճարել էին, բայց չէին օգտվում ճաշարանից եւ կրկնակի ծախս էին անում՝ դրսից սնունդ գնելով: Կարինեն Enjoy տուրիստական գործակալության ուղեգրով է եկել Քոբուլեթի եւ ԼaRose-ի հաճախորդների պես դժգոհ է մնացել հյուրընկալող «Սպիտակ առագաստ» հյուրանոցից. «Գործակալությունում մեզ լրիվ այլ պայմաններ էին ներկայացրել, չէինք էլ մտածում, որ նման անհարմար ու անտանելի պայմաններում կտեղավորեն: Ջուրն էլ ենք առնում, ծորակից տաք ջուր է գալիս, օրական մի քանի շիշ սառը ջուր ենք առնում խմելու համար: Բացի այդ՝ աղջիկս ճաշարանի ուտելիքից չի օգտվում, ստիպված ամեն օր ուտելիք ենք առնում դրսից, մեզ վրա շատ մեծ ծախս է նստել: Իննսունհինգ հազար դրամ յուրաքանչյուրի համար տվել ենք, ուղեգիր վերցրել, կողմնակի էլ էսքան ծախս ենք անում: Փոշմանեցինք, որ տուրիստականով եկանք, ավելի ճիշտ կլիներ առանձին տուն վարձեինք՝ ե՛ւ էժան, ե՛ւ հարմար կլիներ: Օրերն ենք հաշվում հետ գնանք, մե՛կ գալուց ուրախացանք, մե՛կ էլ գնալուց կուրախանանք»:
Իսկ տուրիստական այս գործակալությունները, անկախ տուրիստների դժգոհություններից, շարունակում էին նոր խմբեր բերել Քոբուլեթի: Ալլան իր քրոջ հետ է եկել: Շատ երկրներում է եղել, տարբեր հանգստյան գոտիներում արձակուրդն անցկացրել, բայց ոչ մի անգամ նման վատ պայմանների չի հանդիպել: «Սավաններից ու սրբիչներից վատ հոտ էր գալիս ու օգտագործման համար ուղղակի պիտանի չէին: Հյուրանոցի աշխատողներն էլ սպասարկել չգիտեն, մի անգամ չեն եկել մաքրել սենյակը կամ միջանցքը, պարտադիր պիտի կանչես, որ գան մաքրեն, բայց դե նորմալ մաքրություն չեն էլ կարողանում անել, ստիպված մենք ենք փոշիները մաքրում, հավաքում: Ուտելիքի համար չեմ վճարել, նախապես իմացել էի, որ այստեղի ուտելիքը լավը չի եւ հրաժարվել էինք: Դրսից ենք առնում, բերում տեղում պատրաստում: Յոթ օրում ուտելիքի համար ծախսել ենք ընդամենը տասներկու հազար դրամ, իսկ ուղեգրում ուտելիքի համար պիտի վճարեի քսանչորս հազար դրամ»,- նշում է զրուցակիցս:
Ծովափնյա Քոբուլեթիում հանգստացողների մեծ մասը հայեր էին, ովքեր տեղավորվել էին ինչպես հյուրանոցներում, այնպես էլ անհատական տներում: Նրանց զրույցների ու քննարկումների հիմքում հիմնականում Հայաստան-Վրաստան տարբերությունն է: Կարծիքներն ու տեսակետները հաճախ են համընկնում. «Վրաստանում ավելի լավ են ապրում, քան Հայաստանում: Այստեղ լինելուս տասնհինգ օրն էլ է բավական, որ այդ հսկայական տարբերությունը նկատվի: Միայն մի փոքր օրինակ կբերեմ, արդեն ամեն ինչ պարզ կլինի: Ես չէի պլանավորել ընտանիքով գալ այստեղ հանգստանալու, բայց երբ համեմատեցի Հայաստանի հանգստյան գոտիներում հանգստանալու ծախսն ու այստեղինը՝ ընտրեցի Վրաստանը: Մեկ օր Սեւան գնացի՝ գրպաններս դատարկ հետ եկա: Էնտեղ ամեն ինչի համար փող են վերցնում, նույնիսկ ափին պառկելու համար: Իսկ էստեղ՝ ինչքան տարածք ուզում ես զբաղեցրու, ոչ մեկը չի գալիս ասում, թե տասը հազար դրամ փող տուր իմ տարածքի համար եւ այլն: Եթե Սեւանում մատչելի գներ լինեին, շատերը նույնիսկ այսքան ճանապարհ չէին կտրի-անցնի ու էստեղ ծախսած գումարն էլ Հայաստանում կծախսեինք, ոչ թե բերեինք վրացիներին հարստացնեինք: Հայաստանի փողերը գալիս են Վրաստան, ամեն տարի էս սեզոնին հազարավոր հայեր են հանգստանում, միլիոնավոր գումարներ են ծախսվում այստեղ: Մարդիկ էստեղ են գալիս հիմնականում էժան ու մատչելի պայմանների համար: Հայաստանում պիտի էս ամենը հաշվի առնվի, եւ հանգստյան գոտիների գները մատչելի լինեն, այլապես մյուս տարի էլ, էն մյուս տարի էլ հայերի փողերի հոսքը դեպի Վրաստան կշարունակվի»,- մեզ հետ կիսվում է հինգ հոգանոց ընտանիքով Վրաստանում հանգստանալու եկած Աշոտը:
Իսկ տիկին Նելլին, նրա ընկերներն ու ընկերուհիները Քոբուլեթիում էին ընտանիքներով՝ երեխաները ներառյալ եւ մի 25-30 հոգի կլինեին: Նրանք գոհ էին իրենց ընդունած հյուրանոցի սեփականատեր տիկին Մանանայից, բայց պարզվեց, որ նրանց էլ են խաբել հայկական տուրգործակալությունները: 25-30 հոգանոց խումբը հասել է Քոբուլեթիի նախապես պատվիրված հյուրանոց ու պարզել, որ իրենց սպասում են միայն հաջորդ օրը: Մանանան փորձել է հեռախոսով կապվել հայաստանցի գործընկերոջ հետ՝ չի հաջողել, բայց հյուրերին փողոցում չի թողել: Սեփական միջոցներով նրանց մեկ օրով տեղավորել է տարբեր հյուրանոցներում, անգամ տաքսու համար է վճարել, իսկ հաջորդ օրը սիրալիր ընդունել իր հյուրանոցի հարկի տակ: Տիկին Նելլին չասաց իրեն խաբած տուրգործակալության եւ դրա ղեկավարի անունը: Ասաց՝ որ ի՞նչ: Նա հաստատ որոշել է, որ Երեւանում չի էլ փորձելու տուրգործակալությունից բացատրություն պահանջել: Նելլին կապեր է հաստատել իրեն ջերմ ընդունած աջար թե վրացի Մանանայի հետ: Ասաց՝ որ մշտապես կապի մեջ կլինի ու սրանից հետո թե իր, թե իր ընկերների, հարազատների ու բարեկամների համար միանգամից Մանանայի հետ կպայմանավորվի հանգստի ժամկետների, գնի ու մնացածի մասին: «Ինձ ճիշտ հասկացեք: Ես հայ եմ, Հայաստանի քաղաքացի եմ, կուզեմ, որ մեզ մոտ էլ զբոսաշրջությունը զարգանա՝ ոչ միայն թղթի վրա: Պատրաստ եմ Հայաստանում հանգստանալով՝ իմ ներդրումը ունենալ այդ գործում, բայց չեմ ուզում նորից խաբվել, մեր տուրգործակալությունների հետ գործ ունենալ չեմ ուզում»: