Չնայած մարզպետարանի առողջապահության վարչության պետը վստահ է, որ շուտով շատերը երազելու են Շիրակում աշխատելու մասին:
Ի հեճուկս հաճախակի հնչող հրապարակային քննադատություններին՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանն ու մի շարք հիվանդանոցների տնօրեններ դժգոհ չեն իրենց մատուցած ծառայություններից: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն կարելի էր ստանալ նախորդ օրը վարչության պետի հրավիրած մամուլի ասուլիսից: Վերջինս լրագրողներին հրավիրել էր՝ տեղեկացնելու, որ մի քանի օրից ԱՄՆ-ից Շիրակի մարզի գյուղական համայնքներ ակնաբույժ, թերապեւտ, ատամնաբույժ ու դեղագետ են ժամանելու՝ «բաց դռների» օր կազմակերպելու, անվճար բժշկական օգնություն ցույց տալու համար: Վարչության պետը այս մասին խոսում էր մեծ ոգեւորությամբ, ուստի լրագրողները հետաքրքրվեցին, թե Շիրակում չկա՞ն արդյոք, համապատասխան մասնագետներ, որ իրենք դրսից են հրավիրում, որին նա պատասխանեց. «Ոչ, դրա իմաստը ձեր ասածը չէ, «բաց դռների» հիմնական իմաստն էն է, որ բացի նրանից, որ մեր ժողովուրդը ստանում է խորհրդատվություն եկած բժիշկների կողմից, նաեւ դա նպաստում է մեր տեղի բժիշկների շփմանը այդ բժիշկների հետ, մասնագիտություններ կան, որ մենք չունենք, որ մի քիչ կաղում ենք»:
Այն հարցին, թե ինչո՞ւ մասնագետներ չունի հանրապետության 2-րդ քաղաքը, ինչո՞ւ են գյումրեցիները շատ դեպքերում որակյալ բուժօգնություն ստանալու համար շարունակում գնալ Երեւան, առողջապահության վարչության պետը պատասխանեց, որ այդ խնդիրն առկա է բոլոր մարզերում: Պարոն Ղազարյանի խոսքերով, առողջապահության նախարարությունը 2011 թվականից Երեւանից որոշակի մասնագետներ կուղարկի մարզեր՝ ժամանակավորապես աշխատելու, մինչեւ որ կլուծվի տեղացի երիտասարդ կադրերի վերապատրաստման հարցը:
«Առավոտը» վարչության պետից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է վստահ, որ որակյալ մասնագետները Երեւանից կգան Գյումրի, նա պատասխանեց. «Ձեր հարցին պատասխանեմ կոնկրետ օրինակով, մենք պայմանավորվածություն ունենք նեյրովիրաբույժ Եղունյանի հետ, մեր համաքաղաքացին է, որը մյուս ամսվանից կաշխատի նաեւ մեր քաղաքում: Պայմանավորվածություն ունենք դիմածնոտային ամբիոնի հետ, այդ մասնագետների պակասը մեր քաղաքում ամենացավոտ խնդիրներից մեկն է, նրանք պետք է գան մեզ մոտ, իրենց ինստիտուտը հիմնեն եւ կազմակերպեն իրենց աշխատանքը Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բազայի վրա: Մասնագետների պակասն իր լուծումը կստանա 2012-ին, երբ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի հարեւանությամբ շահագործման կհանձնվի նորակառույց բժշկական կենտրոնը: Որովհետեւ դա լինելու է էնպիսի շինություն, բարձրակարգ սարքավորումներով հագեցած, որ Երեւանից ցանկացած որակյալ մասնագետ կերազի գալ շաբաթվա կեսը այստեղ աշխատել, ոնց որ հիմա Երեւանից շատ-շատ մասնագետներ բանակցություններ են տանում, որ գան աշխատեն Աշոցքի բժշկական կենտրոնում, որովհետեւ այնտեղ կան բոլոր հարմարությունները: Իսկ մեր հիվանդանոցների մինուսն էն է, որ երկրաշարժից հետո, բացի մանկական Ավստրիական հիվանդանոցից, մյուսների շենքերը հարմարեցված են, էնտեղ աշխատելը դժվար է, նույնիսկ վերելակ չկա ծանր հիվանդներին վերեւ հանելու համար, վերցնում «նասիլկով» բարձրացնում ենք 2-3-րդ հարկ»:
Մեր զրույցի վերջում, Ս. Ղազարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքանո՞վ են իրական մարզում տարածված այն խոսակցությունները, թե նորանշանակ մարզպետը պատրաստվում է պաշտոնանկ անել իրեն: «Ես, ինչպես տեսնում եք, հիմա աշխատում եմ, ես այդ խոսակցությունները ընդհանրապես չեմ լսել, չգիտեմ, բայց կյանքում ամեն ինչ հնարավոր է, ոչ բացառում եմ, ոչ էլ տեղյակ եմ»,- ասում է նա: