Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 02,2010 00:00

\"\"Քանի որ շոգ է եւ չեն պահպանվում սննդի անվտանգության կանոնները

Վերջին 1 ամսվա ընթացքում աղիքային վարակ ախտորոշմամբ հիվանդների թիվը ավելացել է: Շատերի կարծիքով, մարդկանց աղիքային պրոբլեմները կապված են օգտագործված սննդամթերքի հետ: Սակայն հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն այդ կարծիքին չէ: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ աղիքային վարակները պարտադիր չէ, որ միայն սննդի միջոցով մարդու օրգանիզմ մուտք գործեն. «Հիվանդներ ունենք, որոնք մեզ մոտ են եկել հանգստանալուց հետո՝ ծովափնյա քաղաքներից, դժվար թե սննդի հետ կապված լինի նրանց վարակը: Եկեք իրար հետ հաշվենք. 1 քաղաքացին 1 օրվա ընթացքում ուտում է 5-14 տեսակի սնունդ՝ առավոտից մինչեւ երեկո, նախաճաշին, ճաշին, ընթրիքին,   կամ էլ խմում է ջուր, հյութ, այստեղ շատ դժվար է որոշել, թե մարդու վրա ո՞ր սննդամթերքը վատ անդրադարձավ՝ ձո՞ւն, պոմիդո՞րը, թե՞ ձմերուկը: Ի դեպ, թունավորման դեպքերը հիմնականում վերագրում են ձմերուկին, քանի որ գրեթե բոլորն էլ երեկոյան ձմերուկ են ուտում: Ինձ համար սա անհասկանալի է: Ինչո՞ւ են հայերը ձմերուկի դեմ պատերազմ հայտարարել: Այս շոգ եղանակին ավելի վտանգավոր են ձուն, կաթնամթերքը, ձկնամթերքը, հավամթերքը, որոնք շատ շուտ են փչանում»: Ըստ նրա, մարդկանց թունավորումների պատճառ են դառնում հիմնականում այն սննդամթերքները, որոնք վաճառվում են փողոցներում. «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ մաքսիմալ զերծ մնալ փողոցում վաճառվող ապրանքներ գնելուց: Ցանկացած սննդամթերք արեւի ճառագայթների տակ, ինչքան էլ փորձեն այն պաշտպանել, առաջին հերթին կորցնում է իր որակը, եթե չի նեխում, ապա փչանում է՝ դառնալով թույն: Բացի այդ, փողոցներով 1 օրում հազարավոր ավտոմեքենաներ են անցնում, որոնց վառելիքի այրումից դուրս են գալիս ծանր մետաղներ, որոնք թունավոր են եւ նստում են փողոցներում վաճառվող սննդամթերքի վրա: Այսպիսի թունավորումները  երեւում են ոչ թե 1 օրում կամ 1 ամսում, այլ տարիներ հետո: Սա էլ ապացուցում է, որ փողոցային առեւտուրը բոլորովին էլ էժան չէ, այլ՝ ընդհակառակը. մարդիկ ստիպված են լինում տարիներով եւ շատ թանկ բուժում անցնել՝ ոչ նորմալ սնունդ օգտագործելու հետեւանքները վերացնելու համար: Այս եղանակին պետք է խուսափել նաեւ բացօթյա տեղերում հաց ուտելուց, իսկ խանութներից գնումներ անելիս էլ, անպայման ուշադիր հետեւեն պիտանելիության ժամկետներին եւ միայն պիտանի սննդամթերք գնեն: Եթե որեւէ ապրանքի վրա այդ մակնշումը չկա, մի գնեք: Բացի այդ, քանի որ այս սեզոնին հիմնականում օգտագործվում է պտուղբանջարեղեն, խորհուրդ եմ տալիս՝ դրանք հոսող ջրի տակ լավ լվանալ, այլ ոչ թե ինչ-որ ամանի մեջ»:
Խանութներում եւ հանրային սնունդ մատակարարող օբյեկտներում սննդի պահպանման խնդիրներին անդրադառնալով՝ նա ասաց. «Եթե դրսում, ասենք, 40 աստիճան շոգ է, ապա պետք է ընդամենը 30 կգ միս տեղավորեն իրենց սառնարանում, բայց գնացեք-տեսեք, ցանկացած ռեստորանի կամ խանութի սառնարաններում 30 կգ-ի փոխարեն 60 կգ-ից ավելի միս ու այլ սննդամթերք է լցրած: Ես կարծում եմ, որ այս ոլորտում վերահսկողությունը պետք է ավելի խիստ լինի, որպեսզի օրերս «Գեղամա» ռեստորանի զանգվածային թունավորման նման, հարսն ու փեսան իրենց հարսանյաց գիշերը վերակենդանացման բաժնում չանցկացնեն»:
Բացի վերը թվարկվածներից, ըստ գլխավոր վարակաբանի, կա նաեւ մեկ այլ խնդիր՝ մեր բնակչիները մեծ մասամբ ուշադրություն չեն դարձնում աղիքային խնդիրներին, եթե 1-2 օր փորլուծություն, փսխումներ, անգամ դրան զուգահեռ ջերմություն են ունենում, չեն դիմում բժշկի, մինչեւ այդ ամենը չի տեւում մի քանի օր եւ չի բարդանում. «Պատկերացրեք, մեզ մոտ հիվանդներ են գալիս, որ մի քանի օր ջերմություն են ունեցել, գլխացավ, անընդհատ փսխել են, բայց, չգիտես ինչու, ամաչում են նշել, որ փորլուծություն էլ են ունեցել: Ամոթ բան չկա այդտեղ, լուծն էլ է հիվանդություն»:
Մեր այն հարցին, թե քանի՞ հիվանդ է վերջին մի քանի օրերին նման գանգատներով դիմել իրենց՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, Ա. Ասոյանը պատասխանեց. «Օգոստոսի 30-ին 159 հիվանդ է եղել, ընդունվել է 26-ը, դուրս է գրվել 24-ը, իսկ օգոստոսի 31-ին՝ 157 հիվանդ, ընդունվել է 18-ը, դուրս է գրվել 24-ը: Սրանք մտահոգիչ թվեր չեն: Եթե տագնապալի լինի, ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետները այդ մասին կահազանգեն Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը: Բացի այդ, տեսչությանը տեղյակ ենք պահում նաեւ այն դեպքում, երբ մեկ օրվա ընթացքում մեկ հասցեից, ասենք որեւէ փողոցից, 3-ից ավելի հիվանդ է տեղափոխվում մեզ մոտ, քանի որ մենք ենթադրում ենք, որ այդ տեղում որեւէ խնդիր կա: Նշեմ նաեւ, որ աղիքային հիվանդությունները գլուխ են բարձրացնում հիմնականում շոգ ամիսներին: Այս առումով ամենախաղաղ ամիսները սեպտեմբերն ու հոկտեմբերն են, երբ մենք ընդունում ենք օրական 10-15 հիվանդ»:
Այն հարցին էլ, թե ինչո՞ւ բոլոր թունավորվածներին՝ աղիքային վարակ կրողներին, միշտ չեն տեղափոխում իրենց՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այլ պահում են, ասենք, առաջին հիվանդանոցում՝ դրանով վնաս հասցնելով նաեւ վարակ կրողի պալատակիցներին, պարոն Ասոյանը պատասխանեց. «Իրենցից հարցրեք: Բայց ես նշեմ, որ մեր հիվանդանոցը դեռ հնուց անվանում են «սուր վարակիչ», սակայն հիվանդանոցն ինքնին չի կարող լինել սուր վարակիչ: Միգուցե կան մարդիկ եւ բժիշկներ, որոնք նախընտրում են այլ հիվանդանոցներում պահել աղիքային խնդիրներ ունեցող իրենց հիվանդին, սակայն ասեմ, որ հենց այդպես այդ հիվանդանոցները դառնում են վարակի տարածման աղբյուր: Մենք գոնե գիտենք, որ մեզ մոտ գալիս են հիվանդներ, որոնք ինչ-որ չափով վտանգ են ներկայացնում ուրիշների համար, ելնելով դրանից՝ մենք օրական 3 անգամ հատուկ նյութերով մաքրում ենք մեր հիվանդասենյակները: Ես ունեմ ընտանիք՝ երեխաներ եւ թոռներ, փառք Աստծո, նրանք առողջ են, եթե մեր հիվանդանոցը լիներ սուր վարակիչ, մեր ընտանիքի անդամներն էլ հիվանդ կլինեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել