Տարեցտարի Ռուսաստանում գործ գտնելը բարդանում է
«Եթե նախկինում հայը գոնե էշի չարքաշ աշխատանք գտնելու խնդիր չուներ, հիմա այդ տեսակի գործ գտնելն էլ է բարդացել: Գործազուրկներն այնքան են շատացել, որ ռուսը նախընտրում է իր տգետ կադրերին, քան թե մշտապես էժան աշխատուժ համարվող հայերին»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ռուսաստանի Տառուսա քաղաք մեկնած աշխատանքային միգրանտ Վալեր Թամրազյանը: Նրա խոսքերով՝ Տառուսայի հայ համայնքի բնակիչները, որոնց բախտ էր վիճակվել Մոսկվայում պահակի կամ հավաքարարի գործ գտնել, կամաց-կամաց Տառուսա են վերադառնում:
ՌԴ մեկնած խոպանչիներին մտահոգում է նաեւ այն, որ Մոսկվան տարեցտարի կրճատում է օտարերկրյա աշխատուժի քվոտաները: «Լսում ենք ու սարսափում, շատերը Հայաստանում տուն ու տեղ վաճառել՝ փախել են Ռուսաստան, բա որ էստեղից էլ հայերին քշեն, էլ տեղ չմնաց, ո՞ւր են գնալու»,- հարցնում էր Վալերը:
Lenta. ru-ի հաղորդմամբ, Մոսկվայի աշխատանքի եւ զբաղվածության դեպարտամենտի ղեկավար Օլեգ Նետերբսկին արդեն հայտարարել է 2011-ի օտարերկրյա աշխատուժի քվոտան. այն կկազմի 200 հազար մարդ, ինչը 50 հազար մարդով պակաս է այս տարվա քվոտայից: Անցած տարի էլ օտարերկրյա աշխատուժի քվոտան 392 հազար մարդ է կազմել:
«Առավոտի» հետ զրույցում տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նկատեց, որ եթե նախորդ տարիներին քվոտաների նվազեցումը ճգնաժամի հետ էր պայմանավորված, ապա հիմա էլ դեռ դրա հետեւանքներն են ազդում. «Այո՛, տնտեսական աճ գրանցվում է ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում, բայց ճգնաժամի հետեւանքների դրսեւորումը դեռ շարունակվում է. այնպես չէ, որ Ռուսաստանի տնտեսության բոլոր ոլորտներում բարվոք վիճակ է: Տնտեսության շատ ոլորտներ իրենց ծավալով էապես զիջում են նախաճգնաժամային մակարդակին, մասնավորապես խոսքը հենց այն ոլորտների մասին է, որտեղ հայերն են զբաղված՝ շինարարություն, առեւտուր, սպասարկում»: Հայ աշխատանքային միգրանտներն էլ սկսել են մտահոգվել առաջիկայում Ռուսաստանում աշխատանք չգտնելու խնդրով: Առանց այն էլ, նրանց պատմելով, ամեն տարի գործ գտնելը բարդանում է: Այս առնչությամբ մտավախություն չուներ պարոն Ասատրյանը. «Հաշվի առնենք, որ Ռուսաստանն ունի մոբիլ զարգացող տնտեսություն, բնակչությունն էլ ծերացող է. աշխատուժի պահանջարկը մշտապես աճում է, իսկ աշխատուժի կրճատման միտումները մշտապես առկա են, այսինքն՝ այդ բացը մշտապես լրացվում է միգրացիայի հաշվին, այնպես որ, օտարերկրացի աշխատանքային միգրանտները թող չմտահոգվեն»: Պարոն Ասատրյանը նաեւ նկատեց, որ հայ միգրանտների համար նպաստավոր պայմաններ կան՝ հայ աշխատավորները էժան ու պահանջված աշխատուժ են. «Ռուսաստանում աշխատանքներ կան, որ ավանդաբար միջինասիական հանրապետությունների ներկայացուցիչներն են անում՝ հիմնականում ցածր մակարդակի աշխատանքներ՝ հավաքարարի, բանվորի, պահակի գործերը: Միջին որակավորմամբ հայ միգրանտները եւս իրենց այս ոլորտներում են գտնում, չնայած որ հայ աշխատավորներն ավանդաբար իրենց ոլորտներն ունեն՝ շինարարություն եւ մասնավորապես՝ ճանապարհաշինություն, մեծ է հայերի տեսակարար կշիռը նաեւ սպասարկման եւ առեւտրի ոլորտում»: Lenta. ru-ն նաեւ տեղեկացնում էր, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարվա հունիսի դրությամբ Ռուսաստանի տարածքում հաշվառված ավելի քան 2 միլիոն աշխատանքային միգրանտ է զրկվել աշխատանքից: Պարոն Ասատրյանն էլ հավաստիացրեց, որ խոսքը ոչ թե օտարերկրացիների մասին է, այլ տեղացիների: