Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑ՝ ՍԵՓԱԿԱՆ ՏՆԵՐԻ ՄԵՋ

Սեպտեմբեր 02,2010 00:00

 120 մլն դրամի պատճառով Ամասիայի տարածաշրջանի Արեգնադեմ գյուղի երեխաները զրկված են դպրոցական նորմալ պայմաններում կրթվելու իրավունքից:

\"\"
Նման 3 տնակում են անցնում պարապմունքները:

\"\"
Դպրոցի բեմը, որտեղ չեն դադարում միջոցառումներ կազմակերպել:

\"\"
Չնայած սպորտդահլիճը դրսում է, եւ ցուրտ օրերին ուսուցիչները չգիտեն ինչպես կազմակերպել ֆիզկուլտուրայի պարապմունքները, այդուհանդերձ, Արեգնադեմի դպրոցը հանրապետական բոլոր մրցույթներում առաջին տեղն է զբաղեցնում, որի ապացույցը ուսուցչանոցի պատին փակցված պատվոգրերն են:

Ամեն անգամ մարզխորհրդի նիստերի կամ մամուլի ասուլիսների ժամանակ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները պարծենում են, թե մարզում դպրոցաշինությունը վերջնականապես ավարտված է. չկա այդպիսի մի կրթօջախ, որը նորմալ շենքային պայմաններում չգործի: Մինչդեռ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի՝ Արեգնադեմի դպրոցը տերթոդիկյան ժամանակաշրջանն է հիշեցնում: Ինչպես կատակում են դպրոցի ուսուցիչները. «Գիտե՞ք որն է մեր ու Պերճ Պռոշյանի ժամանակաշրջանի դպրոցների տարբերությունը. մենք գոնե դասերը ծառերի տակ չենք անցկացնում»: Դպրոց, որպես այդպիսին, գոյություն չունի, այն 21 տարի է՝ տեղակայված է միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող երեք սեփական տների մեջ, զուրկ է սանհանգույցից, երեխաները որպես զուգարան «օգտագործում» են դպրոցի մերձակայքը, դասարանները ջեռուցվում են նավթի վառարաններով, նույնիսկ մի քանի անգամ հրդեհ է բռնկվել, իսկ դասասենյակները որքան էլ մաքուր էին, այդուհանդերձ՝ բանտի խցեր էին հիշեցնում: Նկատենք, որ այս ամենով հանդերձ, Արեգնադեմի դպրոցի սաները ԵՊՀ-ից ու Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանից պակաս տեղ չեն ընդունվում:
Դպրոցի տնօրեն Վարազդատ Նիկոլյանի ասելով, 21 տարի է՝ իրենք սպասում են դպրոցի շենքի կառուցմանը: «Մենք դպրոցը ստեղծեցինք 1989թ.-ին (նշենք, որ Արեգնադեմը նախկինում ադրբեջանաբնակ գյուղ է եղել, բնականաբար՝ ադրբեջանական դպրոցով, որի շենքը ժամանակի ընթացքում խարխլվել է- Ն.Ա.), այդ ժամանակ ՀՀԿ շրջկոմը մեզ տրամադրեց այս բնակարանները, որոնք հարմարեցրինք, բայց միշտ ակնկալել ենք, որ հաջորդ ուսումնական տարի կունենանք դպրոցական շենք, եւ նորմալ պայմաններում պարապմունքներ կանցկացնենք: Սակայն, ինչպես ասում են, երազը մնում է երազ, իրականությունը՝ իրականություն, մենք շարունակում ենք մեր գործունեությունը ծավալել նահապետական պայմաններում: Երբ 10-ամյակը լրացավ, մենք ասացինք, որ մեզ հերոսի կոչում պետք է տան, մենք հերոսներ ենք, 20-ամյակին կրկնակի հերոսներ դարձանք»,- ասում է տնօրենը: Նրա ներկայացնելով, քանի որ դասասենյակները երեք տարբեր շենքերի մեջ են, անձրեւների ժամանակ ուսուցիչները ստիպված են դասամատյանները գլխներին պահած մի դասասենյակից մյուսը տեղափոխվել: Տնօրենի խոսքով, դպրոցը բարձրորակ մանկավարժների պակաս չունի, աշխատում են 18 մանկավարժներ, որոնք բոլորն էլ բարձրագույն կրթություն ունեն, գալիս են Ամասիայից, Գյումրիից, միակ խնդիրը տրանսպորտն է. անցյալ տարի կառավարությունը հրաժարվել է երթեւեկող ուսուցիչների հետ պայմանագրեր կնքել ու նրանց տրանսպորտի վարձը փոխանցել: Ըստ Վարազդատ Նիկոլյանի, կրճատվել է նաեւ աշակերտների թիվը. եթե նախկինում 120 աշակերտ են ունեցել, ապա հիմա 66-ն են: Դպրոցում մեծ խնդիր է նաեւ առաջին դասարանցիների թվաքանակը, թե անցած եւ թե այս տարի երկու աշակերտ են ընդունվել, եւ 1-ին դասարանցիները դաս են պարապում 2-րդ դասարանցիների հետ: Սա տնօրենը նորմալ է ընդունում՝ պատճառաբանելով, որ երկկազմ դասարանները նորություն չեն, քանի որ աշխարհի ժամանակակից երկրներում ընդունված ձեւ է: «Մեթոդական հնարներ կան նման պայմաններում աշխատելու, բնական է՝ երկկազմ դասարանում աշխատող ուսուցչի հոգսերն ավելի շատ են, ավելի մեծ աշխատանք ու մեթոդական բարձր պատրաստվածություն է պահանջում, բայց ինչ անենք, այլընտրանք չունենք, պետբյուջեն դժվար թե երկու աշակերտով մի դասարան պահի»,- ասում է պարոն Նիկոլյանը՝ զարմանալով, թե ինչու ճգնաժամը միայն Արեգնադեմի դպրոցի վրա է ազդում:
Հիշեցենեք, որ այս տարվա սկզբին Շիրակում փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի անցկացրած մարզխորհրդի նիստի ժամանակ Արեգնադեմի գյուղապետ Աղունիկ Հազրյանը բարձրաձայնեց գյուղի դպրոցի հարցը, որին ի պատասխան փոխվարչապետը շշպռեց գյուղապետին՝ ասելով, որ ճգնաժամ է, եւ որ հույսեր չփայփայեն դպրոցաշինության համար: Մինչդեռ, թե գյուղապետը, թե դպրոցի տնօրենը կարծում են, որ պետությունը ճիշտ ռազմավարություն պիտի մշակի սահմանամերձ ու հեռավոր գյուղերի համար, չպիտի թույլ տա, որ դրանք դատարկվեն: «Սահմանը մեզանից ընդամենը 11 կմ հեռավորության վրա է, թեեւ մենք սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունենք, եւ պետությունը պիտի ներդրումներ կատարի: Այսպիսի դպրոցական պայմաններում ծնողը բնականաբար պիտի մտածի, որ իր երեխայի կրթությունը պատշաճ ձեւով չի կազմակերպվում, եւ առաջին հնարավորության դեպքում կտեղափոխի Գյումրի: Բայց եթե մենք պետական մտածողություն ունենանք, էս գյուղերում երկկազմ դասարաններ չպիտի ստեղծենք, ճիշտ կլինի թեկուզ երկու աշակերտով դասարան բացել, թեկուզ եւ դպրոցը պահելու համար: Լավ կլինի ուսուցիչների աշխատավարձը ավելացնեն, Գյումրիում աշխատող ուսուցիչները թող ներեն, բայց լեռնային ու բարձրլեռնային վայրերում աշխատող ուսուցիչների աշխատավարձը պիտի տարբերվի»,-առաջարկում է դպրոցի տնօրենը: Արեգնադեմի գյուղապետ Աղունիկ Հազրյանի ասելով էլ, թեեւ գյուղում շատ խնդիրներ կան, բայց գլխավորը դպրոցի շենքի կառուցումն է: «Մեր դպրոցի շենքի կառուցումը պետական ծրագրում ընդգրկվեց միայն 2009թ.-ին եւ անմիջապես հայտարարվեց ճգնաժամային իրավիճակը: Եթե հիմա դուրս ենք եկել ճգնաժամից, միեւնույն է, 2010 թ.-ին էլ մեր դպրոցաշինությունը չի ընդգրկվել պետական ծրագիր, հույսեր կան, խոստումներ, բայց մինչեւ աչքներովս չտեսնենք՝ չենք համոզվի»,- ասում է գյուղապետը՝ տեղեկացնելով, որ նախագծային-նախահաշվային աշխատանքներ երկու անգամ կատարվել են եւ ընդամենը 120 մլն դրամ է պահանջվում դպրոցաշինության համար: «Սա այնքան էլ մեծ գումար չէ, ինձ թվում է, դա մի քանի անգամ զվարճանքներից զրկվելու գումար է»,- ակնարկում է գյուղապետը՝ հավաստիացնելով, որ երիտասարդ ընտանիքներից բաղկացած իրենց համայնքը (453 բնակիչ ունի) պատրաստ է սեփական ներդրումները կատարել. օրինակ՝ սեփական ձեռքերով կառուցել դպրոցը, քարը համայնքից տրամադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել