Ոչ թե «սպանվել է»
«Առավոտ» օրաթերթը 28.08.2010 թ. համարում «Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում ընթացող դատավարությանը: Հոդվածում մեջբերվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի՝ նա իբր նշել է, որ սարսափել է, երբ ոստիկանությունում ոստիկանի ձեռքով մարդ է սպանվել: Իրականում Աշոտ Հարությունյանն իր խոսքում օգտագործել է ոչ թե «սպանվել», այլ «մահացել» բառը. «Եկեք իրականությունը բացահայտենք: Դուք էլ եք սարսափում այն գաղափարից, որ ոնց թե ոստիկանությունում, ոստիկանության ձեռքով մարդ է մահանում»:
Հայտարարությունն ակնհայտորեն զուտ հռետորական է, իսկ «մահանալու» եւ «սպանվելու» սկզբունքային տարբերությունը, կարծում ենք, ապացույցի կարիք չունի, մանավանդ, որ Հարությունյանը մեկ այլ ցուցմունքում, կատարվածը ներկայացնելով ըստ քրեական հետախուզության բաժանմունքի նախկին օպերլիազոր Մորիս Հայրապետյանի պատմածի, նշել է, որ Խալաֆյանը դանակով հարվածել է ինքն իրեն, ինչից հետո ոստիկանները փորձել են խլել դանակը, եւ քաշքշուկի ընթացքում տեղի է ունեցել երկրորդ հարվածը:
Ըստ էության, Աշոտ Հարությունյանի պնդումը հետեւյալն է. ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների պատճառով մարդ է մահացել: Այո՛, մահացել է, բայց ո՛չ՝ «սպանվել», ոստիկանությունում, բայց ո՛չ՝ «ոստիկանի ձեռքով», ինչը հաստատվել է նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ. «Պայմանականորեն համարակալված թիվ 1 վիրավորումը մահվան պատճառի հետ գտնվում է անմիջական պատճառական կապի մեջ եւ բերել է մահվան: Իսկ թիվ 2 վերքը մահվան պատճառի հետ չի գտնվում պատճառական կապի մեջ»: Առաջին՝ մահացու վերքն ունեցել է վերեւից ներքեւ ուղղություն եւ 10-12 սմ խորություն, երկրորդ վերքը ենթամաշկային շրջանում է՝ 3 սմ խորությամբ:
Առաջին վերքն, ըստ ամբաստանյալների (նաեւ՝ նույն Աշոտ Հարությունյանի) ցուցմունքների, ինքն իրեն հասցրել է Խալաֆյանը, երկրորդ (ոչ մահացու) վերքը հասցվել է, երբ ոստիկանները փորձել են խլել դանակը…
Ինչեւէ, համոզված ենք, որ ընթացող դատաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, սակայն ցանկանում ենք նշել, որ դատական նիստում հնչեցված հայտարարության ոչ բառացի մեջբերումը, մասնավորապես՝ «մահացել» բառը «սպանվել»-ով փոխարինելը կարող է հասարակական թյուր կարծիք ձեւավորել կատարվածի վերաբերյալ, ինչը, մեղմ ասած, ցանկալի չէ թե ընթացող դատաքննության օբյեկտիվության ապահովման, թե անկողմնակալ լրատվություն ապահովելու առումով: