Հայ-թուրքական հարաբերությունների մասին ասում է ՀՀ նախկին վարչապետ, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը
Հանգստյան օրերին թուրքական լրատվական գործակալություններն իրազեկեցին, որ պաշտոնական Անկարան դիմել է Վաշինգտոնին, որպեսզի ակտիվ միջնորդական առաքելություն ստանձնի հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Թուրքական կառավարության այս քայլը, այն էլ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման մեկամյակի շեմին, փոքր-ինչ անսպասելի, անհասկանալի, նույնիսկ տարօրինակ է: Մանավանդ, որ արձանագրությունների վավերացման գործընթացը սառեց հենց թուրքական կողմի ջանքերով: Աշխարհաքաղաքական այս իրավիճակում ոչ պակաս հետաքրքիր է նաեւ Թուրքիայի ընտրությունը միջնորդական առաքելության մասով՝ Վաշինգտոնը: Ինչո՞ւ Թուրքիան որոշեց իր ջանքերով սառեցված գործընթացը վերակենդանացնել հիմա եւ ինչո՞ւ հենց Վաշինգտոնի միջնորդությամբ: ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը Թուրքիայի այս պահվածքը որակում է «պրոպագանդիստական»: Թե իրական քաղաքականության մեջ ի՞նչ է շահում մեր հարեւանը նման քայլերով, ՀՀ նախկին արտգործնախարարը դժվարանում է ասել, բայց որ հենց քարոզչական դաշտում շահել եւ շահում է՝ կարծես բանավեճի տեղիք չի տալիս:
Մինչդեռ, ըստ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի, խնդիրը 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո ի հայտ եկած Թուրքիայի հավակնություններում է: Իր աշխարհաքաղաքական ուղեծրի փոփոխության եւ հավակնությունների համատեքստում Թուրքիան պետք է նաեւ համաշխարհային հանրությանն ապացուցի, որ ունակ է խնդիրներ լուծելու, այդ թվում՝ նաեւ տարածաշրջանային մակարդակի: Այս տեսանկյունից, պարոն Հարությունյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները պետք է որ առանձնահատուկ լինեին Թուրքիայի համար, եւ այդ հարաբերությունները բնականոն փուլ տեղափոխելը բխում էր հիմնականում մեր հարեւանի շահերից: Իսկ մենք հակառակի ականատեսը եղանք: Բայց, ըստ նախկին վարչապետի, մեր հարեւանի այդ վարքագիծը մարտավարական բնույթ ունի. «Թուրքիան փորձում էր, այդ թվում նաեւ միջնորդներին եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, ապացուցել կամ հասկացնել, որ այս խնդիրը (հայ-թուրքական հարաբերությունները- Ն. Գ.) կկարգավորվի այն ժամանակ, երբ ինքը կցանկանա, այլ ոչ թե ճնշման տակ: Մանավանդ, որ վերջին տարիների թուրք-ամերիկյան հարաբերությունները անամպ չեն եղել, ավելին, բավականին սրված էին իրաքյան օպերացիաների ժամանակ. Թուրքիան սկսեց ԱՄՆ-ին ցույց տալ, որ ինքը ՆԱՏՕ-ի խելոք, կամակատար երկիրը չէ այլեւս, այլ ունի իր ազգային հետաքրքրություններն ու շահերը ու կգնա դրանց ետեւից՝ անկախ նրանից, թե ԱՄՆ-ն ինչպես է դրան վերաբերվում: Ըստ իս, հենց սա է պատճառը, որ թուրքական իշխանությունները հմտորեն ձախողեցին ՀՀ նախագահից եկող բոլոր նախաձեռնությունները՝ հասնելով գործընթացի սառեցման»: ՀՀ-ի հետ հարաբերությունները Թուրքիայի կողմից «երրորդական» համարելը, ինչպես նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, որոնք հաճախ խրախուսվում էին Թուրքիայի կողմից՝ դառնալով ՀՀ անվտանգության համար նոր սպառնալիք, ըստ Խոսրով Հարությունյանի՝ վերաիմաստավորեցին այն կարծիքը, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը՝ սպառնալիք է մեզ համար: «Կարծում եմ՝ հենց սա է հիմնական պատճառը, որ ՀՀ իշխանությունները հավելյալ հնարավորությունների շուրջ սկսեցին մտորել եւ գործնական քայլերի գնացին»,- նկատի ունենալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման եւ դրանց հավելյալ լիազորությունների տրամադրման մասին համաձայնագիրը՝ ասում է մեր զրուցակիցը: Ըստ նրա, Հայաստանն ի լուր աշխարհի բարձրաձայնեց՝ մենք անկեղծ էինք մեր մղումներում, փորձում էինք մեր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորել, սակայն դա ոչ միայն մեզ չհաջողվեց, այլ նաեւ միջնորդներին, եւ ԱՄՆ-ը, որպես այդ գործընթացի լոկոմոտիվ, ըստ էության, ֆորմալ ստորագրությունից այն կողմ չկարողացավ որեւէ գործնական դերակատարում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այս առումով պարոն Հարությունյանը միանգամայն բացատրելի է համարում ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի մեկնաբանությունները հայ-ռուսական համաձայնագրի վերաբերյալ. «Դրա ենթատեքստում ասվում է, որ հայերը կարող էին եւ իրավունք ունեին մտահոգվելու իրենց անվտանգությամբ. համաձայնագիրը երկկողմ հարաբերությունների ոլորտում է, ուղղված չէ երրորդ անձանց դեմ եւ տարածաշրջանի համար նոր սպառնալիքներ չի ստեղծում: Եվ իրոք, անկեղծ լինենք՝ հաշվի առնենք նոր դերակատարմամբ հանդես եկող Թուրքիան, ռազմատենչ, խաղաղ բանակցային գործընթացն ակնհայտորեն երկրորդական համարող ադրբեջանական տանդեմը ՀՀ-ի համար լուրջ սպառնալիք էր: Հայ-ռուսական որակապես նոր այս պայմանավորվածությունները, փաստորեն, բալանս են վերականգնում եւ ուղղված չեն երրորդ երկրի դեմ: Տարածաշրջանային այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակն ավելի կայուն կլինի, քան պատերազմի ռեալ սպառնալիքը: Այս պայմանագրով տարածաշրջանը զերծ է պահվում 2008-ի որեւէ հնարավոր կրկնությունից»: Խոսրով Հարությունյանը գտնում է, որ աշխարհաքաղաքական խնդիրներում կարեւորը ռազմաբազայի առկայությունն է. մնացյալը երկրորդական է: Չի կարծում նաեւ, որ դա հայաստանյան ներքաղաքական կյանքում կարող է պատուհաս եւ մեր ինքնուրույնության կորստի պատճառ դառնալ: Հակառակը՝ «ռազմաբազայի առկայությունը Թուրքիայի կամ Ադրբեջանի համար նշանակում է բախվել ոչ թե Հայաստանի, այլ ուղղակիորեն Ռուսաստանի հետ. սա այդ դեպքը չէ, որի հետ հաշվի չնստեն»: Ու քանի որ Թուրքիայի «անհեռատեսությունն», ըստ մեր զրուցակցի, Հայաստանին դրդեց ՌԴ-ի հետ որակապես նոր մերձեցման, Թուրքիան հասկանում է, որ հայերը թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման առանձնապես ջատագով չեն կարող լինել. «Մենք այլեւս ամեն ինչ չենք անի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք: Կփորձենք: Բայց ես ենթադրում եմ, որ դա այլեւս չի դառնա մեր արտաքին քաղաքական գերակա խնդիրը: Եվ Թուրքիան հասկացավ, որ տարածաշրջանում իր ազդեցությունն էապես կորցրեց. ահա թե ինչու է դիմում ԱՄՆ-ին՝ եկեք սկսենք նորից: Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ակնկալիքներն ի չիք դարձան»: