Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. ՍԱՖԱՐՅԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է

Սեպտեմբեր 02,2010 00:00

Առաջիկա քաղաքական տարում ավելի ակնհայտ կլինեն այս կամ այն ուժերի տրամադրությունները 2012թ. կայանալիք ընտրություններից առաջ, news.am-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ընդգծել է, թե Հայաստանի քաղաքական ուժերը արդեն ներգրավված են աննախադեպ նախընտրական քարոզարշավում: «Առայժմ վաղ է խոսել նոր ուժերի ստեղծման մասին, քանի որ քաղաքական դաշտը լավ խցանված է: Այլ հարց է, որ քաղաքական աղբարկղը նետված շատ ուժեր կփորձեն ակտիվանալ»,- կանխատեսել է պատգամավորը՝ նշելով, որ այդ ուժերը հիմնականում նրանք են, ովքեր քաղաքական ծաղրածուների կամ գործ տվողների դեր են խաղում, կամ էլ հյուր են մեծ քաղաքականության մեջ:
Նա հնարավոր է համարել հիմնական քաղաքական խաղացողների շարքերում վերադասավորումները ինչպես կառավարող, այնպես էլ ընդդիմադիր դաշտում: «Եթե Հայաստանում արդար խորհրդարանական ընտրություններ կայանան, ԱԺ-ի քաղաքական պատկերը կփոխվի, եւ ներկայիս իշխանամետ ուժերի մի մասը պարզապես չի անցնի խորհրդարան»,- հավաստիացրել է Սաֆարյանը: Փոփոխություններ կանխատեսելով կառավարող կոալիցիայի շարքերում՝ Սաֆարյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններին նրանց միջեւ որոշակի հակասություններ կծագեն վարչական ռեսուրսի օգտագործման ուղղությամբ: Առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն որոշ փոփոխություններ կմտցնի գործընկերների հետ հարաբերություններում: «Ես վստահ եմ, որ 5-րդ գումարման խորհրդարանում «Բարգավաճ Հայաստանն» այլեւս ներկայացված չի լինի նման մեծ կազմով: ՀՀԿ-ն կանի ամեն ինչ, որ կախված չլինի ԲՀԿ-ից»,- նշել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել