Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրությունները «քնած են»

Սեպտեմբեր 02,2010 00:00

Երկու տարբեր կարծիքներ «ֆուտբոլային դիվանագիտության» շուրջ

2009 թվականի օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդեցին, որ կայացած բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են երկու արձանագրություններ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին:
Ու թեեւ արդեն հոկտեմբերին արձանագրությունները ստորագրվեցին, եւ սկիզբ դրվեց դրանց վավերացման գործընթացին, բայց այս տարվա ապրիլին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը:
Հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտություն»  անվանված ակտիվ հարաբերությունների մեկամյա տարեդարձի համատեքստում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Ես կարծում եմ՝ այն հանգամանքը, որ այդ արձանագրությունները հիմա գտնվում են «քնած» վիճակում, պայմանավորված է առաջին հերթին Թուրքիայի քաղաքականությամբ, Թուրքիայի մոտեցումով, որը փորձեց կապել հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցի կարգավորման հետ: Եվ եթե մոտ ապագայում Թուրքիան փոխի իր այդ մոտեցումը, կարծում եմ, նորից մենք ականատես կլինենք հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու փորձերին: Եթե Թուրքիան այդ վերաիմաստավորումը չկատարի իր քաղաքականության մեջ, համոզված եմ, որ ոչ մի զարգացում տեղի չի ունենա»:
Նույն խնդրին անդրադառնալով՝ հակառակ ակնկալիքներն ունի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Մուրադ Մերջանը: News.am-ի մատուցմամբ, Մուրադ Մերջանը կարծիք է հայտնել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որ հայտնի էր «ֆուտբոլային դիվանագիտություն» անունով, մոռացության չի մատնվել: «Ամեն ինչ կախված է Հայաստանի կողմից Թուրքիայի հնչեցրած պայմանների կատարումից: Եթե այդ պայմանները իրականացվեն, բնականաբար, Թուրքիան կվերադառնա հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: Առաջին հերթին դա վերաբերում է օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրմանը»,- նկատել է  թուրք պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել