Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՏՎԻԱ. ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԵՑ ՏԱՐԻ ԱՆՑ

Սեպտեմբեր 02,2010 00:00

\"\"Եկեք այստեղ՝ եթե հոգնել եք Սեւանից ու քյաբաբից. կեսկատակ կոչ են անում Սեյմի պատգամավորները

Շուրջ կես տարվա քննարկումներից հետո՝ այս տարվա հունիսի 1-ից Լատվիայում ուժի մեջ է մտել օրենքը, ըստ որի՝ արտասահմանցի ներդրողները եւ նրանց ընտանիքի անդամները Լատվիայում ստանում են կեցության կարգավիճակ եւ Շենգենի վիզա: Բայց դեպի Եվրոպա պատուհան բացելու այս հնարավորությունն այնքան էլ դյուրին չէ: Բավական մեծ չափի ներդրումներ պիտի արվեն, գրասենյակի աշխատակիցների մեծամասնությունն էլ՝ մոտավորապես 5-ից 3-ը, պետք է լինեն Լատվիայի քաղաքացիներ: Հոկտեմբերի 2-ին Լատվիայում խորհրդարանական ընտրություններ են, եւ լատվիացի պատգամավորները, որոնց հետ երեկ հանդիպեցին Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի ծրագրով Մերձբալթիկա ժամանած լրագրողները՝ հույս հայտնեցին, որ ընտրություններից հետո պահանջվող ներդրումների չափերը կնվազեցվեն, եւ ավելի լայն կբացվեն այս դռները:
Ակնհայտ է՝ այս միջոցով երկիրը փորձում է ներդրումներ ներգրավել ու լուծել գործազրկության խնդիրը: Լատվիայում գործազրկության մակարդակը պաշտոնական տվյալներով կազմում է 20%: Եվ «Baltic news service»-ի հասարակական քաղաքական լրատվության բաժնի գլխավոր խմբագիր Գաթիս Մաջինշը հանդիպման ընթացքում արձանագրեց՝ Լատվիան ճգնաժամից ամենաշատն է տուժել, եւ ասել, թե սա ուղղակի աղմկահարույց տվյալ է՝ նշանակում է չասել ոչինչ: Լատվիայում մարդ չկա, որը չի տուժել ճգնաժամից, խնդիրը միայն այն է, թե որքանով է տուժել՝ մեկից տունը վերցրին, մյուսի աշխատավարձը պակասեց: Շուրջ 30%-ով աշխատատեղեր կրճատվեցին: Այդ պատճառով շատերը հեռացան: «Իմ լավ 3 ընկերներից բոլոր 3-ը հեռացել են»,- ասում է Գաթիս Մաջինշը, ըստ որի՝ իրավիճակի ծանրությունն ամբողջությամբ ճաշակեցին նաեւ լրատվամիջոցները: Իրոք, եթե մի քանի տարի առաջ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նույն լրատվական գործակալության Վիլնյուսի գրասենյակի ներկայացուցիչները մտահոգությամբ էին արձանագրում, որ սկանդինավյան կոնցեռները դառնում են տեղական լրատվամիջոցների սեփականատեր՝ երեկ Ռիգայի նրանց գործընկերը՝ գրասենյակի գործադիր տնօրեն Սիգիթա Կիրիլկան ուրախությամբ նշեց նույն փաստը՝ նկատի առնելով, որ ԶԼՄ-ներն էլ են աղքատացել ճգնաժամի հետեւանքով:
Մեր զրուցակիցների պատմածով՝ ուրվագծվեց մեզ բավական ծանոթ իրավիճակ՝ ԶԼՄ-ները պատկանում են օլիգարխներին, արտահայտում են այս կամ այն քաղաքական կամ տնտեսական խմբավորման շահերը, բոլորը կանխակալ են, բոլորի տպաքանակն էլ, որ համենայնդեպս՝ Հայաստանի համեմատ էլի շատ բարձր է՝ մոտ 50 հազար օրինակ, այժմ պակասել է: Եվ ընդհանրապես, BNS լրագրողները պնդում են, թե դժվար է Լատվիայում խոսել անկախ մամուլի մասին՝ ավանդական պատկերացումներով:
Հայ իրականությանը նման այս պատկերը բնական հարց է առաջացնում՝ բայց չէ՞ որ Լատվիան, ի տարբերություն մեզ՝ Եվրոպական միության անդամ է: 1991-ին իր անկախության վերականգնումից հետո Լատվիան ցանկություն հայտնեց վերադառնալ եվրոպական երկրների ընտանիք: Եվ բավական տեւական բանակցությունների եւ ոչ դյուրին գործընթացի հետեւանքով՝ 2004-ի մայիսի 1- ին ի վերջո դարձավ ԵՄ անդամ: Մեր զրուցակիցների ներկայացմամբ՝ սկզբնապես ԵՄ-ի հետ կապվող հույսերն ավելի շատ էին, այն ընկալվում էր իբրեւ յուրօրինակ կախարդական փայտիկ: Բայց հետո ակնհայտ դարձավ, որ շենգենյան գոտում տեղաշարժի ազատությունից եւ օրենսդրական բարեփոխումներից զատ՝ անդամակցությունն այնքան էլ չի անդրադառնում մարդկանց առօրեական կյանքի վրա: «Մարդկանց, որոնց չեն հերիքում աշխատավարձերն ու թոշակները, այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Եվրամիությունում: Մեր լսարանին բացարձակապես չեն հետաքրքրում ԵՄ մասին լուրերը»,- ասում է Գաթիս Մաջինշը: «Դե, հետաքրքրում են, բայց միայն այն դեպքում, երբ դրանք վերաբերում են անմիջականորեն Լատվիային»,- հավելում է Սիգիթա Կիրիլկան: Մեր զրուցակիցները թերեւս առավել քննախույզ հայացք ունեին ԵՄ-ին՝ հիշատակում էին, որ հոլանդացի ֆերմերներն ավելի շատ օգնություն են ստանում, քան լատիշները: Ինչո՞վ է սա պայմանավորված՝ հարցին ի պատասխան էլ հիշեցնում են, որ իրենք Եվրոպական խորհրդարանում հազիվ 8 պատգամավոր ունեն: Վերջիններիս մասին էլ Գաթիս Մաջինշն ասաց, թե չեն մտածում Լատվիայի ազգային շահերի մասին՝ նրանք արդեն միայն եվրոպացի են:
Մինչդեռ Լատվիայի ԱԳՆ վարչություններից մեկի ղեկավար Մարթինս Կրեիթուսը մատնանշում է ԵՄ-ին անդամակցությունից հետո դրական միտումները՝ ԵՄ անդամ պետություններ արտահանումն արդեն 7-8 անգամ ավելին է, քան ԱՊՀ անդամ պետություններ: Սեյմի պատգամավորները հիշեցնում են, որ մինչ ճգնաժամը՝ ԵՄ-ին անդամակցելուց հետո, իրենց համախառն ներքին արդյունքի ցուցանիշը շատ արագ էր աճում: «Եվրամիության օգնությունն ահռելի է, բայց այն հնարավոր չէ տեսնել աչքերով»,- ասում են Հայաստանի հետ Լատվիայի խորհրդարանի համագործակցության խմբի անդամ պատգամավորները:
Այդ խմբում շուրջ 20 պատվիրակներ են: Համենայնդեպս՝ մեզ հետ հանդիպողները հումորի լավ զգացում ունեին: Սեյմի պատգամավոր Օսկարս Կաստենսն, ասենք, ներդրումների շնորհիվ Շենգեն վիզա ստանալու հնարավորությանն ի հավելումն հիշեցրեց, որ բնապահպանական առումով ամենագայթակղիչ պետությունների տասնյակում Լատվիան 8-րդ տեղում է: Ու կեսկատակ հրավիրեց՝ եկեք այստեղ, եթե հոգնել եք Սեւանից ու քյաբաբից, մանավանդ որ՝ այստեղ «Նովայա Վոլնա» ու ԿՎՆ են անցկացնում, որտեղ հաղթում են հայերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել