Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԷԼԻ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ

Սեպտեմբեր 02,2010 00:00

Հիմա Երեւանի քաղաքապետարանը ընդդիմությանը խորհուրդ է տվել Ազատության հրապարակի փոխարեն հանրահավաք անցկացնել Մատենադարանում, որի հարթակը ընդամենը ամիսներ առաջ նա «կյանքի» գնով էր «նվաճում»:

\"\"

Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Հայոց համազգային շարժում կուսակցությունն օգոստոսի 30-ին դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ իրազեկելով սեպտեմբերի 17-ին Օպերայի տարածքում՝ Ազատության հրապարակում, հանրահավաք եւ ապա՝ Երեւանի փողոցներով երթ անցկացնելու մասին:
Երեկ Երեւանի քաղաքապետարանում դիմումը քննարկվել եւ մասամբ մերժվել է: Ավելի պարզ ասած՝ հանրահավաքի անցկացումն Ազատության հրապարակում մերժվել է, իսկ երթի անցկացումը քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել. այսպես ասած՝ արտոնել է: Փոխարենը ընդդիմության զանգվածային միջոցառման կազմակերպիչներին՝ ՀՀՇ-ին, առաջարկվել է հանրահավաքն անցկացնել մեկ այլ վայրում` Մատենադարանի մոտ: Քաղաքապետարանի կայացրած այս որոշումը ընդդիմության զանգվածային միջոցառումներն արգելող նախորդ որոշումների նման որեւէ տրամաբանական կամ ողջամիտ բացատրություն չունի: Բանն այն է, որ հիշյալ որոշումը հիմնավորվել է նրանով, թե Ազատության հրապարակում այդ օրն ու այդ ժամին նախատեսվում է այլ միջոցառում անցկացնել, ինչի մասին քաղաքապետարանին ՀՀՇ-ի իրազեկումից ավելի վաղ է ծանուցվել: Խոսքը, պարզվում է, Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառման՝ Էրեբունի-Երեւանի տոնակատարությանը նվիրված նախապատրաստական աշխատանքների մասին է: Իսկ որոշումը, մեղմ ասած, ողջամիտ չէ, որովհետեւ դեռ օգոստոսի 30-ին, իրազեկման դիմումը քաղաքապետարանին հանձնելուց հետո, ՀԱԿ կենտրոնական գրասենյակն արձանագրել էր, որ իրազեկման հանձնման պահին քաղաքապետարանում՝ հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների, կամ կազմակերպությունների կողմից որեւէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել։ Իսկ դա, ըստ օրենքի, նշանակում էր, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ միջոցառման արգելման հիմք գոյություն ունենալ պարզապես չի կարող: Ասել է թե՝ քաղաքապետարանը հերթական անգամ միջոցառում է մոգոնել՝ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքը խոչընդոտելու համար, ինչպես դա արվեց ողջ ամռան ընթացքում՝ երեխաների համար, իբր, ժամանցային միջոցառումներ կազմակերպելու անվան տակ: Այսօրինակ որոշումների կայացումը քաղաքապետարանի համար արդեն պաթոլոգիա է դարձել: Այսօր իշխանություններն արգելում են Կոնգրեսին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել՝ ցույց տալով Մատենադարանի՝ ընդդիմությանը քաջ հայտնի տեղը, իսկ երբ վերջինս դիմում էր Մատենադարանում հանրահավաք անցկացնելու համար, այդ նույն քաղաքապետարանը Կոնգրեսին ցույց էր տալիս Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տեղը:
Երեկ քաղաքապետարանում ՀՀՇ-ի դիմումի քննարկմանը հրավիրված է եղել ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը, բայց նա նիստին չի մասնակցել, որովհետեւ սեպտեմբերի 1-ն էր, ու նա իր առաջին դասարանցի թոռնիկին դպրոց էր ուղեկցել: Վ. Հայոցյանն «Առավոտին» ասաց, թե ՀՀՇ-ին քաղաքապետարանի որոշման մասին պաշտոնապես դեռ չեն ծանուցել, ուստի առանց որոշման բովանդակությանն ու դիմումի մերժման հիմքերին ծանոթանալու որեւէ բան առայժմ ասել չեն կարող:
Գրեթե նույնը «Առավոտին» փոխանցեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա քաղաքապետարանի որոշումը «անհիմն ու ապօրինի» որակեց՝ հավելելով, թե քաղաքապետարանն իրավունք չուներ ընդդիմության հանրահավաքն արգելել այն պատճառաբանությամբ, թե նույն օրն ու նույն ժամին, նույն վայրում քաղաքապետարանն, իբր, այլ միջոցառումներ է անցկացնելու: Լ. Զուրաբյանը, ի տարբերություն քաղաքապետարանի չինովնիկների, վկայակոչեց գործող օրենքը, որտեղ հստակ գրված է, որ որեւէ այլ միջոցառում կարող է ծառայել մեկ այլ միջոցառման արգելման հիմք, եթե նույն օրենքի նույն կարգով իրազեկված է: «Այսինքն՝ նրանց այդ «միջոցառումը» կամ նախապատրաստական աշխատանքները, ինչ էլ որ դրա անունը դնեն, կարող էր մեր հանրահավաքն արգելելու հիմք ծառայել միայն մեկ դեպքում. եթե դա օրենքով սահմանված կարգով իրազեկված է, ինչը չի արվել»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը: Նրա ասելով, Կոնգրեսն այս որոշումը համարում է ապօրինի եւ հրապարակային, զանգվածային միջոցառումների մասին օրենքին հակասող:
Քաղաքապետարանի կայացրած որոշումից հետո Կոնգրեսի հետագա քայլերի վերաբերյալ մեր հարցադրմանն ի պատասխան՝ պարոն Զուրաբյանն ասաց, թե մի բան հաստատ կորոշեն, բայց «մեր կոնկրետ գործողությունները կորոշենք քաղաքապետարանի որոշումը պաշտոնապես ստանալուց եւ այն քննարկելուց հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել