Սլավոնական համալսարանի գովազդի ֆակուլտետի դասախոս Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ կարեւոր չէ երեխան էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր «մեթոդով» է հարստացնում իր մտահորիզոնը:
Խորհրդային տարիներին ԽՍՀՄ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Չեռնենկոյի օրոք 1984թ. սեպտեմբերի 1-ը հռչակվեց Գիտելիքի օր: Հայաստանում անկախության հռչակումից հետո էլ շարունակեցին մեխանիկորեն նշել այդ տոնը, չմշակելով օրվան համարժեք արարողակարգեր ու դրան տալով համաժողովրդական բնույթ: Բավարարվեցինք միայն նրանով, որ սեպտեմբերի 1-ին դպրոցներ են այցելում որոշ պետական այրեր: Ի դեպ, Գիտելիքի օրը գալիս է դարերից. Հռոմի կայսր Կոնստանտին Մեծը 325թ. հրավիրեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ որոշվեց Նոր տարին եւ նոր ուսումնականը սկսել սեպտեմբերի 1-ից:
Մեր օրերում, ցավոք, գիտելիքը բարեկեցիկ կյանքի երաշխիք չէ, մինչդեռ համակարգչային հայտնի Windows միջավայրի հեղինակ, աշխարհում ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, ով հանրահայտ Microsoft ընկերության ղեկավարն է, հենց իր գիտելիքներով է հասել հսկայական հաջողության: Ե՞րբ պիտի մեր հասարակությունը նախընտրի գիտելիքը, այլ ոչ դիպլոմը կամ դպրոցի բարձր գնահատականներով հարուստ վկայականը: Այս հարցին «Առավոտի» զրուցակից, Հայաստանի հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի գովազդի ֆակուլտետի դասախոս Արմեն Մարտիրոսյանի պատասխանը հետեւյալն է. «Երբ ապրուստի միջոցը ապահովվի գիտելիքներով, երբ հասարակության մեջ դիրքը ապահովվի մարդու ինտելեկտով, այլ ոչ բիրտ ուժի կիրառմամբ, սանիկ-քավոր հարաբերությամբ, ավտոմեքենայի մակնիշով…»: Իսկ թե ինչից սկսել՝ պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ստեղծել համապատասխան մթնոլորտ, որը կտա իր դրական ազդեցությունը: Բերեմ մեկ օրինակ; Իմ ղեկավարած ընկերությունը՝ «Անտարես» հոլդինգը, պարբերաբար դպրոցականների եւ ուսանողների որոշակի խմբերի համար անցկացնում է «Ինչպես է ծնվում գիրքը» խորագրով միջոցառումներ, որոնք ընդգրկում են հեղինակ-հրատարակչություն-տպարան եւ, ի վերջո, վերջնական արտադրանքը՝ գիրք օղակը: Ուսուցիչները հավաստիացնում են, որ այս միջոցառումների մասնակիցների գրքերը ուսումնական տարվա ավարտին հանձնվում են ավելի բարվոք տեսքով, քան մյուսներինը: Դասատուները ասում են, որ յուրօրինակ այս էքսկուրսիայի մասնակից աշակերտներից շատերը սկսում են գիրք կարդալ, նույնիսկ իրենց ընկերներին խորհուրդ տալիս, թե, օրինակ, այս կամ այն գիրքն ավելի հետաքրքիր է կարդալ, քան նույնանուն ֆիլմը դիտելը»:
Ա. Մարտիրոսյանը կողմնակից է գրքի բոլոր «ձեւաչափերին». «Գիրքը իր ստեղծման օրվանից ենթարկվել է տրանսֆորմացիաների՝ թատրոն, կինո, CD, DVD, աուդիո-վիդեոգրքեր, համակարգչային ուսուցողական ծրագրեր, խաղեր, խաղալիք-գրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ եւ այլն: Մի փաստ եւս. amazon.com կայքը, որն աշխարհում ամենամեծ գրավաճառն է, այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով իրացրել է ավելի շատ էլեկտրոնային, քան ավանդական՝ տպագիր գրքեր: Մենք պիտի գիտելիքը տանք բոլոր հնարավոր ձեւերով եւ, որ ամենակարեւորն է, մատչելի»: