Օգոստոսի 31-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցեց, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անապահով ընտանիքների 1-ից 4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ եւ գրենական պիտույքներ: Բացի այդ, Երեւան քաղաքի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ, որպես պետական սոցիալական աջակցություն, կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ:
Զեկուցվեց, որ քաղաքապետարանի ենթակայության կրթական բոլոր հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի զեկույցի համաձայն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը դպրոցամերձ հատվածներում երթեւեկության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Առողջապահության վարչության պետը զեկուցեց, որ բոլոր դպրոցներն ապահովված են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով: Համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ խնդիրներ չկան նաեւ ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման ուղղությամբ:
Զեկուցվեց, որ սահմանված ժամանակացույցով է ընթանում մայրաքաղաքի մանկապարտեզները ջեռուցմամբ ապահովելու ծրագիրը: 85 մանկապարտեզներից 32–ն արդեն ապահովված են անհատական ջեռուցմամբ: Եվս 3 մանկապարտեզներում աշխատանքները կավարտվեն օրերս:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան վարչություններին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել 2011թ.–ին բակային տարածքներում խաղահրապարակներ ձեւավորելու եւ խաղեր տեղադրելու ուղղությամբ: Զեկուցվեց նաեւ, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ասֆալտապատման ծրագրերով նախատեսված 702 հազար քմ-ից արդեն ասֆալտապատվել է 521 հազար քմ տարածք: Հանձնարարվեց խիստ վերահսկողություն սահմանել աշխատանքների որակի նկատմամբ: