Լրահոս
Օրվա լրահոսը

«Շալվարը» մարզպետի սրտով չէ՞

Սեպտեմբեր 01,2010 00:00

Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը իր նորամուծություններով չի դադարում զարմացնել շիրակցիներին. եթե մարզպետի պաշտոնը ստանձնելուն պես քրեակատարողական վարչության նախկին պետը հավաքեց գյուղապետերին ու հրահանգեց աշխատանքի ներկայանալ միայն փողկապներով, ապա վերջերս դպրոցների կին ուսուցիչներին հրահանգել է աշակերտների աչքին երեւալ միայն «յուբկաներով»: Իսկ Շիրակի մարզում, ինչպես հայտնի է, տղամարդ ուսուցիչ գրեթե չի մնացել: Բողոքավոր կանանց ասելով, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիզիրյանն անձամբ է շրջելու դպրոցներ՝ ուսուցիչների հագուստը ստուգելու համար: Պարոն Գիզիրյանի հրահանգն այնպիսի մի աղմուկ է բարձրացրել Գյումրիում, որ ուսուցիչները լրագրող տեսնելուն պես հետաքրքրվում են, թե մարզպետը 21-րդ դարում իրավունք ունի՞ արդյոք կին ուսուցիչներին իր ճաշակով հագցնել: Վերջիններս հատկապես դժգոհ են այն փաստից, որ Շիրակի մարզում վեց ամիս ձմեռ է, իսկ այդպիսի պայմաններում «շալվարը» փրկություն է: «Միջնադարը վաղուց անցել է, եւ լավ կլինի, որ ոստիկանապետը չմոռանա, որ ինքը մարզպետ է», այսպիսի կարծիքներ էին հնչեցնում մեր զրուցակիցները: Քանի որ այստեղ խոսք է գնում կանանց իրավունքների ոտնահարման մասին, «Առավոտը» այս հարցով դիմեց մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին: «Սուտ է, նման հրահանգ չկա, եթե մարզպետի կողմից նման հրահանգ լիներ, ապա պիտի հրահանգվեր իմ եւ իմ վարչության աշխատակիցների միջոցով, իսկ նման բան չի եղել: Պարոն Գիզիրյանը բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդ է, կշփվեք, ժամանակի ընթացքում կհամոզվեք, եթե մարդը շինականի, գյուղապետի հետ ուզում է առանձին շփվել, հարգում է բոլորի իրավունքները, ինչպե՞ս կարող է կանանց իրավունքները ոտնահարել»,- մարզպետին այսպես պաշտպանեց կրթության վարչության պետը:
Այդուհանդերձ, անհասկանալի է մնում՝ եթե մարզպետը այդպիսի հրահանգ չի իջեցրել կամ վերջերս դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ այդ մասին չի ակնարկել, ապա որտեղի՞ց է գալիս համատարած այդ աղմուկը, ինչո՞ւ բոլոր դպրոցներում նույնի մասին են խոսում, եւ վերջապես՝ ո՞վ է փորձում մարզպետի անունը գցել: Այս հարցի շուրջ մենք կփորձենք ստանալ նաեւ պարոն Գիզիրյանի պարզաբանումները, եթե, իհարկե, նա հիշի, որ իր մարզպետ դառնալու 100 օրը լրացել է, եւ ինքը այլեւս կարող է ազատ խոսել, ավելին, ընդունված կարգի համաձայն, մամուլի ասուլիս հրավիրել ու լրագրողների հարցերին պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել