Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԿԻՐԻԼԱ. «ՁՅՈՒԴՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ»

Սեպտեմբեր 01,2010 00:00

\"\"Մոտ մեկուկես ամիս է, ինչ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հատուկ հանձնարարականով Հայաստանում է ռումինացի սենսեյ, սեւ գոտի 5-րդ դան Ալեքսանդրու Կիրիլան: Նա ծանոթանում է մեզ մոտ մարզաձեւի ընդհանուր դրվածքին:
Երեկ հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը «Առավոտի» առաջարկով սկզբում ներկայացրեց ֆեդերացիայի՝ անցնող մրցաշրջանի առաջին կիսամյակում ունեցած ձեռքբերումները: «Այս տարվա առաջին հաջողությունը Եվրոպայի գավաթի առաջնությունում կռեց 1-ին տեղը գրաված Արմեն Նազարյանը, այնուհետեւ Եվրոպայի գավաթի առաջնությունում 2-րդ մրցանակակիր դարձան Գրիգոր Իվանյանը եւ Գոռ Հարությունյանը: Իսկ դրանից ընդամենը մեկ շաբաթ անց նույն մրցման շրջանակներում Գրիգորը բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին, իսկ Գոռը եւ Արթուր Կռոյանը դարձան երրորդ մրցանակակիր: Հատուկ ուզում եմ նշել նաեւ Սինգապուրի պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերում Դավիթ Ղազարյանի բրոնզե մեդալը, որը պատմական նվաճում կարելի է համարել»,- ասաց Ալեքսան Ավետիսյանը:
«Ի տարբերություն օլիմպիական մյուս մարզաձեւերի, ձյուդոյում արդեն սկսվել է Լոնդոնի վարկանիշային միավորների կուտակումը, որը շարունակական է: Այսպես դեռ երկար է շարունակվելու, մինչեւ միավորները հանրագումարի բերելով՝ միջազգային ֆեդերացիան եւ ՄՕԿ-ը օլիմպիական ուղեգիր կշնորհեն մարզիկներին»,- ասաց պարոն Ավետիսյանը:
Սենսեյ Ալեքսանդրու Կիրիլան ներկայացրեց իր տպավորությունները: «Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը առանձնահատուկ ուշադրության է արժանացնում փոքր երկրներում մեր մարզաձեւի ընդհանուր դրվածքին եւ հեռանկարներին: Ես Հայաստան ժամանել եմ հենց այդ առաքելությամբ եւ պիտի ասեմ, որ դուք ունեք շատ լավ մարզիչներ եւ, որ ավելի եմ կարեւորում՝ տաղանդավոր մարզիկներ: Նրանց անհրաժեշտ է ընդամենը համապատասխան պայմաններ ընձեռել, իսկ մարզիչներին իրազեկ պահել մարզաձեւում գրեթե ամեն օր կատարվող նորամուծություններին: Ես այս ընթացքում հասցրել եմ լինել ձեր երկրի տարբեր քաղաքներում ու մարզերում, որտեղ կա ձյուդո մարզաձեւը: Զարմացած եմ: Ու գիտե՞ք ինչով: Թե ինչպե՞ս է այս փոքր երկիրը՝ գործնականում առանց պայմանների, Եվրոպայի չեմպիոն տալիս: Դա, գուցե, ձեր գենից կամ մրգի՞ց է: Բայց որ Հայաստանի ֆեդերացիան՝ նախագահի գլխավորությամբ, մարզիչները իրենց գործի նվիրյալներ են, ֆանատներ, անձամբ եմ համոզվել ու կասկած չունեմ: Մեր միջազգային ֆեդերացիան վերջերս անդամագրեց 200-րդ ազգային ֆեդերացիային: Մի ժամանակ, երբ դեռ մոտ 150 երկիր էր, մի քանիսն էին, որ բարձրակարգ մարզիկներ ունեին: Հիմա ժամանակները փոխվել են, ու ամեն մի ազգային ֆեդերացիա լուրջ ձյուդոիստներ է գործուղում աշխարհի ու Եվրոպայի առաջնություն, որոնց հաղթելն արդեն այնքան էլ հեշտ չէ, ավելի ստույգ՝ դժվար է: Իսկ ձերոնք հաղթում են, այն էլ այնպիսի երկրների, ինչպիսին, ասենք, Ֆրանսիան է, որտեղ ձյուդոյով զբաղվում է մեկ միլիոն մարդ, իսկ Հայաստանում՝ ընդամենը երեք հազար: Ձյուդոն Հայաստանում ապագա ունի»:
Սենսեյ Կիրիլան եւ Ալիկ Ավետիսյանը, որպես հետագա համագործակցության կարեւոր գրավական, հատուկ ընդգծեցին մասնագետների փոխանակումը: Դրա կարեւոր քայլերից են մեր մարզիչների գործուղումները Եվրոպայում հաճախ կազմակերպվող սեմինարներ կամ միջազգային ֆեդերացիայի լավագույն մասնագետների այցերը՝ Հայաստան:
Ալեքսանդրու Կիրիլան նաեւ խոսեց ժամանակակից ձյուդոյում կատարվող բարեփոխումների մասին, որոնց հայաստանցի մասնագետների ժամանակին տեղեկացված լինելը հետագա հաջողությունների համար անչափ կարեւոր նշանակություն ունի: Մասնավորապես, սենսեյը խոսեց մարզաձեւում դեպի արմատներ վերադառնալու, տարիների ընթացքում ձյուդո ներխուժած այլ մարզաձեւերին հատուկ մարտավարության տարրեր կիրառելու տենդենցներից ձերբազատվելու կոնկրետ քայլերի մասին, որոնք արդեն իսկ գործնական կիրառություն ուեն պաշտոնական մրցումներում: Իսկ Ալիկ Ավետիսյանը լրագրողներին իրազեկեց օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվառման, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնատներում, Եվրոպայի գավաթի խաղարկության կանոններում մտցված փոփոխությունների մասին, առանց որոնց իմացության այսուհետեւ հաղթանակներ տանել հնարավոր չի լինելու:
Պարոնայք Ավետիսյանն ու Կիրիլան արդեն հանդիպել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ, իսկ երեկ նրանց ընդունելու էր նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրանք լրագրողներին տեղեկացրին, որ Հայաստանում ձյուդո մարզաձեւի զարգացման եւ միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցության նոր ծրագիր ունեն մշակած, որը ներկայացնելու են ՀԱՕԿ-ի նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930