Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորը չի հեռանա

Սեպտեմբեր 01,2010 00:00

Նա առայժմ զբաղված է ԵՊՀ խնդիրներով

Այս ուսումնական տարում ԵՊՀ-ն ուսանողների թվի խնդիր չունի: Երեկ ՄԱԱ-ում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին պետական համալսարանը շուրջ 3000 առաջին կուրսեցի կունենա: Ռեկտորը գոհ է այս տարվա դիմորդների ընդհանուր թվից, բայց թվի՝ մասնագիտությունների բաշխման առումով՝ ոչ. «Մասնավորապես բնագիտական թեւ դիմողների խնդիր կա, դիմորդների ճնշող մեծամասնությունը չի գնում մասնագիտանալու այդ ուղղությամբ, որովհետեւ աշխատանքի իմաստով հետագայում չի պատկերացնում իր ապագան: Քիմիան եւ էկոլոգիան բնակչության շրջանում չեն վայելում այն համբավը, որը կա ամբողջ աշխարհում»: Ա. Սիմոնյանը գտնում է, որ ժամանակն է ընդունել բնագիտական եւ ինժեներական կրթության «մասով» համալիր ծրագիր, այլապես ապագայում դժվար կլինի այդ ուղղությունների զարգացումը: 
Ա. Սիմոնյանը կարծում է նաեւ, որ այսօր Հայաստանում չկա նորմալ թարգմանչական դպրոց, այդ թվում՝ համալսարանի համապատասխան բաժինն ավարտածները գիտական գրականություն թարգմանելու մակարդակ չունեն. «Չկան նորմալ թարգմանիչներ, որպեսզի կարողանանք հայագիտական կարեւոր աշխատությունները ներկայացնել արտասահմանյան ընթերցողին: Այն անգլերենը, որին տիրապետում են մեր մասնագետները, այսօր ընդունելի չէ դրսի գրականության շուկայում: Մեղավոր են նաեւ բուհերը, որովհետեւ թարգմանչական գործ մասնագիտությունը կա, բայց մասնագետներ չկան»:
Բուհերում կոռուպցիայի վերացման քայլերի մասին ռեկտորն ասաց. «Պարզ է, որ բուհական համակարգը, մեղմ ասած, կոռուպցիայից զերծ չէ: Դրա դեմ դժվար է պայքարել, որովհետեւ մի կողմում բուհն է, մյուս կողմում կա զանգված, որը պատրաստ է ամեն գնով հասնել անձնական շահ հետապնդող իր նպատակին: Ինչքան շատ մարդ մտահոգվի կաշառակերության եւ կոռուպցիայի խնդիրներով եւ փորձի դրա դեմ պայքարել, այնքան լավ՝ բոլորիս համար: Մյուս կողմից էլ՝ եթե սկսենք կասկածել բոլորին, ուղղակի աշխատել չենք կարող»: Ռեկտորը չհամաձայնեց լրագրողներից մեկի հնչեցրած կարծիքին, թե ամենակոռումպացվածը իրավագիտության ֆակուլտետն է: Եվ կոռուպցիայի մասին խոսելու փոխարեն պարոն Սիմոնյանը վիճակն այսպես մեկնաբանեց. «Իրավաբանական ֆակուլտետում տարածված է տեխնիկական միջոցների օգտագործումը ուսանողների կողմից: Ականջների մեջ, մարմնի բոլոր մասերում թաքցնում են համապատասխան «չիպեր»: Խլացուցիչ սարքեր ունենք, բայց դրա վրա էլ են աշխատում, որը մեզ վրա մեծ ծախս է նստում, ամեն սարք չի, որ կարողանում է հաղթահարել այդ արգելքը»: Հարցին՝ հաջորդ տարի ե՞ւս իրավագիտության բաժնում անվճար տեղեր չեն լինելու: Պարոն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել, բայց կարծիք հայտնեց, որ այս տարի վճարովի լինելու հանգամանքը իրավագիտության եւ միջազգային հարաբերություններ բաժին դիմողների թվի վրա բացարձակապես չի ազդել:
Ինչ վերաբերում է վերջերս մամուլում հաճախ շրջանառվող լուրերին, թե ռեկտորը շուտով պաշտոնանկ է արվելու եւ հավանական թեկնածուն ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանն է, ռեկտորը նման մեկնաբանությամբ հանդես եկավ. «Մի՛ հավատացեք բամբասանքներին, մինչեւ պաշտոնավարմանս ժամկետի ավարտն աշխատելու եմ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել