Նկարիչ Արմեն Աթայանը իր հոբելյանի եւ արվեստագետի խնդիրների մասին՝ ընդհանրապես
Այս տարին հոբելյանական է ճանաչված նկարիչ եւ հասարակական գործիչ Արմեն Աթայանի համար. լրանում է նրա ծննդյան 50 եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակը: «Առավոտը» հարցեր ուղղեց արվեստագետին՝ ակնկալելով նրա անկեղծ պատասխանները:
– Ձեր համախոհներով 2000թ. հիմնեցիք «Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոն», որի նախագահն եք: Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ մշակույթի ոլորտը շարունակում է մնալ ամենախոցելին:
– Դեռեւս 2003թ. ՀՀ երկրորդ նախագահին առաջարկեցինք 3 կետից բաղկացած փաթեթ. ա) նախագահին կից մշակութային անվտանգության խորհրդի ստեղծում, բ) ստեղծագործական միությունների մասին օրենքի անհրաժեշտություն, գ) հայկական մշակույթի ինտեգրում համաշխարհայինին: 2003թ. Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից առաջարկ եղավ ստեղծել ստեղծագործական միությունների մասին օրենք: Այս նախագծով նա հայտնվեց Գրողների միությունում, որտեղ էլ նախագիծը «ջարդվեց»: Ինչո՞ւ, որովհետեւ մեր պատգամավորներին թվում է, որ Ազգային ժողովում նստած, առանց մասնագետների, հասարակության համապատասխան օղակների հետ քննարկման՝ իրավասու են օրենք գրել: Մինչ ԱԺ քննարկմանը ներկայացնելը՝ պետք է խորհրդակցել, լսել ստեղծագործական միությունների ներկայացուցիչներին, հետո միայն գրվի օրենք կոչվածը: Ի վերջո, ոչ մի ԱԺ պատգամավոր չի կարող տիրապետել արվեստագետներին հուզող խնդիրներին՝ առանց նրանց լսելու: Քննարկմանը, որին ներկա էին Հայաստանի 8 ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, համաձայնության չեկան պարոն Դալլաքյանի ներկայացրած նախագծի շուրջ: Չնայած դրան՝ գործը հասավ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի այն տարիների նախագահ Ռուբեն Հովսեփյանին: Նրա հետ համաձայնության եկանք, որ միություններն իրենց ներսում առանձին-առանձին կքննարկեն հուզող խնդիրները, կներկայացնեն առաջարկներ եւ ինքը, ելնելով դրանցից, կկազմի նոր նախագիծ: Մեր կենտրոնն իր հերթին հրավիրեց մշակութային գործիչների ընդհանուր համաժողով, որտեղ որոշում ընդունվեց ստեղծել հանձնաժողով, որի հանձնարարությամբ ստեղծագործական միությունները կներկայացնեն իրենց տեսակետները: Մեր կենտրոնի կողմից էլ գրվեց նախագիծ, որի տակ ստորագրեցին ստեղծագործական միությունները, ինչը եւ ուղարկվեց Ազգային ժողով: Չգիտեմ ինչն է պատճառը, որ մինչ այսօր այդ նախագիծը «քուն է մտել»…
– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ քնեց նախագիծը:
– Երեւի իրենց ձեռք չէր տալիս մշակույթի գործիչներին միասնական տեսնելը: Նրանք հիանալի գիտեն, որ երբ մշակույթի ժողովուրդը միասնական է, ահռելի ուժ է: Գիտեն նաեւ, որ երկիրը քանդելու առաջին պայմանը նույն մշակույթի գործիչներին տարանջատելն է: Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահի վարած մշակութային քաղաքականության առաջին նախապայմանը հետեւյալն էր. արվեստագետներին ազատ ենք թողնում, քանի որ շուկայական հարաբերություններ են:
– Ներկայիս նախագահի դիրքորոշումը ո՞րն է:
– Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առիթ չեմ ունեցել, բայց կարող եմ փաստել, որ երրորդ նախագահի օրոք սկսվեց ստեղծագործական միությունների մասին օրենքի շուրջ խոսակցությունները, հետեւաբար ուզում եմ հավատալ, որ ինչ-որ շարժ կլինի:
– Այս տարին հոբելյանական է Ձեզ համար: Ասում են անգամ, թե Աթայանը այդ առիթով իր մասին ֆիլմ է նկարել: Քանի որ Նկարիչների միության ցուցասրահում ցուցադրվելը, նույնիսկ անդամների համար, օրական 10000 դրամ արժի, չլինի՞ երկմտում եք այն ՆՄ-ում ցուցադրելու մասին:
– «Միլիոն գույն» կոչվող ֆիլմի մտահղացումից մինչեւ ավարտը՝ սեփական նախաձեռնությունս է, երաժշտությունն էլ գրել է կոմպոզիտոր Արսեն Թովմասյանը: Այս ֆիլմը, էկրան բարձրանալով, TV-ներով ցուցադրվելով, ինչպես նաեւ CD-ների եւ ինտերնետի միջոցով լայն հնարավորություն կտա ճանաչել արտիստին: Այսօր հասարակությունը իր արվեստագետին չի ճանաչում եւ այդ բացթողումը, միանշանակ, պետության խնդիրն է: Ընթացքի մեջ է նաեւ ալբոմիս հրատարակումը: Կոնկրետ ե՞րբ՝ չգիտեմ, բայց անպայման կնշեմ հոբելյանս: Ինչ վերաբերում է Նկարիչների միության ցուցասրահին, ապա ձեր ասած թիվը «լողացող» է, ֆիքսված չէ: Մյուս կողմից, միության անդամների համար գործում են զեղչեր: Իհարկե, ես պատրաստ եմ վճարել, հասկանալով, որ կան հարկեր, որոնք միությունը պետք է վճարի, այլապես դա առիթ կդառնա, որ նկարիչները պարզապես հեռանան իրենց տնից: Իսկ այդ դեպքում ցուցասրահները հաստատ կվերածվեն խանութների կամ տոնավաճառների: