Ամստերդամի օդանավակայանում հոլանդական ոստիկանությունը ձերբակալել է Չիկագոյից ժամանած երկու տղամարդու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները վերջիններիս բեռներում կասկածելի իրեր են հայտնաբերել եւ այդ մասին տեղեկացրել են Հոլանդիայի իշխանություններին:
Ինքնաթիռի երկու ուղեւորներից մեկի պայուսակում հայտնաբերվել է պեպտե բիսմոլ դեղամիջոցին՝ սոսնձվող ժապավենով ամրացված բջջային հեռախոս, եւս երեք հեռախոս ու մի քանի ժամացույց, նաեւ երեք մեծ ու մեկ փոքր դանակ:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը, սակայն, փոխանցել է, թե այդ իրերն առանձին-առանձին վերցրած իրենցից սպառնալիք չեն ներկայացնում, եւ որ տղամարդու մոտ պայթուցիկ իրեր չեն հայտնաբերվել:
Այդուհանդերձ, այդ գտածոների մասին ամերիկյան իշխանությունները անհրաժեշտ էին համարել տեղեկացնել հոլանդական իշխանություններին, որոնք էլ իրենց հերթին Սխիպխոլ օդանավակայանում ձերբակալել էին United Airlines ավիաընկերության ինքնաթիռով ու անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ թռչող ուղեւորներին:
ABC News հեռուստաալիքի փոխանցմամբ, ուղեւոր տղամարդկանցից մեկն իր ճանապարհորդությունը սկսել էր Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքից եւ անվտանգության ծառայության ուշադրությանն էր արժանացել իր կրած հագուստի պատճառով: Չիկագոյում նա իր բեռը ձեւակերպել էր Եմենի մայրաքաղաքի վրա, բայց ինքը թռել էր Ամստերդամի չվերթով:
Այս միջադեպը թեեւ «ցածր» մակարդակի տագնապ էր առաջացրել, բայց իշխանությունները որոշել էին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրելով, թե դա կարող է ապագայում իսկապես նախապատրասվող դիվերսիայից առաջ ավիաթռիչքի անվտանգության ստուգողական քայլ լինել: Իշխանությունները մտահոգություն ունեն, որ տղամարդիկ ավիաթռիչքի ժամանակ իսկական հարձակման ծրագիր են փորձարկել: Հավելենք, որ ձերբակալված տղամարդկանցից մեկը ծնունդով եմենցի ԱՄՆ քաղաքացի է: