Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱՊԿՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻՆ

Սեպտեմբեր 01,2010 00:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին յուրացրել է փոքր ավիացիայի օդաչուի մասնագիտությունը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նախօրեին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ցուցադրվել են կադրեր, որտեղ Վրաստանի առաջնորդն Աջարիայի ղեկավար Լեւան Վարշալոմիձեի ընկերակցությամբ Բաթումի օդանավակայանում նստում է չորստեղանի եւ մեկ շարժիչով ինքնաթիռի ղեկին, օդ է բարձրանում, օդաչուի խցիկից անգլերեն բանակցություններ է վարում ավիակարգավորողի հետ, թռչում է ծովի վրայով եւ վայրէջք կատարում: Արդեն վայրէջքից հետո, օդանավակայանում, լրագրողների հետ զրույցում Սահակաշվիլին հայտարարել է, թե այդպիսի ինքնաթիռով թռչելը շատ հեշտ է. «Դա թիթեռ է, ոչ թե մեծ ինքնաթիռ»:
Որոշ դիտորդներ արդեն հասցրել են հեգնել էքսցենտրիկ Սահակաշվիլիի թռիչքը՝ զուգահեռներ անցկացնելով նրա ու խորհրդային ժամանակների հայտնի «Միմինո» ֆիլմի գլխավոր ու հպարտ հերոսի միջեւ. Միմինոն փոքր ավիացիայում երազում էր մեծ ավիացիայի մասին, բայց այնտեղ հայտնվելուց հետո վերադարձավ «ի շրջանս յուր»: Աղբյուրը հիշեցնում է, որ ինքնաթիռի ղեկին մեկ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր նստել: 2005-ին նա իր առաջին թռիչքն էր իրականացրել «Տու-160» ռազմական ռմբակոծիչով ու հետո խոստովանել, թե՝ դա նման էր երազի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել