Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական առաքելության ավարտով երկիրը ինքնիշխանություն եւ անկախություն ձեռք բերեց: Այդ մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը իրաքցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին (աջից): «Հիմա մենք ազատ եւ անկախ ենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, թե երկրի անվտանգության ուժերն ամբողջությամբ կստանձնեն ինչպես Իրաքի ներսից, այնպես էլ դրսից երկրին ուղղված սպառնալիքներին դիմագրավելու առաքելությունը: «Մեր ուժային կառույցներն այլեւս առաջատար դեր կխաղան Իրաքում կարգուկանոնի հաստատման եւ անվտանգության ապահովման գործում»,- հայտարարել է ալ-Մալիկին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Իրաքում կմնան 50 հազարից քիչ ավելի ամերիկացի զինծառայողներ, որոնք մինչեւ 2011-ի սկիզբը իրաքյան ուժերին բացառապես մարզելու են եւ աջակցելու են ռազմական գործողությունների իրականացման ընթացքում: «Ազատություն Իրաքին» մանդատի ավարտի արդյունքում աշնան առաջին օրը երկրում կսկսվի իրականացվել «Նոր արշալույս» պայմանական անունը կրող գործողությունը, որին իրենց մասնակցությունը կունենան նաեւ ամերիկյան զորքերը:
Երեքշաբթի օրը Բաղդադում տեղի է ունեցել Իրաքում ամերիկյան բանակի ռազմական գործողությունների պաշտոնական ավարտի եւ Իրաքի անվտանգության ապահովումը այդ երկրի իշխանություններին հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը (ձախից):