Ֆրանսիականի ռեկտորը մի բան է ասում, ազատված դասախոսները՝ այլ
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 29 դասախոս ազատվել է աշխատանքից: Ըստ ազատված դասախոսների՝ զանգվածային ազատումները հիմնավորված չեն եւ չեն տեղավորվում օրենքի սահմաններում:
Թե ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններով է միանգամից 29 դասախոս ազատվել աշխատանքից, երեկ «Արմենպրես» ակումբում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ Ժոել լը Մորզելեկը պարզաբանեց, որ ամեն ինչ օրենքով է: Նրա խոսքով, համալսարանի դասախոսներն աշխատում են պայմանագրային հիմունքով. «Առանձնացրեցինք այն դասախոսների գործերը, որոնց պայմանագրի ժամկետը լրացած էր եւ լուծեցինք դրանք: Այդ պայմանագրերի ժամկետները լրացել էին 2008 թվականի հուլիսին, եւ նախորդ ռեկտորի հրամանով եւս մեկ տարով երկարաձգվել: Իմ պարտականությունն է հարգել եւ հետեւել Աշխատանքային օրենսգրքի պահանջներին, որի պատճառով էլ որոշ դասախոսների պայմանագրեր լուծվեցին»:
Ազատված դասախոսները դիմել են Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նրանք պահանջում են իրենց վերականգնել աշխատանքում եւ համալսարանի ռեկտորից բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար՝ հարկադիր պարապուրդի համար: Տիկին Մորզելեկը ասաց, որ տեղյակ է դատարան դիմելու մասին եւ սպասում է դատարանի որոշմանը:
Ռեկտորը նշեց. «Դասախոսների մի մասը հասկանալի պատճառներով է ազատվել: Նրանց մեջ է 84-ամյա մի պապիկ, որի տարիքն այլեւս թույլ չի տալիս դասախոսել, եւ եւս 3 երիտասարդ, որոնք դոկտորական թեզ են պաշտպանում ու չեն հասցնում համատեղել աշխատանքը: Մնացածի ազատումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը: Ես հաշվի եմ առել նաեւ նրանց որակական հատկանիշները: Նրանց մեծ մասը չի համապատասխանում համալսարանի պահանջներին եւ չունի մասնագիտական բավարար տվյալներ՝ մեզ մոտ դասախոսելու համար: Բացի մասնագիտական տվյալներից, դասախոսները նաեւ խախտել են կարգապահությունը՝ 40 րոպե ուշանում են դասից եւ 20 րոպե շուտ հեռանում լսարանից»:
Այն պահին, երբ ռեկտորը խոսում էր դասախոսների մասնագիտական ցածր մակարդակի մասին, սրահ մտավ հեռացված դասախոսներից մեկը՝ անգլերենի ամբիոնի արդեն նախկին վարիչ Գայանե Հակոբյանը՝ ձեռքին բարձր որակավորման համար «դրսից» եւ ՀՀ-ից ստացած պատվոգրերի եւ փաստաթղթերի տրցակ. «Մեր որակի, գիտելիքների մասին կասկած լինել չի կարող, որովհետեւ դուք ինքներդ եք ինձ եւ իմ նման շատ դասախոսների երաշխավորագրեր տվել ձեր իսկ ստորագրությամբ, որ մենք համապատասխանում ենք չափանիշներին, ունենք գերազանց գիտելիքների բազա: Նման երաշխավորագրերով տասնյակ դասախոսների դուք ուղարկել եք վերապատրաստումների՝ Ֆրանսիա, Անգլիա, Բուլղարիա: Ինչպե՞ս եք հիմա հայտարարում, թե մենք չունենք համապատասխան գիտելիքներ ու մակարդակ»: Տիկին Մորզելեկի պահանջով դասախոսին անմիջապես դուրս հրավիրեցին սրահից, նրա քայլը որակելով տարրական կուլտուրայի պակաս:
Նույն օրը Ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսների խումբը «Արմատ» ակումբում քննարկում էր ռեկտորի արարքը: Անգլերենի դասախոս Գայանե Հակոբյանը, պատասխանելով ռեկտորի այն հայտարարությանը, թե ինքը եւ մյուսները աշխատանքից ազատվել են Բրիտանական խորհրդի կողմից կազմված՝ դասախոսների վերապատրաստման թեստը չհաղթահարելու պատճառով, ասաց. «Դա կատարյալ սուտ է: Օրինակ, իմ կոլեգան, որը նույնպես ազատվել է աշխատանքից, ստացել է A միավոր, ինչն ամենաբարձր ցուցանիշն է: Սա ինչպե՞ս կբացատրվի: Մորզելեկը պետք է հրապարակավ ներողություն խնդրի իր ստի համար: Գործիս գիտակն ու նվիրյալ եմ եղել, մեծ ցավ եմ ապրում, որ տարիների այս տքնաջան աշխատանքը հօդս ցնդեց՝ գրչի մեկ հարվածով»:
Իրավաբանական ֆակուլտետի դասախոս Մարատ Ատովմյանը պնդեց, որ ռեկտորի որոշումը հիմնազուրկ է. «Չորս ծանուցում եմ ստացել համալսարանից, որից երկուսը ոչ կնքված են եղել, ոչ էլ ստորագրված: Ասում են, որ 2010 թ. հուլիսի 1-ին պայմանագրի ժամկետը ավարտվել է, եւ այդ հիմքով ազատվել եմ աշխատանքից: Բայց ես նման պայմանագիր չեմ էլ ունեցել: Ինձ հետ կնքված պայմանագիրը ավարտվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին, դրանից հետո շարունակել եմ դասավանդել, իսկ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ դա արդեն համարվում է անժամկետ աշխատանքային պայմանագիր: Այսինքն՝ ժամկետային հիմքով չեն կարող պայմանագիրը լուծել»:
Ըստ Ժ. Մորզելեկի, ազատվելու հրամանի մասին դասախոսներին 2 ամիս առաջ նախապես զգուշացվել է, տրվել է նաեւ 48 օրվա աշխատավարձ: Ֆրանսերենի մասնագետ Նարինե Կոխտիեւան, սակայն, ընդգծում է, որ ինքը ազատման հրամանը ծրարով ստացել է բավականին ուշ՝ օգոստոսի 2-ին. «Դեռ այդ ժամանակ դիմեցինք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, իսկ նա բուտերբրոդ ծամելով մեզ հանգստացրեց: Ի դեպ, 48 օրվա աշխատավարձ էլ չենք ստացել»:
Ֆրանսերենի մասնագետ Անուշ Մխիթարյանն էլ ասաց, որ իրենց աջակցում են անգամ ուսանողները. «Կազմակերպել էին դասադուլ: Ռեկտորի կարծիքով՝ մենք ենք ուսանողներին հրահրել այդ քայլին, սակայն հակառակը՝ նրանց խնդրել ենք դադարեցնել բողոքի ակցիաները»: