ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը՝ իր անցած ուղու եւ գործունեությունը քննադատողների մասին
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանը երկար լռելուց հետո որոշեց անդրադառնալ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանի հեղինակությամբ «Առավոտի» օգոստոսի 26-ի համարում լույս տեսած «Բանավեճի եմ հրավիրում» հոդվածին եւ ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանի՝ «Առավոտում» լույս տեսած հարցազրույցներին: Հիշեցնենք, որ Ա. Գեւորգյանը կարծիք էր հայտնել, թե պետք է օր առաջ ազատվել ԿԳ համակարգի դեկորատիվ գիտնականներից, նաեւ ԳԱԱ եւ ԳՊԿ նախագահներին մեղադրել շանտաժով տգիտություն սերմանելու մեջ: Ինչ վերաբերում է Հ. Կարապետյանին, նա բազմիցս հանդես է եկել, իր խոսքով, գիտության ոլորտի «փուչիկների» մասին հայտարարություններով: Իսկ կոնկրետ «Առավոտի» օգոստոսի 10-ին լույս տեսած հարցազրույցում խոսել է ԳՊԿ բյուջեի մասին։ Հավելենք, որ Հ. Կարապետյանը ամեն անգամ ԳՊԿ նախագահի պաշտոնի հիշատակումից առաջ օգտագործում է «դեյուրե» հասկացությունը, ինչը հարցազրույցում մեկնաբանել էր հետեւյալ կերպ. «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ դե-ֆակտո ղեկավարը եւ «գիտական» քաղաքականության հիմնական մշակողը աշխատակազմի ղեկավարն է, ով անցել է հոյակապ կոմսոմոլա-չինովնիկական դպրոց, նախանձելի արդյունավետությամբ համատեղում է ԵՊՀ-ում դասախոսի եւ ուսանողի պարտականությունները՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի հետ, միաժամանակ հասցնելով նաեւ ստանալ գիտական աստիճան»:
ԳՊԿ նախագահը, խոսելով Ա. Գեւորգյանից, ասաց, որ նրա մասին լսել էր 2008-ին անվանի քիմիկոս Սերգեյ Ներսիսյանից: Հետագայում ցանկացել է ամեն գնով աջակցել, անգամ երկու հաստիք է տվել, որոնք մինչեւ հիմա Ա. Գեւորգյանը չի օգտագործում: Գիտպետկոմի նախագահի պատմելով, Ա. Գեւորգյանի գիտական գործերում ռացիոնալ հատիկ կա, սակայն իր մոդելը ոչ մի քննադատության չի դիմանում, միայն բացասական եզրակացություններ են ստացվում տարբեր երկրներից: «Իրեն ասացի Երկիր մոլորակի վրա մատով ցույց տվեք մի տեղ, որտեղ կուզենայիք ձեր աշխատանքը ներկայացնել: Ես պատրաստ եմ միջոցներ գտնել ձեզ գործուղելու համար, ինքն էլ ասաց, որ ամենուր բոլորը «իքի-բիր» գիտնականներ են: Այդ մարդը իրեն համեմատում է Ջորդանո Բրունոյի հետ, ում վառեցին ճշմարտության համար, իր աշխատանքի որակն էլ՝ Մենդելեեւի պարբերական աղյուսակի հայտնագործման հետ, բայց, ցավոք, աշխարհում իրեն ոչ ոք չի հասկանում,-ասում է Ս. Հարությունյանը ու նեղսրտում:- Ես այդ մարդուն որդու նման եմ վերաբերվել, ինչպե՞ս կարող է այդ տարիքում նա այդքան թույն ունենալ, փոխանակ հոգու անմահության մասին մտածի»: Մեր զրուցակիցը թվարկեց այն բոլոր աստիճանները, որոնցով անցնելով՝ հասել է մինչեւ ԳՊԿ նախագահի պաշտոնին: «1992թ, երբ Հայաստանում ոչ ջուր ու ոչ լույս կար, ես Ֆլորենցիայի լաբորատորիայում թողեցի իմ բարեկեցիկ կյանքը, եկա 30 դոլարով ամբիոնի վարիչ աշխատեցի: Մոտ մեկ մլն դոլարի գրանտային ծրագիր է եկել համալսարան, որի հեղինակը ես եմ եղել: 40-50 ֆիզիկոսների, կենսաբանների, քիմիկոսների ընտանիք է կերակրվել այդ տարիներին, որոնք Հայաստանում մնացել, արարել են, իսկ համալսարանում իմ դեկանության տարիներին $3,5 միլիոնի գրանտային ծրագրեր են շահել: Դո՞ւք ինչ եք արել, հարգարժան պարոն Գեւորգյան»: Ի դեպ, Ս. Հարությունյանը ցույց տվեց 2008-ին Գեւորգյանի կողմից իրեն նվիրված գիրքը, որի վրա քիմիկոսը ավելի քան ջերմ խոսքեր էր թողել ԳՊԿ նախագահի հասցեին:
Դառնալով ԳԱՏԱՀ նախագահ Հ. Կարապետյանի հրապարակումներին ու հարցազրույցներին՝ Ս. Հարությունյանը նշեց, որ դրանց հումորով է վերաբերվում. «Հանճարեղ կառավարչական հիմնարկի հավակնություններ ունեցող մարդը, եթե ուզում էր իրոք դրական դերակատարում ունենալ այս կառույցում, կարող էր իր գիտելիքներն օգտագործել: Ինքը երկուսուկես ամիս աշխատել է ինձ մոտ խորհրդական, նույնիսկ ուզում էի տեղակալ դարձնել…»: Հ. Կարապետյանի՝ «ԳՊԿ դե յուրե, դե ֆակտո նախագահ» արտահայտությունների մասին էլ Հարությունյանն ասում է. «Եթե մարդը որոշակի կենսագրություն է ունեցել՝ լաբորանտից հասնելով գիտության գծով պրոռեկտորի, ապա Գիտպետկոմի նախագահի՝ իրեն հաստատ սիրուն աչքերի համար չեն բերել: Իմ կենսագրությունն այնպիսին է, որ ինձ նշանակողներին հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ ինքնուրույն մարդ եմ աշխատանքում, ամեն մի ապուշի չեն դարձնի Գիտության պետական կոմիտեի նախագահ: Հայաստանում գիտության հետ առնչվող մարդիկ ինձ էլ են ճանաչում, Հարությունին էլ: Թող դե յուրե ղեկավարները մի էլեմենտար բան պիտի հասկանան, խոսքս վերաբերում է ամերիկյան CRDF-ին, էսպիսի մարդուն ֆոնդ վստահելը ճիշտ չէ»: Ս. Հարությունյանը հիշեց, որ ԳԱՏԱՀ-ի հետ համատեղ մի մրցույթ են անցկացրել, որի պայմաններից մեկը հետեւյալն էր՝ պետք է եռակողմ փորձաքննություն անցկացնեին Գիտության պետական կոմիտեն, CRDF-ը եւ ԳԱՏԱՀ-ը: Նրա ձեւակերպմամբ, ԳԱՏԱՀ-ի փորձաքննության արդյունքները ստիպում են ենթադրել, որ նրա հետ համագործակցել չարժե. «Ռեյտինգային շկալայում ցածր դիրք զբաղեցնողները գրանտը շահողների ցուցակում էին հայտնվել»: Անդրադարձ եղավ նաեւ ԳՊԿ բյուջեի քննադատությանը՝ Հ. Կարապետյանի կողմից: «Ինձ համար շատ տարօրինակ են Հարություն Կարապետյանի պնդումներն այն մասին, թե որոշ հիմնարկներ մեծ փողեր են ստանում, նա նկատի ունի հատկապես Ցեղասպանության ինստիտուտը եւ Մատենադարանը: Մի փոքր հայկական արյուն ունեցող մարդը նման բանի մասին խոսելու իրավունք չունի: Թող Հարություն Կարապետյանը գնա իր դե ֆակտո տերերին ասի, որ քանի դեռ ես կոմիտեի նախագահ եմ, Ցեղասպանության ինստիտուտն ու Մատենադարանը պետք է մեր հնարավորության սահմաններում ֆինանսավորվեն առավելագույնս: Թուրքերը միլիոնավոր գումարներ են ծախսում իրենց անհեթեթություններն ապացուցելու համար, իսկ մենք առանց այն էլ Ցեղասպանության ինստիտուտին կոպեկներ ենք վճարում հսկայական աշխատանքի համար, դա էլ դառնում է քննարկման առարկա: Եթե միջազգային կառույցներից ղեկավարներ են գալիս, ոչ թե տանում են ԳԱՏԱՀ՝ Հարությունի կարկառուն կառույցը, այլ՝ Ցեղասպանության ինստիտուտ եւ Մատենադարան: Ի դեպ, շուտով նորից ենք երիտասարդական մրցույթ անցկացնելու՝ առանց ԳԱՏԱՀ-ի մասնակցության, ՀՀ պետական միջոցներով: Ես այլեւս չեմ ուզում համագործակցել ԳԱՏԱՀ-ի հետ: Նշեմ, որ իր նյութերով Հարություն Կարապետյանն ինձ ավելի շատ գովազդել է: Ի դեպ, ժամանակին բարի ցանկացող մարդիկ ինձ միշտ էլ հուշել են՝ էդ սուբյեկտի հետ գործ չունենաս: Բայց ես դրան չեմ գնացել, որովհետեւ ԳԱՏԱՀ-ը իր գոյության տարիներին վատ չի աշխատել, որոշակի դերակատարում է ունեցել, ափսոս, որ տարիների ընթացքում սկսել է փչանալ, ինչպես շատ կառույցներ: Ցավում եմ, որ Հարությունը էժան ձեւով ծախում է մարդկանց, ախր ինքը վատ գիտնական չէ, լավ աշխատանքներ ունի, եւ եթե կոնկրետ խնդիր կամ առաջարկություն կա, թող գա միասին քննարկենք, ոչ թե մամուլում հանդես գա»,- ասաց ԳՊԿ նախագահը: Զրույցի ավարտին էլ Ս. Հարությունյանը հիշեց իր պրոֆեսորներից մեկի խոսքը, թե կյանքը տխուր կլիներ, եթե Երկիր մոլորակի վրա միայն էյնշտեյններ ապրեին:
Հ. Գ. Օբյեկտիվ լինելու համար փաստենք, որ հիմնադրման օրվանից ԳԱՏԱՀ-ը համագործակցել է այնպիսի հեղինակավոր արտասահմանյան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամը (US CRDF), Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (AAAS), Գիտության ազգային հիմնադրամը (NSF) եւ ուրիշներ: