Միայն թե ցանկություն լինի
Օրերս հայկական կայքերն ու մի շարք լրագրեր, սեպտեմբերին ընդառաջ, անդրադարձան վրացական իշխանությունների՝ դպրոցներում ազգային-ազգագրական պարերի ուսուցումը պարտադիր դարձնելու որոշմանը: Մասնավորապես այդ երկրի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին, ԿԳ նախարարի հետ խորհրդակցելուց հետո, վստահություն էր հայտնել, որ այդ նախաձեռնությունը միայն կնպաստի առողջ սերունդ դաստիարակելու գործին: Սահակաշվիլին նույնիսկ կատակել է՝ էլ ինչ վրացի, որ իր հարսանիքին չկարողանա վրացական ժողովրդական պարեր պարել: Լավ օրից չէ, սակայն, որ վրացական իշխանությունները գնացել են այս քայլին: Բանն այն է, որ Վրաստանում պարային խմբակներն ու արվեստի դպրոցները վարձավճարների պատճառով ոչ բոլոր երեխաների համար են հասանելի: Ուստի դպրոցական ծրագրերում ազգային պարերի ուսուցում առարկան ինչ-որ տեղ նաեւ սոցիալական խնդիր է լուծելու եւ այս տեսակետից նույնպես դիտվում է որպես դրական երեւույթ:
Մեր որոշ կայքեր ու լրագրեր, սակայն, Վրաստանի իշխանությունների այս որոշմանը մոտեցան մեկ այլ տեսանկյունից, որի մասին ոչ ասես, ոչ պատմես, այլ դրանով միայն հիանաս: Ինչո՞ւ ազգային պարը դարձնել պարտադիր ուսուցվող առարկա: Չէ՞ որ կլինեն երեխաներ, ում մոտ լավ չի ստացվի պարել եւ նրանց մեջ հակակրանք կառաջանա ազգային այնպիսի մի երեւույթի նկատմամբ, ինչպիսին պարն է: Ահա այսպես զայրացած հարցում է հղում իր ընթերցողների բանակին՝ մեր հայտնի կայքէջերից մեկը: Վրացի մատաղ սերնդի հոգեկերտվածքի ապագայի հանդեպ ինչպիսի~ մտահոգություն: Եվ, այնուամենայնիվ, շատ ավելի հետաքրքիր կլիներ իմանալ ՀՀ ԿԳ նախարարի կարծիքներն այս հարցում: Չէ՞ որ հատկապես նա, ինչպես տեղեկացավ հայ ժողովուրդը, օրերս մասնակցել է ՀՀ կառավարության մի նիստի, որտեղ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսման որակի բարձրացման հետ կապված հարցեր են քննարկվել: Թե կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նոր ուսումնական տարում ուսման որակի բարձրացման ուղղությամբ, մենք այդպես էլ գլխի չընկանք՝ հեռուստաալիքների հաղորդավարների հայերենանման խոսքի ու մեկ էլ՝ բառերի անհարկի կուտակումների պատճառով: Բայց կյանքի դպրոցը, որի աշակերտն ենք բոլորս, մեզ սովորեցրել է, որ երբ մի բանի մասին այսքան խուճուճ-մուճուճ են խոսում, ուրեմն ոչ մի բան էլ չեն պատրաստվում անել: Այսինքն՝ պատրաստվում են մի բան անել, բայց դա այն չէ, ինչի մասին խոսում են մի չլսված «բարձրագույն» հայերենով: Մեր կառավարությունում ճիշտ այդպես սկսեցին խոսել, երբ պետք էր զեկուցել ժողովրդին, թե իբր կառավարությունը դեմքով շրջվելու է դեպի գյուղատնտեսությունը: Ասվածն առաջին հայացքից այն մասին էր, կարծես, որ մեր գյուղատնտեսությունն ուր որ է առյուծի թռիչքներ է կատարելու դեպի առաջ: Բայց արդյունքում նախ՝ մնացինք առանց ոչխարի, հետո՝ ծիրանը հատով առանք, եւ ապա՝ խաղողի վրա հարձակվեց մի «ամերիկյան» բզեզ, որի դեմն առնելու միակ ճանապարհը, պարզվեց, խաղողի տեղական սորտերը վերացնելն է: Այլեւս հասկացանք, որ կառավարությունը, իսկ նրա հետ նաեւ գյուղատնտեսության նախարարությունը, դեմքով դեպի գյուղատնտեսությունը շրջվելու փոխարեն, հետույքով է շրջվել: Այլապես ինչպես բացատրենք այն փաստը, որ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, որպեսզի պարզի, թե հացի թանկացման հետ կապված Հայաստանի ազգաբնակչությանն ինչ տհաճություններ են սպասում, դիմում է ոչ թե ՀՀ կառավարությանը կամ գյուղնախարարին, այլ, ոչ ավել, ոչ պակաս՝ գործարար Սամվել Ալեքսանյանին եւ փորձում նրանից տեղեկանալ, թե հացի ինչպիսի պաշարներ ունի երկիրը: Շշմելու բան է, բայց «Ազատություն» ռ/կ լրագրողի այս նախաձեռնությունը պետք է շատ բարձր գնահատել: Ինքնաբուխ այդ քայլը մեր իրականության լավագույն բնութագրիչն է, հերթական ապացույցն այն բանի, թե ովքեր են պետության իսկական ղեկավարները:
Նորից գանք Վրաստանի դպրոցներում ազգային պարը պարտադիր առարկա դարձնելու խնդրին: Կարծում ենք՝ վատ չի լինի մեր կառավարությունում եւ տարբեր գերատեսչություններում որպես պարտադիր առարկա մտցնել «աշխատանքի ուսուցումը»: Իսկ նրանց վրա, ովքեր կդժվարանան յուրացնել այդ դիսցիպլինի դրույթները, խաչ քաշել եւ չմտածել, որ այդ հանգամանքը վատ կանդրադառնա նրանց առողջությանն ու նրանց նուրբ հոգիներում հակակրանք կարթնացնի սահմանադրությամբ իրենց իրավունքի եւ պարտականության՝ աշխատանքի հանդեպ: