Քիրվայության եւ ավազակապետության միջեւ
Հայաստանի քաղաքական համակարգին ի սկզբանե բնորոշ է եղել անտագոնիզմը:
Անցած 20 տարիներին իշխանություններն ու ընդդիմությունը շռայլորեն անվանարկել են միմյանց՝ «թալանչի», «դավաճան» բառերը դարձնելով քաղաքական բանավեճի անքակտելի մաս: Բացառությամբ 1991թ. նախագահական եւ 1999թ. խորհրդարանական ընտրությունների՝ մնացած բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են օրվա ընդդիմության կողմից, հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», հետընտրական զարգացումները ունեցել են դրամատիկ, երբեմն՝ ողբերգական վերջաբան: Արդյունքում՝ ունեցել ենք ավելի անվերահսկելի իշխանություններ, քաղկալանավորներ, հուսահատ եւ երկիրը լքող հասարակություն:
Կոնկրետ այսօրվա քաղաքական քարտեզի հիմքը դրվեց 2007թ. վերջին, երբ գործող իշխանության վերարտադրության ճանապարհին հայտնվեց լուրջ խոչընդոտ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադառնալու հրապարակային հայտով: «Ավազակապետություն» եւ «քիրվայություն» բառերը, որով Սերժ Սարգսյանի եւ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները որակում էին միմյանց՝ դարձան այն նշանային տերմինները, որոնք լավագույնս բացահայտում են այսօրվա քաղաքական համակարգի իռացիոնալ բնույթը: Երբ իշխանության ներկայացուցիչները՝ պարզունակ մեկնաբանություններ տալով ԼՂ խնդրում եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջին նախագահի մոտեցումներին, նրան մեղադրում էին քիրվայության մեջ՝ այստեղ վարկաբեկվում էր ընտրություն գաղափարը, որովհետեւ դավաճանի հետ ընտրական մարաթոնի չեն մասնակցում, նրան դատում են:
Երբ Լ. Տեր-Պետրոսյանը իշխանություններին որակեց «ավազակապետություն» բառով, դարձյալ ընտրության ինստիտուտը կորցրեց իմաստը, որովհետեւ ընտրության հիմնական առաքելությունն իշխանության քաղաքական ժառանգականությունը, լեգալ փոխանցումը ապահովելն է, իսկ ավազակապետությունը կարող է կործանվել ոչ թե ընտրությունների, այլ միայն գրոհի, նվաճման միջոցով: Արդյունքում՝ ընտրական պրոցեսում մրցակցության էլեմենտները, իրական քաղաքականությունը ոչնչացվեցին՝ տեղը զիջելով կոշտ ուժային հակադրությանը, ինչի հետեւանքներն ակնհայտ են. հերթական կեղծված ընտրություններ, մարտի 1, հասարակությունից օտարված եւ նոր համակարգ ստեղծելու կարողություն չունեցող իշխանություն, արագ իշխանափոխություն խոստացող ու այդ խոստումների գերին դարձած եւ հասարակությանը հիասթափեցնող ընդդիմություն, անվերահսկելի ուժայիններ, իրավազրկված քաղկալանավորներ:
2008-ի ընտրական պրոցեսն իր բնույթով գաղափարական չէր, նույնիսկ քաղաքական չէր՝ դասական իմաստով: Այն ռեսուրսային էր, որի իմաստը՝ իշխանության համար, սեփական համակարգը կոնսոլիդացնելն էր, ընդդիմությունն էլ փորձում էր կազմաքանդել նույն այդ համակարգը: Այս պայմաններում քաղաքական սուբյեկտները մրցակցել, կոմպրոմիսների գալ չէին կարող. մեկի հաղթանակը մյուսի անվերապահ կապիտուլյացիան էր կամ՝ հակառակը: Նման համակարգերը զարգացման հեռանկար չունեն: Պատահական չէ, որ, օրինակ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ նույնիսկ անկախ իր ցանկությունից, դարձել էր ընտրական կամպանիայի առանցքային դեմքերից մեկը: Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում վանկարկում էր գեներալի անունը՝ ցույց տալով, որ հասարակությանը միավորելու է ոչ թե կրեատիվ գաղափարի, այլ՝ իշխանության կազմաքանդման թեզի շուրջ: Իշխանությունը՝ հրապարակային ու ստվերային շանտաժի միջոցով կաշկանդում էր Մանվելին: Վերջինս շատ շուտով թշնամի դարձավ երկու ճամբարների համար, որոնցում դեռ երեկ նա փառապանծ գեներալ ու հերոս էր: Ու դա այն պատճառով, որ գեներալը չարեց այն, ինչը չպիտի աներ. նա իշխանության հրամանով չկրակեց անզեն մարդկանց վրա, բայց եւ չընտրեց Ազատության հրապարակի հարթակում «հերոսանալու» տարբերակը:
Նախագահական ընտրություններից երկուսուկես տարի հետո մեր քաղաքական համակարգին բնորոշում է դարձյալ հակադրության մթնոլորտը: Ժողովուրդը տուն է գնացել անտարբեր՝ դիտորդի կարգավիճակով հետեւելով Բաղրամյան եւ Կորյունի փողոցներից եկող անհասկանալի մեսիջներին:
Արդեն քչերն են հավատում, որ Սարգսյանին կհաջողվի ստեղծել նոր, ավելի բաց համակարգ: Քաղաքական, տնտեսական հարաբերություններում նույն մոնոպոլ դրսեւորումներն են, վերացված չեն «Մարտի 1»-ի հետեւանքները, արտաքին քաղաքական նախաձեռնություններն իրենց բնույթով հակասական են եւ հետեւողականությամբ աչքի չեն ընկնում: Իշխանությունը հասարակության հետ երկխոսություն ծավալելու փոխարեն՝ գերադասում է իր կայունության եւ լեգիտիմության հետ կապված խնդիրները լուծել արտաքին աշխարհում: Դրա վառ ապացույցը ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի չհիմնավորված երկարաձգումն էր, որն էական հարված է հասցնում Հայաստանի անկախությանը, լուրջ խնդիրներ կարող է հարուցել մեր եւ հարեւան երկրների, մասնավորապես՝ Վրաստանի հարաբերություններում:
Արդյո՞ք իշխանության նման որակն արդարացնում է հայաստանյան ընդդիմության այսօրվա վիճակը: Ոմանք կարծում են, որ նման իշխանության պայմաններում՝ ընդդիմությունն ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծելու, երկարաժամկետ խնդիրներ ձեւակերպելու անհրաժեշտություն չունի եւ իր ուժերը պետք է կենտրոնացնի բացառապես իշխանափոխության խնդիրը լուծելու համար: Այդ մարդիկ չարաչար սխալվում են, որովհետեւ որակապես նոր համակարգ չստեղծած ընդդիմությունը չի կարող դիտվել իբրեւ իրական այլընտրանք եւ հետեւաբար՝ անլուծելի է դառնալու իշխանափոխության խնդիրը:
Մյուս կողմից, եթե ընդդիմությունը որակապես նոր, բաց համակարգի կրող չէ, իշխանափոխությունը ոչ միայն չի կարող որակական փոփոխություններ առաջացնել երկրում, այլ՝ կարող է դառնալ համապարփակ ճգնաժամի պատճառ: Դրա վառ վկայությունը 1998-ի իշխանափոխությունն էր, որը ոչ թե քաղաքական գործընթացի, այլ հեղաշրջման հետեւանք էր: 2008-ի նախագահական ընտրություններից հետո՝ ՀԱԿ-ը նոր համակարգ ստեղծելու, երկարաժամկետ քաղաքական պրոյեկտ դառնալու շանս ուներ, որը, սակայն, իրականություն չդարձավ Կորյունի գրասենյակում ձեւավորված ընդդիմադիր նոմենկլատուրայի ոչ ադեկվատ քայլերի պատճառով: Հատկապես Երեւանի քաղաքապետական ընտրություններից եւ հայ-թուրքական գործընթացի մեկնարկից հետո՝ Կոնգրեսը քաղաքական նախաձեռնությունն ամբողջապես զիջեց իշխանություններին՝ դառնալով նրանց քայլերը անհաջող արձագանքող վերլուծական կենտրոն: Ավելին, ՀԱԿ-ի ասելիքի գլխավոր հասցեատերը դարձյալ ոչ թե Հայաստանի քաղաքացին է, այլ՝ արտաքին աշխարհի ազդեցիկ կենտրոնները, որոնք, սակայն, բոլոր դեպքերում գերադասում են գործ ունենալ իրական իշխանության հետ:
Թե իշխանության եւ թե ընդդիմության ճամբարներում ստեղծվել են ավտորիտար փակ համակարգեր, որոնք չեն կարող ձեւակերպել երկրի զարգացման բանաձեւը: Սեփական պատրոններին քծնելը, նրանց ցանկացած քայլին ծափերով արձագանքելը՝ հիշեցնում են խորհրդային հոռի բարքերը: Թե իշխանության եւ թե ընդդիմության ճամբարներում էլիտաները հակադրության մոդելը դարձրել են իրենց գոյության, ազդեցության մեծացման միակ գործոնը: Հակադրության ռեժիմն անվերահսկելի ու սանձարձակ է դարձնում ուժային կառույցներին՝ իշխանության ներսում «արժեւորելով» նրանց դերակատարությունը, ինչը լուրջ խոչընդոտ է հնարավոր բարեփոխումների անցկացմանը: Հակադրության ռեժիմը դառնում է նաեւ ընդդիմության նոմենկլատուրայի գոյության միակ աղբյուրը՝ նրանց ազատելով նոր իդեաներ գեներացնելու, նոր մոտեցումներ ձեւակերպելու գլխացավանքից:
Այս առումով եմ ասում, որ իշխանության եւ ընդդիմության համակարգերն իրարից որակապես չեն տարբերվում: Խոսքը ոչ թե մարդկանց մտավոր ու բարոյական ներուժի, այլ՝ համակարգերի տրամաբանության մասին է: Պատահական չէ, որ երկու համակարգերն էլ գործում են ռուսական դաշտում՝ կենաց-մահու կռիվ տալով չեկիստական Ռուսաստանի առաջին դեմքերին քծնելու մրցավազքում: