Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԽԱԽՏՎԵԼ Է

Սեպտեմբեր 01,2010 00:00

Երեկ Գեղի-Կապան ջրագծում կրկին վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով հերթական անգամ խախտվել է Կապան քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը: Վերջերս Կապան քաղաքին ջուր սնուցող  այս ջրագիծը հաճախակի է վթարի ենթարկվում ու արդեն որերորդ անգամ բնակչության դժգոհությունն ու զայրույթն առաջացնում: Ի դեպ, նախորդ օրերին էլ էր խնդիրներ առաջացել ջրամատակարարման գրաֆիկում: Ընկերության Հարավային մասնաճյուղի տրամադրած տեղեկատվության համաձայն` գրաֆիկի շեղումն այս անգամ պայմանավորված էր որոշ բաժանորդների կողմից ոռոգման ջրի ապօրինի օգտագործման հետ: Ինչ վերաբերում է երեկվա վթարին, պատասխանատուների հավաստմամբ, աշխատանքներ տարվում են դրա վերացման ուղղությամբ եւ երեկոյան բաժանորդներին նորմալ գրաֆիկով ջուր կմատակարարվի: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղից եւ խոստացան առաջիկայում հենց «Առավոտին» պարզաբանումներ տալ Կապանի ջրամատակարարման համակարգում առկա իրավիճակի վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է ջրի որակական ցուցանիշներին, Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Լենա Մալինցյանը հավաստիացնում է, որ շեղումներ չկան, իսկ տարածված այն լուրերը, որ Կապանի զորամասերից մեկում բռնկված դիզենտերիայի պատճառը կարող է ջուրը լինել, որն էլ քաղաքի բնակչության շրջանում խուճապի տեղիք է տվել, զրուցակիցս հերքեց, նշելով, որ վարակի պատճառը կարող է  սննդից լինել, բայց ոչ ջրից, քանի որ հսկողություն է իրականացվում կենտրոնի կողմից եւ  ջրի նմուշներում որակական փոփոխություններ չեն գրանցվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել