Խաղաղության ամենալավ պաշտպանը ազատագրված հողում կառուցված տունն է
1993 թվականին՝ արցախյան պատերազմի թեժ տարիներին, Հայաստանի Արմավիրի մարզի Արշալույս գյուղից Նազիկ մայրիկը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մայրը, հավաքելով պատերազմում զոհված մի քանի տղաների ծնողների, այցելեց Հադրութ: Հենց Հադրութում էին ընկել նրանց հերոս զավակները, հենց Հադրութում էր դեռ շարունակվում պատերազմը: Տարեց կնոջ քայլը նախադեպ հանդիսացավ բոլոր այն հայերի համար, ովքեր հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո ազատագրված տարածքներ այցելելու, տեղի բնակչության հետ շփվելու, նրանց հնարավորինս աջակցելու ցանկություն ունեին:
Այդ այցելությունները նախ ԵԿՄ ծրագրային դրույթի, ապա՝ ավանդույթի վերածեց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Այցերը հետագայում ուխտագնացություն անունը ստացան՝ հանուն ԼՂՀ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի հավերժացման:
Արդեն 17 տարի է՝ երկրապահները, գեներալի գլխավորությամբ, ԼՂՀ անկախության հերթական տարեդարձի նախաշեմին այցելում են իրենց իսկ ազատագրած տարածքները, հանդիպում բնակչության հետ, ի լուր աշխարհի ազդարարելու, որ խաղաղության ամենալավ պաշտպանը ազատագրված հողում կազմավորված ամուր ընտանիքն է, եւ զավակի համար կառուցվող տունը:
Այս տարվա ուխտագնացությունը իր մեջ եռատոն էր պարունակում. նվիրված էր ոչ միայն ԼՂՀ անկախության 19-ամյակին, այլեւ՝ Շուշիի ազատագրման եւ 5-րդ լեգենդար բրիգադի կազմավորման 18-ամյակներին:
Ուխտագնացների հանդիպումները մեկնարկեցին Սյունյաց աշխարհից՝ հասնելով մինչեւ Թալիշ, Ասկերան, Բերձոր ու Շուշի: Ամենուր նրանց սպասում ու դիմավորում էին բարձր տրամադրությամբ: Ջերմ հանդիպումների ու սրտակից զրույցների կարիք Արցախում միշտ կա: Ռազմահայրենասիրական թեմաներից բացի, տեղացիներն ու ուխտագնացները խոսեցին նաեւ սոցիալական խնդիրներից:
Ինչպես ամեն ուխտագնացության ընթացքում, այս անգամ եւս ուխտագնացները կարգի բերեցին ավելի քան 40 գյուղերի գործող, բայց մաշված մշակույթի տները, գրադարանները, բուժամբուլատորիաները: Իսկ գիտելիքի օրվան ընդառաջ՝ նույն այդ գյուղերի առաջին դասարան հաճախող դպրոցականներին դասագրքեր, դպրոցական պայուսակներ եւ գրենական այլ պիտույքներ նվիրեցին: Հետո բոլորով եւ մեծ ուրախությամբ արձանագրեցին, որ հետպատերազմյան յուրաքանչյուր տարին մի քանի դպրոցականով ավելացնում է ազատագրված տարածքների աշակերտների թիվը: Իսկ սա նշանակում է, որ արյամբ ազատագրված հողը էլ ավելի է ամրանում այնտեղ, ուր մանկան ճիչ է լսվում ու դպրոցի զանգ ղողանջում:
Արցախցիները մեկշաբաթյա հագեցած հանդիպումների տպավորություններով կբոլորեն եւս մեկ տարի՝ սպասելով հաջորդ ուխտագնացությանը: