Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքում կփակվի 2 դպրոց

Սեպտեմբեր 01,2010 00:00

Գյուղական բնակավայրերում դպրոցահասակ երեխաների թիվը նվազում է

Օգոստոսի 27-ին եւ 28-ին «Առավոտը» անդրադարձել է հերթական ուսումնական տարվան ընդառաջ ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցություններին եւ ներկայացրել այս կամ այն մարզում առկա հիմնախնդիրները: Օրինակ, որ Գեղարքունիքում աճել է անչափահաս հանցագործների թիվը, Շիրակում անչափահաս հանցագործների աճը ուղեկցվել է աշակերտների քանակի նվազմամբ, Արագածոտնում կան դպրոց չհաճախող երեխաներ եւ այլն:
Անցած ուսումնական տարվա անցուդարձն ու գալիք՝ 2010-2011 ուսումնական տարվա անելիքներն ու խնդիրները քննարկվել են նաեւ Սյունիքում: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը՝ խոսելով մարզի կրթական հիմնախնդիրներից, նկատել է, որ տարեցտարի գյուղական դպրոցներում նվազում է դպրոցականների թիվը, իսկ 5-10 աշակերտ ունեցող միջնակարգ կամ հիմնական դպրոցներում ժամանակի պահանջներին համապատասխան կրթության իրականացումը գրեթե անհնար է դառնում: Աշակերտների թվի նվազումը բերում է գյուղական դպրոցների չգործելուն: Այս ուսումնական տարուց չեն գործի Սյունիքի մարզի 2 դպրոց՝ Շրվենանցի եւ Բարգուշատի, որտեղ երեխաների թիվը նվազել էր՝ հասնելով 1 կամ 2-ի, եւ նրանք համապատասխանաբար միաձուլվել են Վերին Խոտանանի եւ Սյունիքի միջնակարգ դպրոցներին:
Նույն խնդիրն ունեն մարզի Վարդավանք, Տավրուս, Ճակատեն, Ներքին Հանդ, Աղվանի, Դիցմայրի, Տանձատափ, Արավուս, Լծեն, Արեւիս, Բալաք գյուղերի դպրոցները, որտեղ աշակերտների թիվը 10-ից չի գերազանցում:
Իսկ ահա Եղեգում, Իշխանասարում եւ Սրաշենի գյուղական համայնքներում նոր դպրոցական շենքեր են կառուցվել, որոնց վրա ծախսվել է 279 միլիոն դրամ: Շինարարական-նորոգման աշխատանքներ են տարվել նաեւ Անգեղակոթի, Տեղի թիվ 1, Շինուհայրի, Որոտանի, Լորի, Գորիսի թիվ 1, 4 դպրոցներում, ծախսվել է 556 միլիոն դրամ:
Սյունիքում օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ գնահատման նոր համակարգին, որի հետ կապված՝ իրենց դժգոհություններն արտահայտեցին նաեւ դպրոցի տնօրեններից շատերը: «Չնայած գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, այնուհանդերձ համակարգում առկա թերությունների պատճառով այն չի մարսվել ուսուցիչների կողմից եւ գնահատող ուսուցչի համար պարզ չէ գնահատման նոր համակարգի նպատակը, թե որքանով նպաստեց 10 բալային գնահատման նոր համակարգը կրթության որակի բարելավմանը», սա էր հիմնական բողոքը նոր համակարգից:
Գոհացուցիչ չէին նաեւ դպրոցների կառավարման խորհուրդների կողմից կատարված աշխատանքի արդյունքները, որը կրթության վարչության պետը պայմանավորում է խորհրդի անդամների ոչ սրտացավ վերաբերմունքով: Միակ ուրախալին առաջին դասարանցիների քանակի աճն է: 2010-2011 ուստարում Սյունիքում առաջին անգամ դպրոցներ ու գիշերօթիկ հաստատություններ կհաճախի 1682 երեխա, իսկ նախորդ ուստարում առաջին դասարանցիների թիվը 1643 էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել