Իսկ Արագածոտնի մարզպետարանում տեղյակ չեն
Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի յոթ երեխա գտնվում է Թալինի հիվանդանոցում: Նրանց օրգանիզմում բրուցելոզ է հայտնաբերվել, որը երեխաներին է փոխանցվել նույն այդ հիվանդությամբ վարակված անասնամսից:
«Առավոտի» տեղեկություններով, կենդանիների վարակված միսը նույնիսկ մայրաքաղաք է հասել՝ հանձնվել խանութներին եւ անգամ՝ սուպերմարկետներին:
Թե Իրինդում, թե հարեւան գյուղերում մարդիկ անհանգիստ են. վախենում են՝ հանկարծ վարակված կլինեն:
Կատարվածի մասին Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչությունում տեղյակ չէին: Իրենց սպասարկման տարածքում արձանագրված վարակի տարածման մասին լուրը վարչության պետ Յուրա Ազատյանը «Առավոտից» տեղեկացավ, որից հետո պատրաստակամություն հայտնեց «ինֆորմացիան ճշտելու դեպքում՝ տեղեկացնել»:
Ըստ վարչության պետի «ճշտած ինֆորմացիայի»՝ կա նման բան. Իրինդում, իրոք, կան բրուցելոզով վարակված եւ երեխաներ, եւ կենդանիներ: «Երրորդ ստուգումից հետո 25 կովերից 22-ը վարակված է բրուցելոզով: Դրանց մորթել-վաճառել են: Ստուգայցերը շարունակվում են»: Երբ փորձեցինք ճշտել՝ արդյոք այդ միսը չէ՞, որ հասել է մայրաքաղաքի խանութներ, Յուրա Ազատյանը բացառեց: Նրա ասելով՝ այնպիսի հսկողություն կա, որը թույլ չի տա վարակված միսը առողջի տեղ անցկացնել, իսկ հիվանդ կովերին տարել են Ողջաբերդի սպանդանոցից: «Դրանց միսը ոչ թե խանութներ են տանում, այլ օգտագործում են երշիկի արտադրության մեջ: Շոգեխաշումից բրուցելոզը վերանում է»,- ասաց մարզպետարանի գյուղվարչության պետը:
Իրինդցի վարակված կովերի միսը թե հատկապես ո՞ր երշիկ արտադրող ընկերություններին է հանձնվել՝ չգիտեր ոչ Ազատյանը, ոչ էլ Իրինդի գյուղապետ Ալեքսան Քոթանյանը: Գյուղապետի կարծիքով՝ վարակի աղբյուրը, ըստ ամենայնի՝ դրսից բերված անասունն է եղել, որի տերը չի էլ իմացել, թե ինչ է ներմուծում: «Ոչ թե մեկ, այլ մի քանի գյուղացու կովեր են: Արդեն երրորդ անգամ մարդկանց ու կենդանիների արյունը լաբորատոր ստուգման է ենթարկվում: Էդ դեպքից հետո նորերը դեռ չեն հայտնաբերվել»,- տեղեկացրեց համայնքի ղեկավարը: Իսկ բուժման կուրս անցնող երեխաների մասին էլ ասաց՝ կամաց-կամաց դեպի լավն են գնում: