Գործն իրար վրա են գցում
Սկիզբը՝ նախորդ համարում
Անցած տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպություն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը:
Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը:
«Խնդիրը ոչ թե խուզարկության օրինականությունը կամ անօրինականությունն է, քանի որ կան փաստեր, որ դա եղել է, այլ այն, որ Լոռու մարզի դատախազությունը որոշում չի կայացրել, այլ կազմակերպության ուղարկած հաղորդմանը պատասխանել է գրությամբ,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը,- խնդիրը դատախազության անգործությանն է. համաձայն օրենսդրության, դատախազությունը, որպես վերահսկող մարմին, պետք է որոշում կայացներ՝ կամ քրեական գործ հարուցելու, կամ այն մերժելու, կամ էլ այն ըստ ենթակայության հանձնելու մասին: Դատախազը, սակայն, այս երեք տարբերակներից որեւէ մեկը չի կիրառել»:
Փաստորեն, որոշում կայացնելու փոխարեն իրավապաշտպան կազմակերպությանն ուղարկվել է ընդամենը գրություն, ինչը դատական կարգով հնարավոր չէ բողոքարկել:
Լոռու մարզի դատախազությունը ապրիլ ամսվա դատարանի ընդունած որոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյան:
Լոռու մարզի դատախազի բողոքը վերաքննիչ դատարանը բավարարել է 2010թ. հունիսի 10-ին՝ պատճառաբանելով, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ չի հետազոտել՝ կազմակերպության կողմից ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին է, թե ոչ եւ գործը նորից ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ դեռ այս տարվա փետրվարին ՀՀ վերաքննիչ դատարանը գտել էր, որ Լոռու մարզի դատախազությունը մատնվել է անգործության, որ կազմակերպության կողմից ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին է, եւ բավարարել էր կազմակերպության բողոքը:
«ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է իրարամերժ որոշումներ, որոնք տրամաբանական կապ չունեն իրար հետ»,- նման որոշումները իրավաբանը անհեթեթություն է համարում:
Հունիսի 10-ի ՀՀ վերաքննիչ դատարանի մերժած որոշման դեմ կազմակերպությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գործը քննում է միջանկյալ դատական վարույթով, ոչ թե ըստ էության, եւ միջանկյալ վարույթով գործը քննելիս չէր կարող գործը բեկանել եւ ուղարկել նույն դատարան, այլ պետք է բեկաներ եւ կայացներ նոր որոշում:
«Անհասկանալի պատճառով ՀՀ Վճռաբեկ դատարանը մեր բողոքի մեջ դատավարական իրավունքի խախտում չի գտել, սակայն ես գտնում եմ, որ առկա է դատավարական իրավունքի խախտումը, որովհետեւ ՀՀ վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորություններից, գործը բեկանել եւ ուղարկել է նոր քննության, սակայն կարող էր բեկանել եւ կայացներ նոր որոշում, դա կոպիտ դատավարական խախտում է»,- բացատրում է իրավաբան Զալյանը:
Այժմ գործը գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Օրերս կայացած դատական նիստն էլ հետաձգվեց՝ դատախազությունից ներկայացուցիչ չլինելու պատճառով:
«Ստացվում է, որ 2009թ. նոյեմբերի 16-ից մինչ օրս ՀՀ դատարանները Լոռու մարզի դատախազության անգործությունը չեն կարողանում վերացնել, մի դատարան կայացնում է մի որոշում, մյուսն՝ այլ, գործն էլ ձգձգվել է ոչ թե դատաքննության փուլում, այլ՝ դատարանների՝ իրարամերժ որոշումներ կայացնելու հետեւանքով»,- պարզաբանում է իրավաբանը: