Օգոստոսի 30-ին Հանքավանի «Տաք ջրերի» մոտ գտնվող անտառում ծառեր են հատվել: Այս մասին ահազանգում է «ԷկոԼուրը»: Նրանց ներկայացմամբ, իրենք Կոտայքի մարզ էին այցելել՝ բնապահպանական մոնիտորինգ իրականացնելու եւ «Տաք ջրերի» մոտ նկատել են մի երիտասարդի, որը ջանասիրաբար ծառեր էր հատում. «Մեզ տեսնելով՝ երիտասարդը հեռացավ: Դրանից հետո, շրջելով անտառում, մենք տեսանք բազմաթիվ կտրված ծառեր, կոճղեր, գետնին ընկած թարմ ճյուղեր: Նկատելի էր, որ տարածքը ոչ մեկի կողմից չէր վերահսկվում»: Բացի այդ, «ԷկոԼուրը» անհանգստություն է հայտնում այն մասին, որ «Անտառային մոնիտորինգի կենտրոնին», որը կոչված է վերահսկելու անօրինական ծառահատումները, չեն կարողանում իրենց հայտնաբերած ծառահատումների մասին հայտնել, քանի որ վերջիններս չունեն «թեժ գիծ», եւ ոչ ոք չգիտի, թե որ հեռախոսահամարով կարելի է հայտնել խախտումների մասին: