Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղալիք ռումբերի վաճառքը չեն կարող արգելել

Սեպտեմբեր 01,2010 00:00

Մինչեւ մի շարք գերատեսչությունների ստուգայցերը չապացուցեն, որ դրանք առանց լիցենզիա են վաճառվում,
պայթելիս թույլատրելի սահմանից ավելի աղմուկ են արձակում եւ իսկապես վնաս են հասցնում մարդկանց:

Մի քանի տարի առաջ Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվարդ Զախարյանի որոշմամբ, մայրաքաղաքում արգելվեց հրագործական ապրանքների դասին պատկանող խաղալիք ռումբերի վաճառքը եւ բոլոր խանութներից դրանք հավաքվեցին, անգամ արգելվեց դրանց ներկրումը: Պատճառը երեւանցիների բազմաթիվ բողոքներն էին. նախ դրանք մեծ աղմուկ էին առաջացնում՝ իրական ռումբի պայթյունի ձայնի նման, որով էլ լեղաճաք էին անում երեւանցիներին եւ հետո այնքան էլ անվտանգ չէին՝ մի քանի երեխա տուժել էր այդ ռումբերի պայթյուններից՝ վնասելով ականջների թմբկաթաղանթները եւ մատները: Բացի այդ, չարաճճի աշակերտները հաճախ էին այս ռումբերը պայթեցնելու միջոցով դասաժամեր խափանում:
Չնայած նախաձեռնած միջոցառումներին եւ մի քանի տարի շարունակվող հսկողություններին, որ այս հրագործական խաղալիքները հանկարծ չհայտնվեն վաճառակետերում, օրերս Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի խանութներում խաղալիք ռումբերը սկսել են ազատ վաճառվել: Շիրազի փողոցի բնակիչները արդեն չգիտեն՝ ինչ մեթոդների դիմեն, որ այլեւս այդ պայթյունների ձայները չլսեն: «Մի քանի անգամ դիմել ենք եւ վարչական շրջանի ղեկավարին, եւ ոստիկանություն, գալիս են ստուգման, չգիտենք ինչ են անում, մի 2 օր դադարում են պայթյունները, հետո նորից են սկսվում: Նոր Տարի էլ չի, որ մտածենք, դե լավ, երեխաներն ուրախանում են, կամ սալյուտ չի, որ մենք էլ հիանանք, անիմաստ պայթյուններ են, որոնք խաթարում են մեր հանգիստը: Քաղաքի կենտրոնում նման բան չեն անի, հենց ծայրամասերում են բերում վաճառելու, որ չբռնվեն»,- դժգոհում էին Աջափնյակի բնակիչները: Նրանց խոսքերով, իրենք Շիրազի փողոցում գտնվող խանութների տերերին էլ են բողոքել, սակայն ոչինչ չի փոխվում. «Արդեն մեկ ամիս է, առավոտյան եւ երեկոյան պայթյունների ձայներն ենք ըմբոշխնում: Այդ ռումբերն այնքան էլ թանկ չեն, հենց դա է պատճառը, որ մեր առօրյան խառնվել է իրար»:
Մենք Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության աշխատակից Ալֆրեդ Հունանյանից հետաքրքրվեցինք, թե այս աղմուկը դադարեցնելու ուղղությամբ իրենք ինչո՞ւ որեւէ աշխատանք չեն իրականացնում, որին նա պատասխանեց. «Մենք չենք կարող որեւէ կերպ արգելել այդ ապրանքների վաճառքը, դրանք լիցենզավորված են ֆինանսների նախարարության կողմից: Մեր վերահսկողության տակ է այն, որ դրանց պայթյունից առաջացած աղմուկը նորման չգերազանցի, մանավանդ՝ գիշերային ժամերին: Եթե բողոք լինի, մենք առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետների հետ կայցելենք տվյալ վայր եւ աղմուկի թույլատրելիի սահմանը գերազանցելու չափումներ կանենք, նոր միայն մենք կարող ենք այն վաճառող կազմակերպություններին տույժ ու տուգանքի ենթարկել»: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս ապրանքների վերահսկողության ու պահպանման խնդիրները դրված են ոստիկանության վրա:
Սա կրկնեց նաեւ էկոնոմիկայի նախարարության որակի տեսչության պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանը, սակայն ավելացրեց. «Մենք վերահսկում են հրագործական ապրանքների մի մասը, իսկ խաղալիք ռումբերը մեր վերահսկողության տակ են: Մենք հիմնականում դրանք ստուգում ենք տոներից առաջ, քանի որ հենց այդ ժամանակ են դրանք ավելի մեծ թափով վաճառվում: Անցյալ տարի մենք այդ ռումբերը ստուգեցինք եւ որեւէ վտանգավոր բան չհայտնաբերեցինք այս խաղալիքների բաղադրության մեջ»:
Ֆինանսների նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ հրագործական ապրանքների համար իրենք տալիս են արտադրության, ներմուծման կամ առեւտրի պարզ ընթացակարգով լիցենզիա, որի դեպքում վերահսկողություն չեն սահմանում. «Քանի որ դուք միայն վայրն եք նշում, այլ ոչ թե կազմակերպության անունը, մենք չենք կարող ասել՝ այս ընկերությանը տրվե՞լ է նման ապրանք ներկրելու կամ վաճառելու թույլտվություն, թե՝ ոչ»:
Պարզվում է, որ Ե. Զախարյանի որոշումը ոչինչ էլ չէր նշանակում, քանի որ այս ռումբերն առանց դժվարության կարող են վաճառվել բոլոր խանութներում՝ լինեն օրինական ճանապարհով ներմուծված, թե ինքնաշեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել