Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՎ ԲՈՒՀԵՐ

Սեպտեմբեր 01,2010 00:00

\"\"Շիրակի մարզի ամենամեծ բուհը եւս ֆինանսատնտեսական վատ վիճակում է

Երկրաշարժից հետո՝ 22 տարի շարունակ, Շիրակի մարզում քիչ թե շատ կայուն աշխատատեղեր ապահովում են պետական բուհերն ու դպրոցները: Երբեմնի հարուստ արդյունաբերական մարզում չկա որեւէ արդյունաբերական ձեռնարկություն, որը էապես կմեղմացնի գործազրկությունը, եղածներն էլ, օրինակ՝ պատգամավորներ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանը կամ Սամվել Ալեքսանյանի նորաստեղծ շաքարի գործարանը, մեղմ ասած, անճար են մարզում աճող գործազրկության ու արտագաղթի դեմ: Այս տարի վիճակն ավելի է վատացել. բուհերում, դիմորդների պակասի պատճառով, աշխատատեղեր են կրճատվում ու դասախոսներ են աշխատանքից հեռացվում: Գյումրու մայր բուհում՝ Մանկավարժական ինստիտուտի ստացիոնար համակարգում 770 ուսանողի փոխարեն 453-ն են ընդունվել, այսինքն՝ 320-ով կրճատվել է ուսանողների թիվը, անցած տարի էլ է ընդունվողների թիվը նախատեսվածից 400-ով պակաս եղել, ինչը պատճառ է դարձել որոշ կադրերի գործազուրկ դառնալուն:
«Առավոտը» բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանից հետաքրքրվեց, թե իրենց մոտից արդեն քանի՞ դասախոս է աշխատանքից հեռացվել ու առհասարակ բուհն ինչպե՞ս է տեղավորվելու ֆինանսական ծախսերի մեջ, որին նա պատասխանեց. «2 տարվա կտրվածքով մենք արդեն մի տարվա ընդունելություն կորցրել ենք, իսկ եթե դա վերածենք հաստիքների, մոտավորապես 80 հաստիքի կրճատում կլինի, եթե մի հաստիքը 10 ուսանողով հաշվենք, 800 ուսանողը 80 հաստիքի կրճատում է, իսկ եթե վերածենք գումարայինի՝ միջինը 200 միլիոն դրամի կորուստ է ինստիտուտի համար, իսկ 200 միլիոնը մեր ինստիտուտի աշխատակիցների 5 ամսվա աշխատավարձն է»: Նրա ներկայացմամբ, թեեւ այս տարի մեծ թվով կրճատումներ չեն լինելու՝ ինստիտուտի ղեկավարությունը հնարավորինս ամեն ինչ անելու է մարդկանց «փողոց չնետելու» համար, այդուհանդերձ, այս պահին արդեն իսկ կան կրճատված մասնագետներ. «Քանի որ երաժշտության բաժինը փակվել է, իսկ այնտեղ կար 15 մասնագետ, հետեւաբար անխուսափելի էին կրճատումները, նմանապես գերմաներենի, ֆրանսերենի, լրագրության, նախադպրոցական հոգեբանության, սոցիալական աշխատանքի բաժիններից»: Ըստ Վարդեւան Գրիգորյանի, աշխատատեղեր կորցնելու վտանգն անխուսափելի կդառնա հատկապես հաջորդ տարի, քանի որ հանրակրթական դպրոցները շրջանավարտ չեն տալու, եւ ընդունելությունը լինելու է մասնակի: Մեր այն հարցին՝ եթե վիճակն այսքան վատ է, հնարավո՞ր է, որ Գյումրու մանկավարժականը դադարի խոշոր հարկատու լինելուց, պարոն Գրիգորյանը թեեւ դժվարացավ հստակ պատասխանել, սակայն, ըստ նրա, կադրային կրճատումների դեպքում կենսաթոշակայինին մուծվող գումարը բնականաբար նվազելու է. «Կենսաթոշակային ֆոնդին մենք մուծում ենք մեր աշխատողների քանակով, ամսական միայն 8 միլիոն կենսաթոշակային ֆոնդին ենք մուծել, ինստիտուտը տարեկան կտրվածքով 140 միլիոն դրամից ավելի հարկեր է մուծել, մենք պետությունից ստացել ենք ընդամենը 220 միլիոնի չափ, բայց 145 միլիոն դրամի չափ տարբեր հարկատեսակներ ենք մուծել: Մի խոսքով, պետության հատկացրած գումարները նորից պետական բյուջե ենք մուծել»: Նա ավելացրեց նաեւ, որ բուհի տնտեսական ծախսերն այսօր մնացել են ինստիտուտի հույսին, հատկապես վճարովի համակարգի, իսկ պետությունը վճարում է իրենց ծախսերի 20-25%-ը միայն. «Ճիշտ է, պետությունը մի դրական քայլի գնաց, կրճատեց պետպատվերի տեղերը, եթե նախկինում 162 էր, մնացել է 81-ը: Ֆինանսավորումն էլ չպակասեցրին, այսինքն՝ եթե նախկինում մի ուսանողի համար տալիս էր 200 հազար դրամ, ապա հիմա պետպատվերով սովորող մի ուսանողի համար տալիս է 400 հազար դրամ: Բայց սա էլ բուհին վատ վիճակից չի հանում: Մեր ամսական աշխատավարձը՝ հարկերով, մոտավորապես 40 միլիոն է կազմում, իսկ 200 միլիոնի կորուստը մեր 5 ամսվա աշխատավարձն է»: Նա կանխատեսեց, որ ինստիտուտի ճգնաժամը կշարունակվի եւս 4-5 տարի, իսկ նման պայմաններում աշխատավարձերի բարձրացման մասին խոսք լինել չի կարող:
Բացի այդ, ըստ Վարդեւան Գրիգորյանի, այսօր ուսանողներն էլ իրենց բուհին 54 միլիոն դրամ վարձավճարի պարտք ունեն. «Բանկերից էլ չեն կարող վարկ վերցնել, քանի որ ծնողները կայուն աշխատատեղ չունեն: Տա Աստված, տնտեսական ճգնաժամից հանրապետությունը դուրս գա, եւ պետությունը հնարավորություն ունենա բյուջեից բուհերին հատկացվող գումարներն ավելացնել, որպեսզի 3-4 տարիների ընթացքում բուհերը գոյատեւեն, ու կադրային ջարդ չլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել