Սեպտեմբերի 7-ից հետո սպասվում է ջերմաստիճանի նվազում: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքերով, սեպտեմբերն անցումային ամիս է, բնականաբար առաջին կեսը շատ ավելի տաք է լինում, քան երկրորդը. «Սեպտեմբերի առաջին տասնօրյակի միջին ջերմաստիճանը 23 աստիճանի է հասնում, վերջին օրերի ջերմաստիճանը գրանցվում է 18-19 աստիճան: Սեպտեմբերին միջին ամսական նորման 20-21 աստիճան է: Այդ ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, դրական շեղումով՝ 1 աստիճանով բարձր: Տեղումներն էլ կլինեն նորմայի սահմաններում»:
Խոսելով Արարատյան դաշտի ջերմաստիճանի մասին՝ նա ասել է, որ այստեղ էլ օդի ջերմաստիճանը չի գերազանցի 36 աստիճանը, իսկ լեռնային շրջաններում կլինի 30 աստիճան տաքություն, Տավուշում ու Սյունիքում էլ սպասվում է մինչեւ 35 աստիճան տաքություն: Այս տարվա շոգ ամռան թեմային էլ անցնելով՝ նա հայտնել է, որ ամառային սեզոնի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր էր նորմայից, տեղումները պակաս էին: