Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է սուտ խոսում

Սեպտեմբեր 01,2010 00:00

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անդրադառնալով «Առավոտի» 28.08.2010թ. «Չգիտեմ որտեղից են հորինում» հրապարակմանը, պարզաբանել է այնտեղ տեղ գտած ՀՀԿ պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի որոշ հայտարարություններ: ԱԺ պատգամավորը ձվի շուկայում ստեղծված իրավիճակը, մասնավորապես գների նվազումը պայմանավորել էր ձվի մոտ 40% գերարտադրությամբ: «40% չգիտենք, որովհետեւ պաշտոնական վիճակագրությունն ասում է 30% աճ, սա էլ արդեն լուրջ թիվ է: Հետաքրքիրն այն է, որ ձու արտադրողների ներկայացրած տվյալները նայելով, բոլորի մոտ էլ խոշոր աճ ենք տեսնում, բացառությամբ պարոն Մանուկյանի ղեկավարած ֆաբրիկայի, որտեղ արտադրության 20% անկում է գրանցվել: Այսինքն՝ նա էլ է համոզված, որ գերարտադրություն կա, բայց իր ներկայացրած տվյալները խոսում են արտադրության ծավալների նվազման մասին, ստացվում է՝ նա սխալ տեղեկատվությո՞ւն է ներկայացրել հանձնաժողովին»:
Պարոն Շաբոյանը անդրադարձավ նաեւ պատգամավորի այլ հայտարարությունների, մասնավորապես, թե հիմա խանութներում հազար տեսակի ձու է վաճառվում՝ «մեկը մատով պեչատած ձու է վաճառում, մեկն էլ՝ անհասկանալի ծագումով»: Շաբոյանն ասաց.«Իմ հանձնարարությամբ մոնիտորինգի հատուկ խումբը այցելել է սուպերմարկետներ եւ բացահայտել, որ մակնշման բացակայության համար տուգանված ընկերությունները, օրինակ՝ «Արաքս» եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաները տուգանվելուց հետո ձուն արտադրում են մակնշված, բայց «Լուսակերտը» շարունակում է չմակնշված ձու իրացնել ու սա այն դեպքում, երբ պարոն Մանուկյանը խոսում է պեչատած ու անհայտ ծագումով ձվերի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել