Ըստ Գագիկ Մինասյանի, մինչեւ տարեվերջ մեր տնտեսությունը կաճի ոչ թե տոկոսներով, այլ անգամներով
Այս տարվա 7 ամիսների հաշվարկով, մեր տնտեսությունը 4% աճ է արձանագրել. սա ավելի քիչ է՝ առաջին 6 ամիսների նկատմամբ: Պատճառը գյուղատնտեսության բնագավառում արձանագրված մեծ անկումն էր: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ի տարբերություն գյուղատնտեսության՝ արդյունաբերության ոլորտը, ըստ պարոն Մինասյանի, դառնում է մեր տնտեսության լոկոմոտիվը. «Արդյունաբերության ոլորտում բարձր ցուցանիշներ են արձանագրվում, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա առաջին 7 ամիսներին 11,4% աճ է եղել: Սա դրական տեղաշարժեր է ապահովում տնտեսության մեջ՝ աշխատատեղեր, հարկերի ավելի բարձր հավաքագրում եւ այլն: Ակնհայտ է, որ գյուղատնտեսության բնագավառում ողջ հարկային վարչարարությունը ոչ այնպես համատարած է, որ նպաստի մեր գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողների զարգացմանը, որքան արդյունաբերության բնագավառում է»: Պարոն Մինասյանի կարծիքով՝ ընդհանրապես, եթե երկիրն իր արդյունաբերությունն է զարգացնում, ապա պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել եւ մրցակցային ապրանք արտադրել ու իրացնել ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսում: Պարոն Մինասյանին հիշեցրինք, որ վերջերս հայկական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել էր, որ արդյունաբերական երկիր դառնալու համար անհրաժեշտ է, օրինակ, ոչ թե հումքը՝ պղնձի խտանյութը արտահանել, այլ պատրաստի ապրանք արտադրել եւ արտահանել, ինչի իրականացման համար անհրաժեշտ է նաեւ պետության միջամտությունն ու օգնությունը: Մեր հարցին՝ արդյոք չե՞նք պատրաստվում հումք արտահանող երկրից դառնալ ապրանք արտադրող, պարոն Մինասյանն ասաց. «Այդպիսի քայլեր կատարվում են: Դա չափազանց ծախսատար գործ է եւ մեծ ներդրումներ է պահանջում: Բավականին գումարներ են ծախսվել: Մենք քայլեր արեցինք, որպեսզի Զանգեզուրում ստեղծվի գերհզոր նման մի գործարան, որ կարողանա հումքը վերամշակել եւ արտահանել: Ցավոք, ճգնաժամը կասեցրեց այդ ծրագրի իրականացումը: Այդ ընկերությունն այնպիսի իրավիճակում հայտնվեց, որ ազատ միջոցներ չուներ ծրագիրն ավարտելու համար: Սակայն համոզված եմ՝ տնտեսության ակտիվության վերականգնման պարագայում՝ այդ ծրագիրը կյանքի կկոչվի: Դա մեծ օգուտներ կտա ոչ միայն այդ ընկերությանը, այլեւ զարգացման նոր մակարդակի կբարձրացնի մեր լեռնահանքարդյունաբերության ոլորտը»:
Չնայած պարոն Գ. Մինասյանը ուրախությամբ արձանագրեց արդյունաբերության ոլորտի աճը, բայց ցավալի դրության մեջ է «Նաիրիտ» գործարանը՝ լինելով արդյունաբերության ճյուղ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ է անում պետությունը գործարանին աջակցելու ուղղությամբ, քանի որ 10% բաժնեմասը պատկանում է պետությանը: Հիշեցնենք, որ գործարանը հսկայական պարտքեր ունի եւ չի կարողանում այն մարել: «Պետք է գտնել մի տնտեսվարող, որը կարողանա ներկայիս գործարանը շահագործել այնպես, որպեսզի այն շահութաբերությամբ աշխատի: Մեր իրավիճակում այսօր դա դեռ չի հաջողվել: Պետք է շարունակել աշխատանքները տնտեսվարող գտնելու ուղղությամբ: Պետք է գտնենք մեկին, որը շահույթով աշխատի: Դեռ չենք գտել մեկին, որ շահույթով դուրս կգա»,-եղավ պատասխանը:
Խոսելով վերջին շրջանում արձանագրված գնաճի մասին՝ պարոն Մինասյանը փորձեց հանգստացնել ժողովրդին. «Պետությունը լծակներ ունի ճնշելու տնտեսվարողներին, որպեսզի գնաճը իր բնական չափերից դուրս չգա, որպեսզի այդ աժիոտաժի պայմաններում տնտեսվարողները լրացուցիչ գներ չստեղծեն եւ գնաճը չգերազանցի 5,5%-ը»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ մեր տնտեսությունը մինչեւ տարեվերջ 1,2% աճ կունենա. «Համոզված եմ, որ տարվա վերջում կունենանք ոչ թե տոկոսներով, այլ անգամներով աճ»: