Ամենամյա խարդախությունների՞ շնորհիվ
Այս տարվա առաջին 7 ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 2,5 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարած վճարումների համեմատությամբ աճել է 86,5%-ով: Այսքան հարկ վճարելը, սակայն, տնօրինության սրտով չէ, ընկերությունը փորձում է թոթափել հարկային բեռը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կատարում է ռազմավարական գործունեություն, հենց այդ պատճառով դիմել ենք կառավարությանը՝ հարկային ռեժիմը մի քիչ բարելավելու համար աջակցություն ստանալու խնդրով, մեր ընկերության դիրքորոշումն այն է, որ ընկերության հանդեպ ցուցաբերվի ինդիվիդուալ մոտեցում. առայժմ այս հարցը քննարկվում է: Առաջարկել ենք նաեւ ՀԿԵ-ի նկատմամբ կիրառվող կրկնակի հարկային մեխանիզմը չեզոքացնել, քանի որ այն բարդացնում է մեր գործունեության մի շարք ճյուղեր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Վահե Դավթյանը:
Ընկերության բյուջեն տարեցտարի մեծանում է, բայց ծառայությունների որակը դրանից չի փոխվում: Ուղեւորափոխադրումների թերի կազմակերպումն այս ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել: Ամռան ամիսներին միեւնույն տոմսերը կրկնակի վաճառելը, քաղաքացիներին կեղտոտ, գարշահոտ ու բացօթյա կամ լավագույն դեպքում կոտրտված ապակիներով վագոններով ճանապարհելը, քաղաքացիների պատմելով, այս տարի էլ է լայնորեն կիրառվել: Ստացվում է՝ քաղաքացիներին «քաշելով» են իրենց եկամուտներն ավելացնում: Սեզոնային ուղեւորափոխադրումների «պիկի» ավարտից հետո էլ ընկերության ղեկավարությունը ձեւականորեն որոշակի կադրային փոփոխություններ է կազմակերպել՝ ցույց տալու, որ ամեն ինչ վերահսկվում է, մեղավորներն էլ պատժվում են:
«Մասնավորապես տոմսերի հետ կապված խնդիրների պատճառով երկաթուղու ղեկավարությունը որոշեց ուղեւորափոխադրումների տնօրինությունը վերակազմավորել: Եթե հուլիսին տարբեր բնույթի խնդիրների էինք բախվում, մասնավորապես՝ տոմսերի վաճառքի հետ կապված, ապա օգոստոսին 50%-ով այդ խնդիրները կարողացանք չեզոքացնել»,- հավատացնում էր ՀԿԵ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն: Սակայն հաշվի առնելով վերակազմավորման արդյունքները, ընկերության ղեկավարության կիրառած պատժամիջոցները բավականին մեղմ են երեւում: Աշխատանքից ազատվել է ՀԿԵ ուղեւորափոխադրումների տնօրինության ղեկավար Սամվել Ղալեչյանը՝ նշանակվելով նույն տնօրինության ղեկավարի տեղակալ: Իսկ ղեկավարի պաշտոնին նշանակվել է Երեւանի գծային կայարանային միավորման ղեկավար Գագիկ Մովսիսյանը: Նրան էլ Երեւանի կայարանում կփոխարինի ուղեւորափոխադրման տնօրինության ղեկավարի նախկին տեղակալ Արտակ Սարգսյանը: Թե ինչու են պատժամիջոցներն այդքան մեղմ, Վ. Դավթյանը պարզաբանեց. «ՀԿԵ-ն ստանձնել է հայկական երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը եւ, ըստ կոնցեսիոն պայմանագրի, գործունեության առաջիկա 3 տարիներին ընկերության ղեկավարությունը չի կարող որեւէ աշխատակցի ազատել աշխատանքից, այդ թվում նաեւ՝ տոմսարկղերի աշխատակիցներին, հետեւաբար մեր ընկերության ոչ մի աշխատակից չի ազատվել աշխատանքից»: Սակայն, ինչպես ասում են, «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Պատժամիջոցները խստորեն կիրառվում են ցածր օղակի աշխատակիցների նկատմամբ: Ինչպես տեղեկացանք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կրկնակի տոմս վաճառելու համար տոմսարկղերի երկու աշխատակից է արդեն ազատվել աշխատանքից: Որպեսզի օրենքով կարգավորվի ՀԿԵ գործունեությունը, ընկերությունը առաջարկում է երկաթուղային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ կատարել: «Սա մեզ համար շատ ակտուալ խնդիր է, օրենքը կար մինչեւ 2008 թվականը, բայց 2008-ից ի վեր, նոր՝ կոնցեսիոն կառավարման համակարգի անցումը բերեց մի շարք փոփոխություններ. փոխվել է իրավաբանական դաշտը, ընդհանուր ղեկավարությունը եւ հին օրենքը չի գործում, լուրջ փոփոխությունների կարիք կա, հարցը բարձրացրել ենք, մինչեւ տարեվերջ փոփոխությունների ակնկալիք ունենք: Ամեն դեպքում օրենսդրական փոփոխություններով կկարգավորվի մեր հիմնական գործունեությունը, որի մեջ են մտնում շարժակազմը, ենթակառուցվածքները, համապատասխան մոդեռնացումը, վերականգնողական աշխատանքները եւ այլն»,- ասում էր Վ. Դավթյանը: Անդրադառնալով կադրային վերջին փոփոխություններին, նա չբացառեց, որ նման փոփոխություններ էլի կլինեն. «Անընդհատ էլ լինում են, սա ամենօրյա գործընթաց է»: Ուղեւորափոխադրումների հետ կապված դժգոհությունների մասին էլ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, թե արդեն ինչքան ժամանակ է՝ քաղաքացիներից ոչ մի բողոք չեն ստանում, ամեն ինչ գրեթե կարգավորվել է. «Նախարարը վերջերս է այցելել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն, քննարկել ընկերության ընթացիկ գործունեությունը: Նրա այցից հետո, քաղաքացիների շնորհակալական խոստովանություններից բացի, ոչ մի դժգոհություն մեր «թեժ» հեռախոսահամարին չի գրանցվել»: