«Հայ-թուրքական արձանագրությունների մեկ տարին առիթ է, որ մենք կրկին հիշենք այն, որ այս գործընթացը չի նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների փաստացի բարելավմանը, չի գնա սահմանի բացմանը, եւ մեր տարածաշրջանում լարվածության աստիճանը չի թուլանալու, այլ ճիշտ հակառակը. Թուրքիան կօգտագործի իր հնարավորությունը տարածաշրջան ներխուժելու համար»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա կարծիքով, արձանագրություններն առիթ դարձան, որ Թուրքիան ակտիվորեն մտնի այս դիվանագիտական դաշտ եւ գրեթե բոլոր հարաբերություններում՝ ԵՄ-ի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության հետ, բարձրացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման արագացման խնդիրը. «Նույնիսկ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով պարտավորություն էր վերցնում Թուրքիայի հանդեպ, որ ինքը Մինսկի խմբի շրջանակներում կակտիվացնի այդ գործընթացը, ինչը բավական մտահոգիչ էր»։
Քաղաքագետն ասել է, թե դա ոգեւորեց նաեւ Ադրբեջանին. «Ադրբեջանը բավական լկտիացավ, դրա հետեւանքն էլ մթնոլորտ փոխեց տարածաշրջանում։ Այդ մթնոլորտը բերեց նրան, որ էապես մեծացավ պատերազմի վտանգը։ Մեր հասարակության մեջ, գոնե հոգեբանորեն, ահաբեկման գործընթաց սկսվեց։ Կարծում եմ՝ սա խրատ է եւ օրինակ, թե ինչպես պետք է անել, որ մյուս անգամ այսպիսի սխալներ չկրկնվեն»։