Հայաստանյան ընդդիմությունն իրեն սպառել է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի միանշանակ կարծիք են հայտնել քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն եւ Ալեքսանդր Մարկարովը:
«Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի իրեն: Արհեստական դիրքորոշումները, արհեստական հայտարարությունները, ընդդիմություն հանուն ընդդիմանալու, այդ ամենը պետք է մնա անցյալում»,- կարծիք է հայտնել Մարկարովը: Բոզոյանը գործընկերոջ հայտարարությանը հավելել է, թե ընդդիմությունը «վառվել է». «Դասական տարբերակն այսպիսին է. կա իշխանություն, կա ընդդիմություն, որն առաջարկում է իշխանությանն այլընտրանքային քաղաքականություն: Ընդդիմությունը պնդում էր, թե ունի ԼՂ հակամարտության կարգավորման բանալի, կարող է ավելի արագ լուծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Իշխանությունն օգտագործել է այն միջոցները, որն առաջարկում էր ընդդիմությունը, եւ արդյունքում պարզվել է, որ այդ խնդիրներից եւ ոչ մեկը հնարավոր չէ արագ լուծել»,- հայտարարել է փորձագետը: