Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացվելիք հակահայկական բանաձեւի նախագիծը եթե ընդունվի էլ, էական ազդեցություն չի ունենա ինչպես ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ համանախագահող երկրների դիրքորոշման վրա։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը. «Պատրանքների մեջ ընկնել պետք չէ: Ադրբեջանին հայտնի է, որ իսլամական կոնֆերանսի անդամ երկրների ձայների շնորհիվ ՄԱԿ-ի ֆորմատում ընդունված որոշումը էական ազդեցություն չի կարող ունենալ Մինսկի խմբի աշխատանքների վրա, որովհետեւ տարիներ շարունակ հետամուտ լինելով խնդրին՝ քայլ առ քայլ մոտեցել են դրա կարգավորմանը: Իսլամական երկրները քվեարկել են այդ որոշման օգտին՝ առաջին հերթին կրոնական համերաշխություն դրսեւորելով»:
Ըստ պարոն Մինասյանի, այս բնագավառում լուրջ անելիքներ ունենք, պետք է իրողությունը ճիշտ ներկայացնել միջազգային հանրությանը. «Մասնավորապես այն այլանդակությունը, որ իրականացվում է հայկական հուշարձանների նկատմամբ՝ Նոր Ջուղայում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Եվրախորհրդարանը ավելի արդյունավետ քայլեր կատարի, որպեսզի սանձի վայրագությունը ոչ միայն հայկական, այլեւ համաքրիստոնեական նշանակություն ունեցող հուշարձանների նկատմամբ»:
Խոսելով հայ-ռուսական ռազմական նոր համաձայնագրի մասին՝ պարոն Մինասյանն ասաց. «Հայկական երկու պետությունների անվտանգության հիմնական երաշխավորը եղել է, կա ու կմնա հայ զինվորը»։ Ըստ պարոն Մինասյանի, այդ համաձայնագիրը Հարավային Կովկասում նվազեցնում է պատերազմի վերսկսման հավանականությունը, բարձրացնում է անվտանգության մակարդակը եւ զրկում Ադրբեջանին իր վերջին խաղաթղթից: Այսինքն՝ եթե բանակցությունները չընթանան Ադրբեջանի ուզած ձեւով, ապա պատերազմ կհրահրի. «Դրա հնարավորությունն այս պայմաններում էապես նվազում է»։