Հուլիսի 17-ին Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության համագումարում կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարել էր. «Հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ամենաբուռն օրերին, երբ նախագահը ձեռնարկում էր իր համահայկական ուղեւորությունը, եւ ՀՅԴ-ն նրան որոշ վայրերում դիմավորում էր ստահակների ամոթալի արարքներով՝ մեր ներկայացուցիչները, հատկապես Բեյրութում ու Նյու Յորքում, դրսեւորեցին իրենց հարգալից վերաբերմունքը եւ սատարեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը», եւ հավելել. «Ափսոս, սակայն, որ ռամկավարների նման կեցվածքն ըստ արժանվույն չգնահատվեց մեր իշխանությունների կողմից»: Եզրակացրել էր՝ «Անառակ որդուն են կարեւորություն տալիս»: «Հրապարակի» թղթակցի հարցին, թե ի՞նչ ձեւով պետք է իրենց կեցվածքը գնահատվեր՝ պատասխանել էր. «Գոնե երկու խոսք ասվեր այդ մասին՝ պաշտոնական ամբիոնն օգտագործելով»: Եվ հաջորդող հարցին, թե ՀՅԴ-ին, իր կարծիքով, գնահատեցի՞ն՝ պրն Ավետիքյանը պատասխանել էր. «Այո: Իրենց մամուլի օրգաններից մեկին, որ այդքան փնովեց, 80 հազար դոլար նվիրեց»: Ճշտել էր, որ նվիրողն անհատ էր. «Բայց գիտենք՝ այդ անհատը ինչ էր անում»: Խոսքը սիրիահայ մեծահարուստ Գաբրիել Չեմպերճյանի մասին էր:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Չեմպերճյանը Դաշնակցության որեւէ տպագիր կամ էլեկտրոնային լրատվամիջոցի, իսկ կուսակցությանը՝ առավել եւս, ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել: Չեմպերճյանն ընդամենը ժամանակին օգտակար է եղել Արցախում կազմակերպված գիտաժողովին»:
Հիշեցնենք, որ Գաբրիել Չեմպերճյանը 100 հազար դոլար էր տրամադրել ՀՅԴ նախաձեռնությամբ եւ ԼՂՀ նախագահի հովանավորությամբ 2009 թ. հուլիսի 10-11-ին կազմակերպված «Արցախյան հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ» համաժողովին: Իրավական առումով ֆինանսավորումը կատարվել էր «Փյունիկ» հիմնադրամի միջոցով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Լեւոն Սարգսյանն է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, իսկ Գաբրիել Չեմպերճյանը հիմնադրամի հոգաբարձուներից է: