Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը լավ չի աշխատում»

Սեպտեմբեր 01,2010 00:00

\"\"«Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհուն»  ուղղված նամակում հայտնում է գլխավոր մարքսիստը

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն օրերս նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Պարոն Հակոբյանն այդ նամակով «Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհի (լուչեզառնայա պրիմադոննա)» տիկին Քլինթոնին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը պնդեց, որ իր ձեռքի տակ կան քաղաքացիների բողոքներ, եւ որ հարկ եղած դեպքում պատրաստ է դրանք տրամադրել պատկան մարմիններին:
Իսկ տիկին Քլինթոնին ուղղված նամակում Դավիթ Հակոբյանը մասնավորաբար գրում է. «Ես՝ ջերմ երկրպագուն Ձեր, որ 2000 թվականից թմբկահարում եւ կանխագուշակում էի Ձեր շռնդալից մուտքը մեծ քաղաքականություն ու այժմ էլ տեսնում եմ հանձին Ձեզ ԱՄՆ-ի ապագա նախագահին, խորը ափսոսանքով ու հիասթափությամբ հայտնում եմ Ձեզ, որ ԱՄՆ հայաստանյան դեսպանատունը յուր բարձրության վրա չէ:
Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինքոլնի, Թոմաս Ջեֆերսոնի, Ջոն Ֆիդջերալդ Քենեդու, Բիլ Քլինթոնի (որոնք իմ քաղաքական կումիրներն են) երկրի դեսպանատանը հարիր չէ «բոլշեւիկյան երկաթյա վարագույրների» քաղաքականություն կիրառել հայաստանյան քաղաքացիների նկատմամբ՝ զրկելով նրանց, քույրը՝ քրոջը, եղբայրը՝ եղբորը, ԱՄՆ այցելելու բնական, աստվածատուր իրավունքից՝ վոլյունտարիստական արհամարհանքի ու քամահրանքի, ռասայական դիսկրիմինացիոն բնույթի անհիմն ու անհեթեթ պատճառաբանություններով: Բանը հասել է նրան, որ դեսպանատան որոշ անբարեխիղճ աշխատակիցներ «հակաէմիգրացիոն» քաղաքականության քողի տակ զբաղված են նյութական շահատակություններով: Ամերիկացի դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին հիշեցնում եմ, որ նրանք պարտավոր են հարգել բիբլիական հայ ժողովրդի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի լավագույն, ազնվատոհմիկ ազգերից մեկի ներկայացուցիչների բնական իրավունքները, քանզի երբ մենք՝ հայերս, Բաբելոնի ու Հռոմի հետ կիսում էինք աշխարհի ճակատագիրը (Պոմպեուս Մագնուս), անգլիական եւ ամերիկյան քաղաքակրթություններ գոյություն չունեին, իսկ եվրոպական նախամարդն ու Եվրոպան ընկղմված էին բարբարոսության խավարի մեջ:
Ամերիկյան դեսպանությունը պետք է լինի ԱՄՆ-ի ժողովրդավարության ջահակիրն ու դրոշակակիրը, ինչպես ԱՄՆ-ն է այն ներկայացնում աշխարհի Ժողովուրդներին:
Միշտ Ձեր բարեկամ ու ջերմ երկրպագու՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել