Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ

Սեպտեմբեր 01,2010 00:00

Պնդում է 1995 եւ 1997 թվականներին հայ-ռուսական փոքր ու մեծ պայմանագրերին ՀՀ խորհրդարանում դեմ քվեարկած նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:

Ավելի քան տասն օր առաջ ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու՝ ռազմակայանի տեղակայման ժամկետը 25-ի փոխարեն 49 տարով երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրությունը: Սպասվում է, որ ՀՀ խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում փաստաթուղթը առաջիկա նիստերի օրակարգ կմտնի եւ առանց լուրջ դիմադրության կվավերացվի: Այդուհանդերձ, խնդիրը շարունակում է մնալ քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների քննարկման օրակարգում: Հիշեցնենք, որ, ըստ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի, 1995թ. մայր պայմանագրում եւ ստորագրված փոփոխությունների արձանագրության մեջ, բացի ռազմակայանի տեղակայման ժամկետից, որեւէ այլ էական դրույթ չի փոփոխվել եւ չի ավելացել: Ասել է թե՝ նույնն են մնացել դեռ 15 տարի առաջ կողմերի միջեւ ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունները՝ բազաների տեղակայման պայմանները. այն է՝ անվարձահատույց, եւ սրան գումարած նաեւ այն, որ ռուսական ռազմաբազաների կոմունալ եւ այլ տիպի ծախսերը հոգում է հայկական կողմը: Մի բան, որ բացառիկ երեւույթ է հետխորհրդային ողջ տարածքի մյուս երկրների պարագայում, որտեղ ռազմական բազաներ են տեղակայված:
Այդ խնդրի շուրջ քննարկումների ու բանավեճերի համատեքստում հատկապես վերջին օրերին իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի անդամ պատգամավորները ստորագրված արձանագրությունը քննադատող իրենց ընդդիմախոսներին սկսել են այսպես հակադարձել՝ ռազմակայանները ՀՀ տարածքում տեղակայելու մասին պայմանագրին ժամանակին՝ 1995-ին, մենք՝ հանրապետականներս էինք դեմ, հիմա դրա ժամկետը երկարացնելուն դեմ են նրանք, ովքեր ժամանակին ստորագրել եւ վավերացրել են մայր պայմանագիրը:
«Առավոտը» երեկ փոքրիկ հարցախույզ անցկացրեց առաջին գումարման՝ 1995-99թթ.-երին «նախկին իշխանությունները» ներկայացնող ԱԺ պատգամավորների շրջանում: Հիշեցնենք, որ այդ խորհրդարանի 50 տոկոս մանդատներին տիրապետում էր «Հանրապետություն» բլոկը, որի համամասնական ցուցակն ու նաեւ խմբակցությունը համալրել էին ՀՀԿ-ական պատգամավորները՝ Աշոտ Նավասարդյան, Յուրի Բախշյան, Անդրանիկ Մարգարյան, Գալուստ Սահակյան եւ Գագիկ Մինասյան: Պարզվեց, որ 1995-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված այս պայմանագիրը վավերացվել էր ընդամենը երեք «դեմ» ձայներով: «Դեմ» էին քվեարկել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, Յուրի Բախշյանն ու ՀՀՇ-ից՝ Երջանիկ Աբգարյանը: ՀՀԿ-ական մյուս երկու պատգամավորները՝ Անդրանիկ Մարգարյանն ու Գալուստ Սահակյանը «դեմ» հաստատ չեն եղել:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական մեծ պայմանագրին, որտեղ եւս ռուսական ռազմակայանի մասին էր հիշատակվում, ապա այդ պայմանագրին, չնայած քվեարկությանը ՀՀԿ-ականների մասնակցությանը, միակ «դեմ» քվեարկողը եղել է դարձյալ Երջանիկ Աբգարյանը, ով մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե լուսահոգի Աշոտ Նավասարդյանն այսօր հրաշքով կենդանի լիներ, նույն կերպ դեմ կլիներ այս պայմանագրին:
Մեր հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ՝ 1995-ին, հնարավոր էր համարվել հիշյալ պայմանագրի կնքումն ու վավերացումը (ռուսական ռազմակայանները դրա համար վարձ չէին վճարում, նրա կոմունալ ծախսերն էլ հոգում էր ՀՀ-ն՝ իր հարկատուների հաշվին), մեր զրուցակիցներից այսպիսի պատասխան ստացանք. ժամանակներն էին այդպիսին, այն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում լուծման առաջարկներ չէր անում, չկային անվտանգության այլ երաշխիքներ եւ համակարգեր, որոնք շահագրգիռ կլինեին մեր տարածաշրջանով ու Հայաստանով: Իսկ հիմա, «նախկինների» ասելով, ռուսական ռազմաբազաների ծախսերն էլ անհամեմատ մեծացել են, Ռուսաստանի հավակնություններն էլ՝ ներառյալ տնտեսական, քաղաքական ու ռազմական, նաեւ տարածաշրջանային համատեքստում, այլ բնույթ են ստացել եւ վերածվել են վերանվաճողականի:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների ներկայության ժամկետը երկարաձգելու շարժառիթներին անդրադառնալ խնդրեցինք Երջանիկ Աբգարյանին: Նա հայտարարեց, թե ինքը միշտ էլ դեմ է եղել Հայաստանում ռուսական ռազմական եւ քաղաքական ներկայությանը՝ համարելով, որ դա պատմական կոպիտ սխալ է: Նա համարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ոչ թե ռազմավարական, այլ ընդամենը տակտիկական (մարտավարական) հարթության տեսանկյունից դիտարկվեն: Ինչ վերաբերում է «Առավոտի» հարցադրմանը, ապա Ե. Աբգարյանի դիտարկմամբ, Հայաստանում իր ռազմակայանների տեղակայման ժամկետը նախատեսվածից շատ ավելի վաղ երկարաձգելով՝ Ռուսաստանն իր համար չորս կարեւորագույն խնդիր է լուծել. նախ՝ ՌԴ-ն ցանկանում է հնարավորություն ստանալ հնարավորինս մոտ լինելու հայ-վրացական սահմանին, երկրորդ՝ անհրաժեշտության դեպքում ՀՀ ոչ լեգիտիմ իշխանությունների խնդրանքով միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ վերահսկողության տակ առնելով ապագա իշխանություններին եւս, երրորդ՝ որեւէ տարբերակով ԼՂ հիմնախնդրի լուծման դեպքում եւ դրանից հետո էլ, անգամ եթե Հայաստանում հակառուսական տրամադրություններ էլ լինեն, ապահովել իր ռազմական ներկայությունը Հայաստանում, չորրորդ՝ Հայաստանի հետ հարաբերությունների օրինակը պրոյեկտել ԱՊՀ մյուս հանրապետությունների, մասնավորապես՝ Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի վրա: Ե. Աբգարյանի համոզմամբ, Հայաստանի հետ վասալային հարաբերությունները լավ նախադեպ կարող են լինել այդ երկրների նկատմամբ եւս վերահսկողություն սահմանելու համար:
Ի դեպ, որ Ե. Աբգարյանի այս դիտարկման մեջ ճշմարտության մեծ բաժին կա, փաստում են նաեւ ռուսաստանյան գործիչների ու փորձագետների հայտարարությունները: Այսպես, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենինը կարծիք է հայտնել, թե «հայ-ռուսական համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ Մոսկվան հետխորհրդային տարածքում երկարաժամկետ մարտավարություն է որդեգրել», եւ որ Ուկրաինայի հետ Սեւծովյան նավատորմի տեղակայման շուրջ Մոսկվայի կնքած համաձայնագիրը եւ հայ-ռուսական արձանագրությունը նույն շղթայի օղակներն են։ Նրա ասելով, այլ փորձագետներ չեն բացառում, որ դա իր շարունակությունը կարող է գտնել նաեւ Մոլդովայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել