Լրահոս
Օրվա լրահոսը

2 ԵԼՈՒՅԹ ԵՎ ԵՐԳԵՐ, ՊԱՐԵՐ

Սեպտեմբեր 01,2010 00:00

\"\"Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ  Արմեն Ռուստամյանի՝ այսպես է անցնելու իրենց վաղվա հավաքը

– Մերժելով ընդդիմության հանրահավաքների իրազեկումները՝ Երեւանի քաղաքապետարանը այլընտրանքային վայր էր առաջարկում «Դինամո» մարզադաշտին հարակից տարածքը: Իսկ ՀՅԴ-ն ինքնակա՞մ է սեպտեմբերի 2-ին «Դինամո» մարզասրահում կազմակերպում հանդիպում-տոնախմբություն՝ նվիրված Արցախի անկախության օրվան:
– Մենք նախ դիմել էինք Ազատության հրապարակում այդ միջոցառումն անցկացնելու համար: Եթե այնտեղ լիներ՝ կարող էինք ավելի լավ անցկացնել: Դա մերժեցին եւ առաջարկեցին Շահումյանի հրապարակը: Բայց այդ բաց տարածքը հարմար չէր տեխնիկական այն միջոցների կիրառման առումով, որոնք ուզում ենք օգտագործել այս ընթացքում: Միջոցառմանը ժամանելու են մարզերից, երգիչներ, խմբեր, քանի որ ցանկանում ենք իրոք տոնախմբության պես անցկացվի: Եվ մենք ասացինք, թե այդ դեպքում մեծ դահլիճ թող լինի:
– Ընդդիմության հանրահավաքների ժամանակ, որպես կանոն, խոչընդոտներ են հարուցվում մարզերից Երեւան տեղաշարժի համար: Մտավախություն չունե՞ք, թե այս դեպքում նույնը կլինի, թե՞ սովորաբար ՀՅԴ հավաքների ժամանակ չեն լինում նման արգելքներ:
– Մենք ունեցել ենք հանրահավաքներ, որոնք ընդհանրապես են արգելվել, փորձել են այդպիսի արգելքներ հարուցել: Բայց այնուամենայնիվ՝ արել ենք: Մի քանի ահազանգեր էլ են հնչել ժամանակին տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ: Դրանք փորձել ենք կանխել:
Չեմ կարծում, թե հիմա ինչ-որ խոչընդոտներ հարուցեն: Ի վերջո՝ ինչի՞ն են խոչընդոտելու, սեպտեմբերի 2-ն Անկախության տոն է, որի առիթով մենք հավաք ենք անելու: Ճիշտ կլիներ՝ հենց իշխանությունը նման բան կազմակերպեր: Ասենք, հաջորդ տարի 20-ամյակն է լինելու՝ թող լավ պատրաստվեն, շատ մեծ միջոցառում անեն: Արցախի դատը ճիշտ պաշտպանելը նաեւ այդ ձեւով է լինում:
– Անցած տարի ՀՅԴ սեպտեմբերի 2-ի ավանդական հանրահավաքին մասնակցում էին նաեւ «Ոչ»-ի ձեւաչափի ներկայացուցիչները: Կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ-թուրքական արձանագրությունների կասեցմամբ դադարեցվեց նաեւ այդ ձեւաչափով համագործակցությունը:
– Այն խնդիրը, որի շուրջ համագործակցել ենք՝ դեռ չենք համարում լուծված: Ի վերջո՝ ստորագրությունը հետ չի վերցվել, եւ մեր հիմնական պահանջը մնում է ուժի մեջ: Այս արձանագրությունները պահպանում են իրենց հիմնական վտանգը: Ուստի պայքար դեռ կա այդ առումով, նաեւ ներքին հարցեր կան, որոնք կարող են մեզ իրար կողքի բերել: Համագործակցությունը պահպանվում է՝ որեւէ խնդիր չկա: Պարզապես չենք ուզեցել հավաքը ծանրացնել քաղաքական ելույթներով՝ ընդամենը 2 ելույթ է լինելու, մնացածն ավելի շատ կապված է տոնական տրամադրության հետ՝ երգեր, պարեր եւ այլն:
– «Ոչ»-ի ձեւաչափի մասնակիցներից մեկը՝ «Ժառանգությունը», ի դեմս իր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի՝ դժգոհություն էր հայտնել, թե ՀՅԴ համագործակցությունն «այն չէ, ինչ պետք է լիներ եւ ինչ կարող էր լինել»՝ շատ դրվագային է, չհամակարգված եւ ոչ ամբողջական:
– Այս գնահատականի մեջ տեսնում եմ նախ դրականը, որ տեսնում է համագործակցության մեծ ներուժ: Այդ մասով կարող եմ համաձայնել գործընկերոջս հետ: Բայց, իհարկե, ամբողջական համագործակցության համար կուսակցությունները պետք է լինեն նույնական: Նույնական չենք՝ մեր կուսակցությունները տարբերություններ ունեն: Եվ դա նորմալ է:
– Ասվածը ոչ թե նույնականացման մասին էր, այլ, որ ընդդիմադիրների միջեւ երկխոսություն չի կայանում, թե ի՞նչ է հնարավոր անել համատեղ՝ բացի հայ-թուրքական հարաբերությունների կամ ԱԺ-ում այս կամ այն օրինագծի շուրջ քայլերից. «Ուրիշ ի՞նչ ձեւով կարող ենք մենք մեկս մյուսիս եւ ողջ ընդդիմությանն ուժեղացնել»:
– Պետք չէ փորձել համատեղ հայտարարություններին այդքան մեծ ուժ եւ արժեք տալ՝ համարելով, որ եթե դա արեցինք, ուրեմն՝ ամբողջական համագործակցության դաշտ ունենք: Շատ հաճախ այդ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ «եզները դնում են սայլից հետո»: Մենք գերադասում ենք կոնկրետ գործ անել: Եթե ինչ-որ հարց կա, որ կարող ենք իրար հետ համագործակցելով հասցնել իր նպատակին՝ սա ավելի ենք կարեւորում, քան դեկլարատիվ հայտարարությունները հավիտյանս հավիտենից համագործակցությունների եւ դաշինքների մասին: Նման դաշինքները երկար կյանք չեն էլ ունենում: Ավելի լավ է՝ կոնկրետ գործերով իրար հետ առաջ գնանք: Աշխատանքի դաշտ էլ կա: Գոհունակությամբ եմ նշում, որ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններն արդեն արել ենք իրար հետ եւ միասնական փաթեթն օգոստոսին ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Վատ չի լինի, եթե այս հարցի հետ կապված՝ ամբողջացվի ընդդիմադիր մյուս ուժերի տեսակետը:

Հ. Գ. Երեկ ասուլիսում Արմեն Ռուստամյանի հայտարարությանն ի պատասխան, թե Հայաստանը պետք է սկսի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց՝ Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ին հիշեցրել է, որ պրն Ռուստամյանը ժամանակին դեմ է քվեարկել «Ժառանգության» համապատասխան նախաձեռնությունն ԱԺ օրակարգում ներառելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել