Սանկտ Պետերբուրգն ընդգրկվել է Ռուսաստանի այն 14 շրջանների թվում, որոնք ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունն ընտրել է որպես պիլոտային, որտեղ կդասավանդվի «Ուղղափառ մշակույթի եւ աշխարհիկ էթիկայի հիմունքներ» առարկան: Առարկան կդասավանդվի քաղաքի 20 դպրոցներում: Այդ մասին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսում հաղորդել է կրթության կոմիտեի նախագահ Օլգա Իվանովան: Նա նշել է, որ այդ դեպքում պարտադիր կլինի ծնողների համաձայնությունը: «Ուղղափառ հոգեւորականները չեն գնա դպրոց, առարկան կդասավանդեն ուսուցիչները, որոնց վերապատրաստմամբ զբաղվում է հետդիպլոմային մանկավարժական կրթության ակադեմիան: Նրանք կլինեն պատմության կամ համաշխարհային գեղարվեստական մշակույթի ուսուցիչները: Կընտրվեն այնպիսի դպրոցներ, որտեղ արդեն եղել են այդ ոլորտի կամընտրական դասընթացներ եւ որտեղ կա որոշակի փորձ»,- ասել է Իվանովան եւ նշել, որ նման առարկայի դասավանդումը «նուրբ հարց է»: