Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «PARTY»-Ն ԿԱՅԱՑԱՎ

Օգոստոս 31,2010 00:00

Բրիտանական երաժշտությունը Հայաստանում պահանջարկ ունի

\"\"
\"\" \"\"
\"\"

\"\"

Բրիտանական երաժշտությունը Հայաստանում այնքան էլ մեծ տարածում չունի, սակայն վերջինիս սիրահարներն այստեղ բավականին շատ են:
Այդ մասին ինքներս պարզեցինք օրերս «Aftershock Republic» ակումբում տեղի ունեցած բազմամարդ երեկույթից: Իսկ party-ի առիթը՝ բրիտանական հայտնի «The Selector» երաժշտական հաղորդաշարի «այցելությունն» է Հայաստան:
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում է հայաստանյան ռադիոյի եթերում հնչեցնել ժամանակակից բրիտանական երաժշտության ընտրանին՝ «The Selector» հաղորդման շրջանակներում: Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հաղորդման ընթացքում հնչելու է ազգագրականից մինչեւ հիփ-հոփ, ջազից՝ սոուլ, ինչպես նաեւ բրիտանական լավագույն երաժիշտների հետ հարցազրույցներ, նորություններ: Սա լավագույն տարբերակն է բրիտանական մշակույթի հետ ծանոթանալու եւ Բրիտանիային փոքր-ինչ մոտենալու»: Նա նաեւ ավելացրեց, որ «The Selector»-ի նպատակն է հայ երիտասարդությանը հասցնել բրիտանական նոր սերնդի երաժշտությունը. «Սա երկխոսության մի տեսակ է Բրիտանիայի եւ Հայաստանի մշակույթների միջեւ՝ ներգրավելով հայ երիտասարդներին»:
Ըստ Ն. Թովմասյանի, «The Selector»-ը Բրիտանական խորհրդի եւ «Something else» ստեղծագործական ընկերության համատեղ ծրագիրն է: Ռադիոհաղորդման գաղափարը ծնվել է 2001 թվականին: Ներկայումս այն հեռարձակվում է աշխարհի ավելի քան 30 երկրում:
«Ցանկանում եմ՝ հայերն էլ մաս կազմեն այն ամենին, ինչ կատարվում է Մեծ Բրիտանիայում: Ծրագիրը մոտ հինգ տարի առաջ հեռարձակել ենք Հայաստանում: Այն կրկին հաստատվել է եւ այս պահի դրությամբ երեք տարի պտտվելու է ռադիոյի եթերում ու հաճույք պատճառելու հայ ունկնդրին: Հիմա փորձնական հաղորդումներ են, սեպտեմբերի 1-ից կսկսենք հիմնական եթերաշրջանը: Ինտերակտիվ ծրագիր է լինելու, ժամանակակից բրիտանական երաժիշտներին բացահայտելու նպատակով է, որոնք արժանի են ներկայացնել այդ երկիրը սահմաններից դուրս: Հայերի տեղեկացվածությունը քիչ է, հետաքրքրությունը՝ շատ»,-ասաց Ն.Թովմասյանը:
Չնայած հաղորդման մեկնարկը տրվեց ակումբում, սակայն այն հեռարձակվելու է ռադիո «Վան»-ով, շաբաթ օրերին՝ ժամը 18:40-ից 19-ը: Հաղորդումը վարելու է ռադիոհաղորդավար կամ, ինչպես իրենք են ասում, ռադիո DJ Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ «Նախնական մի քանի հաղորդում կհեռարձակենք 20 րոպե տեւողությամբ, իսկ արդեն մյուս շաբաթվանից՝ երկուժամյա հատուկ եթերով: Սա հիանալի հնարավորություն է հայ ժամանցասեր, պարել սիրող եւ ուղղակի հանգիստը գնահատող երիտասարդին ծանոթացնել բրիտանական նոր սերնդի երաժշտությանը, խմբերին, ամենաթարմ նորություններին: Մեզ ուղարկելու են վերջին թողարկումների ծրագրերը, մենք էլ դրանք հայ ունկնդիրների համար ենք պատրաստելու, որ եթեր տանք»: Հայկը հավելեց նաեւ, որ ինքն անձամբ բրիտանական երաժշտության նկատմամբ անտարբեր չէ ու մեծ սիրով կանի իր աշխատանքը:
Իսկ մինչ ռադիոեթեր դուրս գալը, «The Selector»-ը նախնական «քննություն» անցավ հայ երիտասարդների մոտ. երեկույթի ընթացքում հնչեցին ծրագրից հատվածներ, հատուկ ընտրված երգեր, որոնք մեծ ոգեւորությամբ ընդունվեցին երիտասարդների կողմից: Բացի պարերից, որից երեկոյի հաղորդավարը ժամանակ առ ժամանակ պարահրապարակում գտնվողներին կտրում էր՝ իր հայտարարություններով, խաղարկվեց նաեւ ուղեւորություն դեպի Լոնդոն՝ մեկ անձի համար: Տոմսը շահեց բրիտանական երաժշտության սիրահար Օֆելյա Բեքչյանը: Ի դեպ՝ խաղարկությունը հյուրերի համար անակնկալ էր: Ներկաներն այդ մասին տեղեկացան ակումբի մուտքի մոտ, որտեղ իրենց առաջարկում էին լրացնել անձնական տվյալներն ու ձեռք բերել խաղարկության տոմս՝ 1000 դրամ արժողությամբ: Մրցանակակիր Օֆելյան, պարզվում է, ձեռք էր բերել խաղարկության 26 տոմս: Բացի այդ՝ party-ի մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ խաղերի տեսքով միմյանց հետ մրցել Աղվերանի հանգստյան տներից մեկում մեկօրյա հանգստի ուղեգրի համար: Վերջինս բաժին ընկավ դահլիճում անդադար ակտիվ պարող միջին տարիքի ամուսիններին: Ամուսիններից յուրաքանչյուրը անհատապես մասնակցել էր խաղարկությանը, սակայն տոմսը բաժին ընկավ կնոջը՝ Զարուհի Տոնոյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել