Ռուսաստանի հայերի լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Ուկրաինայում բնակվող հայ լեռնագնաց Սերգեյ Ղայֆաջյանն օգոստոսի 25-ին նվաճել է Պամիրի 5250 մետր բարձրություն ունեցող՝ մինչ այդ մարդու ոտք չտեսած գագաթներից մեկը: Օգտվելով առաջինը լինողին վերապահվող իրավունքից՝ հայ լեռնագնացը գագաթի ամենաբարձր կետում ֆրանսահայ մեծագույն շանսոնիեյի պատկերով հուշանշան է դրել եւ գագաթը կոչել է Շարլ Ազնավուրի անունով:
Ինքը՝ Ղայֆաջյանը, հետո ասել է, որ իր այս վերելքը իրականացնել հնարավոր է եղել «Դոնբասի արդյունաբերական միություն» կորպորացիայի հովանավորության շնորհիվ, որը ղեկավարում է մեր մեկ ուրիշ հայրենակից՝ Օլեգ Մկրտչյանը:
Նույն աղբյուրը հիշեցնում է նաեւ, որ Ղայֆաջյանի ջանքերով Պամիրում 5495 մետր բարձրության վրա եւս մի լեռնագագաթ կա, որը նույնպես Օլեգ Մկրտչյանի հովանավորությամբ նա նվաճել է 2004-ի օգոստոսին եւ անվանել «Հայաստան»: