Սեպտեմբերի 9-13-ը Երեւանում կանցկացվի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Երեկ փառատոնի կազմակերպիչները հանդիպեցին լրագրողների հետ: Անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունու հավաստմամբ, ամեն ինչ լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան, 5 օրերի ընթացքում «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում ցուցադրվելու է 263 ֆիլմ՝ 35 երկրից:
«Մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 400 ֆիլմ: Սակայն 263-ը ընտրվել է որպես մրցութային ֆիլմ: Համոզված եմ՝ յուրաքանչյուր հաջորդ տարի մենք ավելի ու ավելի շատ երկրներից եւ անիմատորներից ենք մասնակցության հայտեր ստանալու»,- ասաց Վ. Քասունին:
Նրա փոխանցմամբ, այս տարվա ծրագրում կան նորամուծություններ. «Ծրագրում՝ երեւանյան պրեմիերաներ, մրցութային ծրագիր, հայկական ներկապնակ, մանկական ծրագիր, հատուկ ցուցադրություններ, վարպետության դասեր եւ այլն: Նորամուծություններից էլ՝ «Հայկական ներկապնակը», որի շրջանակներում ներկայացվելու են հայ անիմատորների աշխատանքները եւ բացօթյա ցուցադրությունները առանձին ծրագրով, անհամեմատ ավելի մեծ թվով մարդկանց հաղորդակից կդարձնեն անիմացիայի համաշխարհային ճանաչում ունեցող գլուխգործոցներին»:
Կինոփառատոնը հարուստ է լինելու հյուրերի առումով՝ անիմացիայի աշխարհում հեղինակավոր ներկայացուցիչներով՝ «ՌեԱնիմանիայի» խորհրդի նախագահ Մաքս Հաուարդը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա), Ֆրենք Գլեդսթոունը (ԱՄՆ), Դեյվիդ Սփրոքսթոնը (Մեծ Բրիտանիա), Ժան-Փոլ Քոմենը (Ֆրանսիա), Մոհամեդ Ղազալան (Եգիպտոս), Մարթա Մաչադոն (Բրազիլիա) եւ այլք:
Ինչ վերաբերում է մրցութային ծրագրերին, փառատոնի տնօրենը նկատեց. «Կա 4 մրցութային ծրագիր՝ լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական՝ դիպլոմային եւ հեռուստատեսային ֆիլմերի համար: Ըստ այդմ ժյուրիի ընտրությամբ բաշխված են նաեւ մրցանակները՝ «Լավագույն դեբյուտ», «Լավ քաղաքացի», «Տաղանդների որս» եւ այլն: Միայն թե զուտ հայկական ֆիլմերի համար հատուկ մրցանակ նախատեսված չէ, որովհետեւ ոչ մի միջազգային կինոփառատոնում նման բան չկա, իրենց երկրի ֆիլմերի համար մրցանակ նախատեսել: Ուզում ենք պահպանել միջազգային անունը»: