Ադրբեջանցի գիտնականներն էլ շարունակում են հերյուրանքներ տարածել
Օգոստոսի 25-ին ավարտվել են այս տարի Արցախի Տիգրանակերտում անցկացված պեղումները: Երեկ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ամփոփեց այս տարի կատարած աշխատանքները: Ըստ նրա, պեղումները արդյունավետ են եղել: Ապացուցվել է, որ Տիգրանակերտը եղել է առեւտրաադմինիստրատիվ եւ մշակութային կենտրոն, հայտնաբերված գտածոներն ունիկալ են՝ Տիգրան Մեծի ժամանակների, եւ վաղ քրիստոնեական շրջանի. «Ցանկանում եմ շեշտադրել քաղաքի սպիտակ գույնը, որն իրականացվել է կրաքարի օգնությամբ: Սա սպիտակ քաղաքների կարոտն ունեցող հայերի համար երանելի իրողություն է»: Բանախոսը կարեւոր արդյունք համարեց հետախուզական պեղումների արդյունքում գտնված նոր Անտիկ թաղամասը, որը, ըստ որոշ հնագետների՝ մայրաքաղաքային տիպի մշակույթ ունի: Պեղումների արդյունքում գտնվել են նաեւ պղնձե դրամներ, որոնք, արտաքինից դատելով, պարթեւական են եւ պարոն Պետրոսյանի խոսքով՝ դասվում են մ.թ.ա. եւ մ.թ. 1-ին դարերին. «Դրամներից մեկը հենց հանգուցյալի բերանի վրա էր դրված, որից էլ ատամները կանաչել էին: Այն ժամանակ տարածված մի սովորություն կար, որ մահվան գետն անցնելու համար պետք է վճարել նավավարին, դրա համար հանգուցյալների հետ դրամներ էին դնում: Դրամների վրա ակնհայտորեն երեւում է արքայից արքայի դեմքը»: Արշավախմբի ղեկավարը նաեւ հավելեց, որ դրամները լավ վիճակում են եւ մաքրելուց հետո միայն հնարավոր կլինի ժամանակաշրջանը հստակորեն որոշել:
Հ. Պետրոսյանը խոսեց նաեւ հայ-իռլանդական խաչերի փոխառնչությունների մասին. «Իռլանդիայում կան քարե սյուների վրա կանգնեցված խաչեր: Որոշ հետազոտողներ փորձել են կապեր գտնել դրանց եւ մեր խաչքարերի մշակույթի միջեւ: Սակայն օղակը, որը ցույց կտար, որ Հայաստանը ինչ-որ մասնակցություն է ունեցել, չի գտնվել: Միայն վերջին տարիներին Տիգրանակերտի պեղումներն են տվել նման շրջանի մեջ ներառված խաչերի օրինակներ»: Պարոն Պետրոսյանի խոսքով՝ Տիգրանակերտը դառնում է ուխտավայր, մարդիկ փորձում են իրենց հետ մասունքներ տանել: Այս ամենը, սակայն, ըստ բանախոսի՝ կանոնակարգված ու ամրապնդված չէ հասարակական գիտակցության մեջ: Ինչ վերաբերում է Բաքվի համալսարանի իր կոլեգաներից մեկի՝ day.az-ում զետեղած հոդվածին, թե հայերը երբեք Ղարաբաղում չեն ունենա իրենց նախնիների հետքերը, պարոն Պետրոսյանը մեկնաբանում է. «Հոդվածում որեւէ կոնկրետ փաստարկ Տիգրանակերտի մասին գոյություն չունի եւ դժվար է նման հայտարարություններին պատասխան տալ»: Հնագիտական պեղումները ֆինանսավորում է ԼՂ իշխանությունը, սակայն արշավախմբի ղեկավարի խոսքով՝ ֆինանսական աջակցման կարիք ունեն հատկապես գիտական հետազոտությունների տեխնիկական հագեցվածության համար: Ասում է՝ արդեն 6-րդ տարին է՝ աշխատանքները կատարելու համար օգտագործում է սեփական համակարգիչը, լուսանկարչական խցիկը եւ մնացած անհրաժեշտ իրերը: