Դավիթ-Բեկում, ինչպես բոլոր սահմանամերձ գյուղերում
Դավիթ-Բեկի հին ու նոր եկեղեցիները:
Արամ Մանուկյանի անվան դպրոցը:
Մի «պատառ» 21-րդ դարի Դավիթ-Բեկում:
Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ-Բեկ գյուղը 300 տարվա պատմություն ունի: Դավիթբեկցիներն ամենաշատը հպարտանում են Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանով, ով այստեղ է ծնվել: Ինչպես բոլոր սահմանամերձ գյուղերը, Դավիթ-Բեկը եւս խնդիրներ ունի. ժամանակին շատ տներ գնդակոծվել են «Գրադ» կայանքից, ավերվել, գյուղացիներից ոչ բոլորն են ստացել փոխհատուցում: Այժմ էլ սողանքի պատճառով գյուղը կիսվել է երկու մասի. «Ենգիջա» կոչվող թաղամաս հնարավոր չէ մեքենայով մտնել: Այդ մասին հաղորդում եղել է տեղական հեռուստաալիքներից մեկով, բայց ոչ մի արդյունք: Արամ Մանուկյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներից Ռամելա Դանիելյանը պատմում է, որ Դավիթ-Բեկը, գտնվելով Կապան քաղաքից 25 կմ հեռավորության վրա, ասես մեկուսացած լինի: Երիտասարդները աշխատանք չունեն, դրա համար էլ չեն ուզում ամուսնանալ, շատերը աշխատանք են փնտրում «դրսում», օրեցօր գյուղը դատարկվում է: Եթե 2 տարի առաջ տեղի դպրոցում 145 աշակերտ էր սովորում, այժմ՝ 110: Վատ են գործում կապի բոլոր միջոցները, բջջային երեք օպերատորներն էլ տեղ-տեղ են «հասանելի»: Գյուղացիների պատմելով՝ լուրջ խնդիր է գազիֆիկացումը, գյուղացին այլեւս առանց վճարելու չի կարող անտառից փայտ տանել տուն, իսկ այլ ձեւով սյունիքյան սառնամանիքին դիմակայել չի կարող:
Գյուղում կա կիսավեր մի եկեղեցի, որը կառուցվել է 1886 թվականին: Տեղացիների պատմելով՝ տարիներ առաջ այն պիտի նորոգվեր, սակայն գումարները «կերալ ըն, նորոգումը թողալ կիսատ»: Ուղիղ դրա հարեւանությամբ մեկ այլ եկեղեցի է կառուցվել տեղացի բարեգործներից մեկի միջոցներով, որտեղ նրա հիշատակը հավերժացնող աղբյուր եւ խաչքար կա: Այդ մարդը նաեւ ասֆալտապատել է գյուղի փողոցները:
Ի դեպ, միջնադարյան Հայաստանում պատիժ էր նախատեսված՝ եթե կիսավեր եկեղեցին թողած նորն էին կառուցում:
Երբ այցելեցինք գուղի դպրոց, ուսուցիչների մի մասին այնտեղ տեսանք եւ փոխտնօրեն Վրեժ Բալայանին: Վերջինս ասաց, որ դպրոցում 20 ուսուցիչ է աշխատում, մաթեմատիկայի ուսուցչի պակաս կա, բայց այդ խնդիրն էլ կլուծվի: Նրա պատմելով՝ չնայած իրենց երեխաները շատ ուշիմ են եւ ընդունակ, սակայն գյուղի դպրոցական առօրյան գորշ է, որովհետեւ քաղաքի դպրոցներում շփումներն ավելի մեծ են: «Քաղաքում հուշարձաններ կան, գործարաններ, զանազան հիմնարկություններ… Ուսուցիչը կարող է իր դասին առնչվող վայրեր տանել սաներին ու համապատասխան դասերն անցկացնել դպրոցից դուրս, նույնը չես ասի գյուղական դպրոցի մասին: Եվ հետո աշակերտներին գյուղից դուրս տանելը նաեւ ֆինանսների հետ է կապված»,- փաստում է փոխտնօրենը: Նա հավելում է, որ իրենց դպրոցում բոլոր ուսուցիչները մասնագետներ են, դպրոցն ունի համակարգչային դասարան, բայց ինտերնետին միայն մեկ համակարգիչ է միացված, իսկ ցանց հնարավոր չէ ստեղծել:
Վ. Բալայանը չի հիշում, թե վերջին անգամ երբ է նշանակալի մշակութային միջոցառում կայացել Դավիթ-Բեկում: Ասում է՝ լուրջ երաժշտական կամ թատերական խմբեր չեն գալիս, իսկ փոքրիկ, տեղական միջոցառումներին անպայման հրավիրում են մարզպետարանի, հարեւանությամբ գործող զինվորական զորամասի ներկայացուցիչներին: Դավիթ-Բեկի աշակերտները կապեր ունեն նաեւ հարեւան գյուղերի աշակերտական խորհուրդների հետ: Ամեն տարի Դավիթ-Բեկի դպրոցը երեխաներին տանում է պատմամշակութային վայրեր՝ Տաթեւ, Գանձասար, Խնձորեսկ եւ այլուր: Դառնալով գյուղին, նշենք, որ այստեղ խղճուկ տների կողքին «ծլել» են նաեւ ժամանակակից տեսքով խանութներ ու անգամ մոդեռն մի սրճարան: